Ինքը 16-րդ անգամ է առաջադրվում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս անգամ ավելի հիմնավոր է պատրաստվել: Քոչարյանն իր համար ԺԵԿ-ից տեղեկանք է հանել ու տվել՝ ունեցվածքի վերաբերյալ, Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանն արդեն Սահմանադրական դատարան դիմելու հիմքերն են պատրաստում, եթե նորից չընտրվի այդ պաշտոնում:
Նիստը սկսվում է, ու իրեն ներկայացնելու համար խոսք է վերցնում Իշխան Սաղաթելյանը. «Արթուր Ղազինյանը շատ լավ մարդ է: Հարուստ փորձ ունի: Նա երկար տարիներ Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի պաշտպանության ու ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է եղել: Նախագահը, դե, գիտեք, ով է եղել: Իմ պես անցել է գիտության բոլոր աստիճաններով, որպես հայրենասեր, գերադասել է գիտությամբ ծառայել հայրենիքին, այլ ոչ թե զինապարտությամբ»:
«Հարցեր կա՞ն: Հերթագրում. տզզզ»,- ասում է Ալեն Սիմոնյանը:
«Եթե դուք միշտ ԵՊՀ-ում եք աշխատել, որտեղի՞ց ձեզ 800 հազար դոլար, արա´»,- հարցնում է Հայկ Սարգսյանը:
«Էդ ո՞ւմ ասիր արա, արա´»,- զայրանում է ինքն ու «Բջնիի» շիշը վերցնում:
«Մի րոպե, տեղը դիր էդ շիշը,- ձայն է տալիս Արմեն Գևորգյանը,- իշխանության ջրաղացին ջուր մի լցրու: «Ջերմուկի» շիշը վերցրու»:
«Հա՜»,- ջոկում է ինքը, «Ջերմուկի» շիշը վերցնում ու Սեյրան Օհանյանի նավոդկայով շպրտում Հայկ Սարգսյանի վրա: Բայց վրիպում է, շիշը գնում, ու կպնում է Ռուբեն Ռուբինյանի դոշին, մայկի «Դուխո´վ» գրությունը լղոզում:
«Հոպ, արա, էս ի՞նչ ես անում»,- արձագանքում է Ռուբինյանը, «արի ստեղ հլը», ասում է Վահագն Ալեքսանյանը, «կայնի, գալիս եմ», վրա է բերում Վահե Հակոբյանը... գըմփ, բշշ, գըմփ, «ո՞վ ես դու», «այ կապիկուլյանտ», «այ կաշառակեր», «ձեռդ հլը», «ոտդ քաշի քեզ».... կաշը սկսվում է, պատգամավորներն իրար են հագնում, տուրուդմփոց, մեկ էլ դահլիճի առաստաղը բացվում է, վերևից պարաններով իջնում են ԱԱԾ սպեցնազի էլիտար ջոկատի սպեցնազավորները, որոնք անմիջապես պատգամավորներին բաժանում են, որից հետո սկսում են խմբակցությունների դելիմիտիզացիայի, դեմարկացիայի և սահմանազատման գործընթացը:
Սահմանազատումն ավարտում են, խմբակցությունների միջև բլոկ-պոստեր են տեղադրում, «ՔՊ-«Հայաստան»-Սպեցնազ» եռակողմ համաձայնագիր է կնքվում, որով սպեցնազի զորքերին 5 տարվա մանդատ են տալիս, որ ապահովի խորհրդարանի անվտանգությունը:
«Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով խորհրդարանի լարված իրավիճակն ու անկայունությունը, այսուհետ արգելվում է նկարահանումներ և տեսանկարահանումներ կատարել ԱԺ խմբակցությունների սահմանակից հատվածներում»,- հայտարարում է Ալեն Սիմոնյանը:
Եռակողմ պայմանագրի համաձայն, «Հայաստան» դաշինքը խորհրդարան մտնելու համար առանձին միջանցք է ստանում: Ինքն այդ միջանցքով ներս է մտնում խորհրդարանի դահլիճ, առաջին բլոկ-պոստում ստուգում են իր վկայականը, ձեռքից առգրավում բոլոր սուր-կտրող շշերը, որից հետո նրան ուղեկցում են իր տեղը:
«Բայց չասի´ր, որտեղի՞ց քեզ էդ փողը, այ ղա...»,- Հայկ Սարգսյանը չի հասցնում ավարտել խոսքը, ինքը թքահերթ է արձակում Հայկի ուղղությամբ, Վահագն Ալեքսանյանը տեղից վեր է կենում, գըմփ-փշշշ, թրախկ... խաղաղապահ սպեցնազը գործի է անցնում ու իրեն պառկեցնում խորհրդարանի ասֆալտին...
Արթնանում է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի կաբինետում: