...

Սերժ Սարգսյանը պլան ունի

Սերժ Սարգսյանը պլան ունի

«Նախօրեի ուշ երեկոյան Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը հանդիպել են և երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։ Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որևէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները»,- տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը:

Մնում է հասկանալ, թե ինչի՞ շուրջ կարող էին «ընդհանուր հայտարարի» գալ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Գուցե միասնական թեկնածուի՞։ Այս պահին որպես այդպիսին շրջանառվում է միայն մեկ անուն, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի մասին է։ Վերջինիս անունը, ի դեպ, շրջանառության մեջ դրվեց բոլորովին այլ շրջանակների կողմից։ Նրանք որևէ առնչություն չունեին ոչ Քոչարյանի, ոչ էլ Սարգսյանի հետ։ Այդ հետո՝ երկրորդ փուլում միացան նրանց կողմնակիցները, ինչն առիթ տվեց Թաթոյանի շուրջ որոշ բամբասանքներ հյուսելու։ Եվ այնուամենայնիվ, նախկիններից բաղկացած քաղաքական վերնախավն ու դրան մոտ կանգնած որոշ շրջանակներ լիահույս են, որ Սարգսյանն ինչ-որ պլան ունի, որը դեռ չի հրապարակայնացնում։ Ասում են, որ նա միշտ էլ կարևոր ու վճռական հրահանգները վերջին պահին է թողնում՝ անակնկալի բերելով հակառակորդներին։ Բոլոր դեպքերում՝ անկախ «ընդհանուր հայտարարի գալու» թեմայից, կարծում ենք՝ շարժման համար ազդակ կլինի, եթե երկուսն էլ բաց տեքստով և ազնվորեն հայտարարեն, որ հաջողության դեպքում իրենք չեն հավակնելու որևէ պաշտոնի։ Սա արդեն առաջարկվել է նրանց։ Մերժել են՝ ամեն մեկն իր պատճառները ունենալով։ Հիմա շանս չունեն, պետք է բարձրաձայն ասեն՝ մեկընդմիշտ փակելով նախկինների վերադարձի թեզը։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ