...

ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանին լավ են ճանաչում

ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանին լավ են ճանաչում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Միջոցառման շրջանակներում վարչապետը ահագին հետաքրքիր մտքեր է հայտնել։ Վերջինս մասնավորապես հայտարարել է. «...Այս թեման շատ է քննարկվել և համոզված եմ, դեռ շատ կքննարկվի, անգամ հարյուրամյակներ - երբ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի և կարող էր լուծվել այսպես: Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ։ Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով: Մենք ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում»։ Վերջինս նաև ընդգծել է. «Մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»։

Ինչպես մնացած դեպքերում, այնպես էլ այս դրվագում Փաշինյանը դիմում է պարզ մանիպուլյացիայի։ Ինչո՞ւ, որովհետև այսօր ոչ քաղաքական շրջանակները, ոչ էլ հասարակությունը, այսինքն՝ ներսինները, տեղյակ չեն, թե դրսում ինչ է բանակցում Փաշինյանը։ Այդպես ներսիններին 44 օր խաբեցին ու կերակրեցին «Բիզիմդիր» օպերացիաներով, մինչդեռ դրսում պատրաստվում էր պայմանագիր, որի բովանդակությունն առ այսօր էլ մինչև վերջ մեկնաբանված չէ։ Դեռ չգիտենք, թե ինչ կետեր ու մեկնաբանություններ են ավելանալու այդ պայմանագրում, իսկ սա չկոչել թակարդ, առնվազն մեծահոգություն կլինի։ Ստացվում է, որ երկակի ստանդարտիզացիայի իմաստով, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի զիջում նախորդներին, այլև գերազանցում է նրանց։ Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ազնիվ ձևանալու հանրային մղումներ չէին ցուցաբերում, մինչդեռ Փաշինյանը կրկնում է նրանց՝ միաժամանակ հավակնելով երևալ ամենաազնիվը նրանց ֆոնին։ Այնպես որ Փաշինյանը կարող է հանգիստ հոխորտալ ԱԱԾ-ականների միջավայրում։ Նրանք անգիր գիտեն իրենց ազդեցության գործակալների վարքը, մտքերն ու երևակայության սահմանները։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ