ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ապագա դատախազ Աննա Վարդապետյանին պատգամել է՝ «պարտավոր եք լինել համառ՝ աշխարհում ապրած երբեմն ամենահամառ մարդը, ամենահամառ մարդը չարի դեմ պայքարում»։ «Այդ չարը միշտ ապրում է»,- նկատել է Ալեքսանյանը՝ հավելելով․ «Այդ չարի ներկայացուցիչների ժանիքները միշտ սուր են և դուք եք, որ պիտի խառտեք ու տափակեցնեք այդ ժանիքները»։
Փաստորեն նոր դատախազ, նոր պատերազմ։ Կամ էլ ՔՊ-ն որոշել է կրկին փորձել «խառտել չարի ներկայացուցիչների ժանիքները»։ Պողպատե մանգաղը չօգնեց, հիմա պողպատե խարտոցը փորձելու ժամանակն է։ Ի դեպ, քաղաքական շրջանակներն էլ չեն բացառում, որ հնարավոր է նախկինների դեմ քրեական գործերի հարուցման ու դատավարությունների նոր էտապ սկսվի։ Հնարավոր է լրիվ այլ սցենար՝ բումերանգի էֆեկտով։ Ներկաները հայտնվեն նախկինների կարգավիճակում, իսկ դատախազը մնա իր տեղում։ Այդպես մի անգամ եղավ Արթուր Դավթյանի օրինակով։ Եվ մեկ էլ՝ չարի ու բարու պատկերացումները մեր օրերում խիստ փոփոխական են։ Երեկվա մերժվածներն այսօր պակաս հանցավոր են, քան երեկվա՝ ձեռքերի վրա բերված ֆավորիտները։ Եթե երեկվա մերժվածների ապագան հստակ է՝ իշխանության չեն գալու, ապա ֆավորիտների ապագան խիստ մշուշոտ է։ Անգամ վտանգավոր է մտածել, թե ինչ է լինելու նրանց հետ։
Գոհար Վեզիրյան