«Մեր բացթողումն է, որ primeminister.am կայքում Փաշինյանի չսափրված դեմքն է, բայց չենք հարմարվելու»,- հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Չհարմարվելու տարբերակները, իհարկե, շատ են։ Օրինակ՝ կարելի է Փաշինյանին ստիպել սափրվել, կարելի է հաքերներ վարձել, ջարդել այդ կայքը և «ֆոտոշոփով» ջնջել նկարի թրաշը, կարելի է դիմել Ալիևին և խնդրել, որ նա՛ այդպիսի պահանջ ներկայացնի Նիկոլին (վստահաբար՝ 5 րոպե անց «շուշաթրաշն» ապահովված կլինի), և այլն։
Բայց ուրիշ տարբերակ է՛լ կար։ Չմոռանանք, որ այդ կայքում «Փաշինյանի չսափրված դեմքն է» 2021 թ․ ընտրությունների արդյունքում, իսկ այդ ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահը շատ կոնկրետ առաջարկ էր ներկայացրել երկրորդ և երրորդ նախագահներին՝ թե ինչ անեն, որ կայքում Նիկոլի դեմքը չլինի։ Եվ ինչպե՞ս արձագանքեցին երկրորդ և երրորդ նախագահները։ Ճիշտ է, մերժեցին։ Որովհետև երկուսն էլ հույս ունեին իրե՛նց դեմքը տեսնել այդ կայքում։ Ու երբ այսօր պրն Մամիջանյանը դա համարում է «իրենց բացթողումը», ուրեմն պիտի նաև ճշտի, թե հատկապես ո՞ր դրվագը նկատի ունի։