...

Սերժի խաղը, Ռոբի խանդը, Նիկոլի պահը

Սերժի խաղը, Ռոբի խանդը, Նիկոլի պահը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ծավալված իրական ընդդիմադիր շարժումներում Հանրապետական կուսակցությունը ներգրավված է եղել մշտապես և շարունակելու է լինել՝ անկախ այն հանգամանքից, որ վերջին շրջանում քննադատվում է ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից, որոնք դաշտ են նետում իրենց արդեն սպառած՝ «Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է», «Պատերազմը գցեցին Փաշինյանի գրպանը» իրականության հետ որևէ աղերս չունեցող թեզերը։

Գլուխկոտրուկի լավ հուշում է։ Որտեղ չկա ՀՀԿ-ն, ուրեմն՝ այնտեղ չի կարող «իրական ընդդիմադիր» շարժում լինել։ Այսինքն՝ Մամիջանյանը ՀՀԿ-ին հիմա էլ լակմուսի թղթի ֆունկցիա է վերագրում։ Իսկ այս ընթացքում վերոնշյալ երկու թեզերի կողքին երրորդ թեզն է ավելանում։ Բանն այն է, որ ՀՀԿ գործընկեր «Հայաստան» դաշինքում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հենց Փաշինյանի վարկանիշը սկսում է անկում ապրել, Սարգսյանն այնպիսի բան է անում, որ այն արագորեն վերականգնվում է։ Վերհիշում են հայտնի ձայնագրությունը հրապարակելու տված-չկատարած խոստումը, ապա Սաշիկ Սարգսյանի ու նրա որդիների, ինչպես նաև Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի՝ ընդդիմության հանրահավաքների մասնակցությունը։ Կատակում են, որ հենց մարդիկ շատ են լինում հանրահավաքներին, վերոնշյալ անձինք հայտնվում են առաջին շարքերում, ինչից հետո մարդիկ պարզապես լքում են պայքարի հրապարակը։ Հիմա էլ Սարգսյանի անվան հետ զանազան նորահայտ դեմքերի քաղաքական հայտն են կապում։ Ով սկսում է խոսել կամ հանրահավաքներ նախաձեռնելու հայտ ներկայացնել, միանգամից ասում են՝ Սերժի պրոյեկտն է։ Ու վերջ՝ և հայտատուն է քաշվում, և Սարգսյանի անունն է վատով շրջանառվում, և հասարակությունն է հերթական անգամ ձեռքը թափ տալիս ու անցնում առօրյային։ Եվ մինչ ընդդիմադիրները մրցում են, թե ով է ավելի ընդդիմադիր, Փաշինյանը դանդաղ ու հուշիկ քայլերով շարունակում է պնդացնել իր տեղն ու աննախադեպ դերը հայ հասարակության կյանքում։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ