...

Ամենավտանգավորը առջևո՞ւմ է

Ամենավտանգավորը առջևո՞ւմ է

Ազգային ժողովում տունտունիկ են խաղում։ Ընդդիմադիրները՝ Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ, Արցախի դրոշն են դնում ամբիոնին, իշխանական պատգամավորները՝ ի դեմս Վահագն Ալեքսանյանի, այդ դրոշը հեռացնում են ամբիոնից։ Ընդդիմադիրներն ասում են՝ չենք մասնակցելու նիստերին, գնում ենք Արցախ՝ այնտեղի քաղաքացիներին պաշտպանելու, իշխանականներն ասում են՝ «նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին» (ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյան)։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է, թե էս երկու օրը սպասեք՝ նորություն է լինելու Արցախի թեմայով։ Տպավորություն է, թե գժանոցի դռները բացվել են, և այնտեղից դուրս եկածները հայտնվել են արենայում ու հիմա բեմադրում են իրենց երևակայական խաղերը։ Ու մեկը չկա, որ սրանց հանգստացնի։ Անելանելի վիճակ է։ Աղմուկ է։ Ամեն մեկը համոզված է իր ճշմարտության մեջ, ամեն մեկին թվում է, թե ինքն է փրկության առագաստը։ Չկա այն ռացիոնալ խարիսխը, որից կկառչի տունտունիկից հոգնած, պատերազմից բզկտված, անորոշությունից թևաթափ եղած մեր հասարակությունը։ Լսե՞լ են այս պարոնները, թե ինչքան խորը թքած ունեն այս ամենի վրա մեր քաղաքացիները։ 

Չկասկածեք, որ եթե դրսում վաղը հարցում լինի ընդդիմադիրների Արցախ մեկնելու մասին, ինչպես վիրտուալ հարթակում, այնպես էլ իրական կյանքում մարդիկ կասեն, թե «պիկնիկի սեզոնը» բացվել է, գնում են ցրվելով «աշխատեն» բնության գրկում։ Մի մասն էլ, եթե աստված չանի, կրակոց կամ սադրանք լինի, պիտի ասի՝ իշխանությունը ճիշտ էր, իրենք գնացին ու սադրեցին։ Իրականում ոչ ոք չի ուզում աշխատել, բոլորն ուզում են բոցաշունչ ճառերով հայրենասիրություն խաղալ, մինչդեռ այսօր պետք է աշխատել օրնիբուն՝ խոսել հասարակության հետ, մտավոր ուժերին ինտեգրել ստեղծված իրավիճակի հաղթահարման՝ գոնե մարտավարական խնդիրների լուծման ճանապարհին։ Ի՞նչն է խանգարում հանրագումարի բերել հնարավոր բոլոր տարբերակները, սցենարներ մշակել, թե դրանց իրականացման կամ չիրականացման դեպքում ո՞րն է լինելու իշխանության, ընդդիմության, հասարակության անելիքը։ Վերջապես որտե՞ղ են հատվում այդ երեքը, այդ երեքի ընդհանուր շահը։ «Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: Իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունները»,- վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին նշել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խայտառակը առավել քան ապացուցելի է։ Ամենավտանգավորը առջևում է։ Ամենաշատն այս պահին ուզում եմ, որ նախագահը սխալված լինի։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ