Օգոստոսի 10-ին «Միքայել Մինասյանին չեն հետախուզում. նրան չեն կալանավորի» հրապարակման ներքո մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է դադարեցնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետախուզումը, ինչպես նաև հրաժարվել վերջինիս կալանավորելու մտահղացումից և սկսված իրավական գործընթացից։ Տեղեկացրել էինք, որ Միքայել Մինասյանն ազատորեն շրջագայում է աշխարհով մեկ, ազատորեն տեղաշարժվելուց բացի լուծել է նաև իր բոլոր խնդիրները Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հրապարակ» թերթը այս հրապարակման առիթով հարցում է արել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Այնտեղից թերթի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտնել են, թե հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց նա այլևս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ «Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել: Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաև «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից` այս քայլի դիմաց», հավելել է «Հրապարակ»-ը:
Եթե առաջ լիներ՝ այս ինֆորմացիան բավականին մեծ դժգոհություն կառաջացներ հասարակական տարբեր շերտերի մոտ։ Իսկ հիմա որևէ էմոցիա նման կարգի լուրերը չեն առաջացնում։ Մի տեսակ բնական են դարձել նմանատիպ պարզաբանումները։ Վաղ թե ուշ բոլորն էլ որոշակի «փրկագին» են վճարելու և գնան իրենց բանուգործին։ Իշխանությունն այլևս վարկաբեկվելու տեղ չունի, «փրկագին» վճարողները՝ առավել ևս։ Փաշինյանը քյաբաբ առ քյաբաբ «ստանում է», Մինասյանն էլ «հեղափոխական բորշն» է վայելում։
Գոհար Վեզիրյան