...

Միշիկը լավ է, Աննա Վարդապետյանին բարևում էր

Միշիկը լավ է, Աննա Վարդապետյանին բարևում էր

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված գրավոր հարցադրումները, որոնք վերաբերում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Ինտերպոլի կողմից հայտարարված միջազգային հետախուզման դադարեցմանը։ Ի թիվս այլ հարցերի՝ մեր գործընկերը հետաքրքրվել է՝ ի վերջո դատախազության համար պա՞րզ է, թե ինչու է Ինտերպոլը դադարեցրել Մինասյանի հետախուզումը, կամ Գլխավոր դատախազությունը Ինտերպոլից այս հարցով պարզաբանումներ ստացե՞լ է, թե՞ ոչ։ Այս և ուշագրավ այլ հարցադրումներին դատախազությունը պատասխանել է շատ հակիրճ՝ «Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը պարունակում է նախաքննական գաղտնիք, ուստի չենք կարող տրամադրել»։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մեղադրվում է կամ արդեն անցյալ ժամանակով՝ մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Երբ 2022 թ․ պաշտոնապես հաստատվեցին հունիսից շրջանառվող լուրերն այն մասին, թե Մինասյանի հետախուզումը դադարեցված է, Վարդապետյանը խոստացավ, որ մոտ ապագայում մանրամասներ կհայտնի այդ գործից։ Ենթադրվում էր, որ որոշ ժամանակ անց դարձյալ կհայտարարեն, թե հետախուզումը «վերականգնվել» է՝ հպարտանալով, որ ահա հենց սա էլ մեր ասիմետրիկ պատասխանի օրինակն է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Բայց սրա համար դեռ շուտ է, դեռ նախաքննական գաղտնիք է, ու երևի այդպես էլ մնա նախաքննական գաղտնիքի տիրույթում։ 

Անկեղծ ասած, այս իրավիճակում այս հարցն արդեն որևէ մեկին չի էլ հուզում, որովհետև ակնկալվող արդարադատության համար համապատասխան որակներով իշխանություն է պետք։ Այն մենք չունենք։ Արդարության (չշփոթել վրեժի կամ «աբիժնիկության» հետ) և դրա վերականգնման հանրային պահանջն ու ընկալումն էլ առաջվանը չէ։ Միքայել Մինասյանի, Միհրան Պողոսյանի, Գևորգ Կոստանյանի, Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Ռուբեն Հայրապետյանի և մնացած «հետախուզվողների» քեյսերը կարող են փակվել-բացվել կամ բացվել-փակվել, բայց դա բոլոր իմաստներով առաջվա ռեզոնանսը չի ունենալու։

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ