«Սիրելի հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ հայտնելու»,- ՀՀ կառավարության նիստի մեկնարկին գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Չէ, այն ոչ մեր ռազմագերիների կարգավիճակի փոփոխության, ոչ Արցախի, ոչ էլ մեր սահմաններին առնչվող «կարևոր լուրի» մասին է։ Կարևոր լուրը տիեզերքի մասին է։ «Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,- տեղեկացրել է Փաշինյանը՝ մանրամասնելով․ «2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»: Ի՞նչ է սա տալու Հայաստանին, կամ համաշխարհային գիտական ասպարեզում այս քայլը որքանո՞վ է նշանավորելու Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը չի ասել։ Այս պատմության մեջ նրա համար կարևորը «կարևոր լուր» արտահայտությունն է։ Այսքանը։
Իրավիճակը մեզ հիշեցրեց սրանից 11 տարի առաջ Հայաստանում գրանցված մի սկանդալային ու զվարճալի պատմություն։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել, հարգել-պատվել, վերջում էլ լուսանկարվել էր Արթուր Պողոսյան անունով մեկի հետ, որը ներկայացել էր իբրև հայազգի տիեզերագնաց։ Ինքնակոչը կոմպյուտերային ծրագրերով սարքած փաստաթղթերով այն ժամանակվա իշխանություններին համոզել էր, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել և լինելու է առաջին հայ տիեզերագնացը: Պողոսյանին ընդունել էին նաև Սերժ Սարգսյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որոնք քննարկումներ էին անցկացրել հայկական տիեզերագնացության, «NASA»-ն Հայաստան տեղափոխելու հեռանկարների շուրջ: Այն ժամանակ այս սկանդալը շաբաթներ շարունակ մնաց քննարկվող թեմաների թոփ հնգյակի առաջին հորիզոնականներում։ Լավ օրեր էին, Արցախի ու Հայաստանի սահմաններն անվտանգ էին, տղերքը ողջ էին, իսկ տիեզերքը գրավելու հայկական երազանքը սաղմնային փուլում էր։
Գոհար Վեզիրյան