...

Միքայել Մինասյանին չեն հետախուզում. նրան չեն կալանավորի

Միքայել Մինասյանին չեն հետախուզում. նրան չեն կալանավորի

«ՉԻ» տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է դադարեցնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետախուզումը, ինչպես նաև հրաժարվել վերջինիս կալանավորելու մտահղացումից և սկսված իրավական գործընթացից։ Այս օրերին Միքայել Մինասյանը ազատորեն շրջագայում է աշխարհով մեկ, ազատորեն տեղաշարժվելուց բացի լուծել է նաև իր բոլոր խնդիրները Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի խոսքով պրոբլեմ չունեցող հին տղան է դարձել, դեռ մի բան էլ բյուրեղապակյա մաքրություն է ձեռք բերել այն պարզ պատճառով, որ երբ ուզի, կարող է փաստարկել, որ հարուցված գործերը փուչիկ են եղել, իսկ ինքը մաքուր է եղել։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ․ ապրիլին ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա հարուցվեցին քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը մանրամասն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ 2017-2018թթ. ընթացքում Մինասյանը մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: 2020թ․ նաև որոշում կայացվեց Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, միջնորդություն ներկայացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 

Մայիսին արդեն դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Մինչ այդ, սակայն, արդեն հետախուզվող Մինասյանը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել։ Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսան նաև նշել էր, թե ինքը մերժել է իշխանությունների այս առաջարկը։ 

Մինչ այս օրը Միքայել Մինասյանի մասին տեղեկություններ են հաղորդել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը հայտարարել էր, թե Միքայել Մինասյանը թաքնվում է Մոսկվայի արվարձաններում՝ ինչ-որ «պադվալներում»։ Դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ Մինասյանը Վատիկանի «պադվալներում» է թաքնվում։ Չկա «պադվալ», չկա հանցանք, չկա հետախուզում, չկա կալանավորման վտանգ։ Պայմանավորվածությունն աշխատել է, իսկ խաղը շարունակվում է։  

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ