...

Սերժի Հայաստանն ու Նիկոլի Հայաստանը՝ նույն սցենարով

Սերժի Հայաստանն ու Նիկոլի Հայաստանը՝ նույն սցենարով

«Aravot.am»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը ուշագրավ նմանություն է գտել 2011-13 թվականների Հայաստանի և այսօրվա Հայաստանի միջև։ Իր խմբագրականում նա հիշեցրել է, որ 2011-13 թթ․ Հայաստանը վստահորեն գնում էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։ Եվ չնայած դրան՝ շատ հանկարծ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, և, հետևաբար, ԵՄ-ի հետ չի ստորագրի ասոցացման պայմանագիրը: Այդ օրերին «․․․Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ, կարելի է ասել, դասախոսությամբ, որի հիմնական միտքը հետևյալն էր՝ մեր նման պետությունները պարտավոր են անկեղծ լինել բոլոր գործընկերների հետ: Այսինքն, եթե ինչ-որ գործընթաց է տեղի ունենում X բևեռի հետ, ապա Y բևեռն այդ մասին պետք է սպառիչ տեղեկություններ ունենա, և՝ հակառակը: Եթե այդ դիտարկումը ճիշտ էր 2013 թվականին, երբ այդ բևեռներն իրարից հեռու էին, բայց միմյանց դեմ չէին հակամարտում, ապա երիցս ճիշտ է այսօր: Այն, ինչ տեղի է ունեցել ինը տարի առաջ, գուցե և ինչ-որ առումով մոռացվել է: Բայց հուսամ՝ դժվար չէ թարմացնել մարդկանց հիշողությունն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, ներառյալ՝ Ադրբեջանի հերթական հարձակումը»,- եզրակացրել է Արամ Աբրահամյանը՝ նկատելով, որ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամեն ինչ կտրուկ ավարտվել է՝ ներառյալ Հայաստան-Ռուսաստան փոխադարձ մեղադրանքները: «Իսկ հետևությունը կարելի է նույնն անել՝ բոլոր գործընկերների հետ պետք է անկեղծ լինել»,- եզրափակել է Արամ Աբրահամյանը: 

Անկեղծությունն առհասարակ կարևոր արժեք է․ այն հատկապես կարևոր է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կոնտեքստում։ Անգամ «ռեալպոլիտիկ գեյմերի» տեսության շրջանակում ազնվությունը, դիմացինին չխաբելու սկզբունքը գնահատելի է, և ճիշտ հակառակը՝ ոչ ստաբիլ դիրքորոշումներով, փոփոխական վարքով պետություններին ու նրանց առաջնորդներին շատ արագ վերագրում են մարգինալի կարգավիճակ։ Սառեցնում են այդ կարգավիճակով, իսկ հետո այդ պետության համար ամենակարևոր պահին «քթից բերում են»՝ դաս տալով, որ չի կարելի խախտել խաղի կանոնը։ Վերջին հաշվով ճկունությունը, մանևրումը, ճիշտ պահին շահային արժեհամակարգում նյուանսներ ավելացնել-պակասեցնելը որևէ առնչություն չունեն խաբելու կամ տկարամտության հետ։ Այո, միջազգային հարաբերություններն իրենց բնույթով անարխիկ են, և կարողանում են հաղթել-շահել-անվտանգ լինել այն պետությունները, որոնք հաջողացնում են իրենց շահը տեղավորել ուժեղների շահերի սանդղակում։ Հիմա կոնկրետ՝ ամիսներ շարունակ, Հայաստանի իշխանությունը մուննաթ էր գալիս ՌԴ-ի վրա, իրավացիորեն, թե ոչ՝ երկրորդական է, հրապարակավ մեղրամիսային հարաբերություններ էր հռչակում Արևմուտքի հետ՝ ակնկալիքներ առաջացնելով այնտեղի խաղացողների շրջանում, ու մեկ էլ հանկարծ հայտարարում է, թե իր համար ռուսական առաջարկն է ընդունելի։ Հարց է առաջանում՝ Արևմուտքը գիտե՞, տեղյա՞կ է այդ մասին, թե Փաշինյանն էլ Սարգսյանի նման նրանց փորձում է կանգնեցնել տհաճ անակնկալի առաջ։ Ի դեպ՝ Սերժ Սարգսյանին Արևմուտքը չներեց իրեն ստորաբար խաբելու փաստը։ Հեղափոխության ժամանակ այդ ամենը պարզ երևակվեց։ Վստահաբար Փաշինյանին էլ չի ներվելու։ Բայց սա այն դեպքերից է, երբ անձին պատժելուց այն կողմ է խոսակցությունը։ Նման իրավիճակներում պետությանն են պատժում, իսկ անձերն այստեղ շատ անկարևոր ու փոքրիկ դետալներ են։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ