Սեպտեմբերի 12-15-ը կմեկնարկի ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը։ Tert.am-ը զրուցել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու արդյոք ունե՞ն որոշում ԱԺ նիստերին ներկայանալու հետ կապված, թե՞ ոչ։ «Խորհրդարան չգնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ դեռ մայիս ամսին կայացրած որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- այս մասին Tert.am-ին փոխանցել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ ասել է, որ եթե նախորդ որոշումից հետո որևէ իրողություն փոխվի, հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։
ՀՀԿ-ն որոշել է ու վերահաստատում է, որ չի վերադառնալու խորհրդարան։ «Հայաստան» դաշինքը դեռ քննարկում է։ Չնայած, Ռոբերտ Քոչարյանի ազդեցիկ՝ «Գնացեք, վերադարձեք», հորդորը շատերի սրտով է։ Բոլոր դեպքերում այս պահին, եթե դաշինքը որոշի շարունակել աշխատանքները ԱԺ-ում, ապա միայնակ է դա անելու։ Սա, ըստ էության, ճամփաբաժան է։ Որքան էլ երկկողմանի հայտարարվի, որ ընդդիմադիրները միացյալ են, և ով փորձի տարաձայնություններ հրահրել, ուրեմն՝ դավաճան է, մեղմ ասած, լիրիկայի ժանրից է։ Այլևս ակնհայտ է, որ Սարգսյանն այլ ձևով է փորձելու շարունակել պայքարը, Քոչարյանը՝ այլ։ Եվ այս համատեքստում՝ նրանք ստիպված են լինելու ավելի շատ մրցակցել, քան համագործակցել։
Գոհար Վեզիրյան