Ինքը հաղթել է պատերազմում, և այժմ Հրապարակում տոնական զորահանդես է լինելու: Ինքը կանգնած է պատվո բունկերի վրա: Վերևը մեծ պաստառ է խփած, վրան գրված՝ #Հաղթել ենք: Հրապարակի մի անկյունում ասֆալտին փռված են հակառակորդի ռազմավարները: Ինքը բացման խոսքով է հանդես գալիս. «Հայաստանի հպա՜րտ, հզո՜ր, Հայկ Նահապետի ու Վարդան Մամիկոնյանի արժանի սերունդ: Այսօ՜ր, ամբողջ աշխարհը հիանում է մեզանով: Մենք ցույց տվեցինք, թե ինչի է ընդունակ հայի բազուկը, որը տրորեց նենգ ոսոխին: Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով»:
Շքերթը սկսվում է: Խորհրդային ծյոծյայի ձայնով վարողը ռուպռով ներկայացնում է. «Հրապարակ են մտնում «Մոխրագույն թավիշ» հատուկ նշանակության ջոկատի պանծալի ռազմիկները՝ ԱԺ գլխավոր կորպուսի հրամանատար Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Ջոկատը պատերազմում կերտեց ամենափառահեղ հաղթանակներից մեկը՝ իրականացնելով Սպարապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրած օպերացիան, որի շնորհիվ թշնամին հետ շպրտվեց մինչև Քուռ-Արաքսյան հովիտ: Փա՜ռք Նիկոլ Փաշինյանին»:
«Գըմփ-դըմփ-բու՜»,- ինչ-որ տեղ լսվում են 80-ականների հրանոթների հրետանային զարկերը:
«Շքերթը շարունակվում է: Հրապարակի երկնքում է հայտնվում Սու-35MP3 կործանիչների էսկադրիլյան: Մեր հայոց արծիվ-օդաչուները Սպարապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ հօդս ցնդեցրին Գյանջայի օդանավակայանի VIP սրահը, Մինգեչաուրի ջրամբարի անցակետն ու Բաքու-Ջեյհան նավթամուղի պարեկապահակային ծառայության ուղեկալը: Փա՜ռք Նիկոլ Փաշինյանին»:
Կործանիչները երկնքում գույնզգույն ծուխ են բաց թողնում, DJ Edo-ն դրանք ռեգուլիրովկա է անում, ու ծուխը վերածվում է տառերի՝ #դուխով:
«Շարունակում ենք մեր հաղթական շքերթը: Հրապարակ է մտնում Ռոբերտ Քոչարյանը: Նրա ղեկավարած ջոկատը մեկնում է Հյուս. Պողոտա՝ «Ջերմուկի» շշեր հավաքելու: Փա՜ռք Սպարապետ Նիկոլ Փաշինյանին»:
Այդ պահին Արթուր Ղազինյանը փորձում է մոտենալ իրեն և ինչ-որ դիմում-նամակ փոխանցել: «Արա´, քեզ արդեն վեց անգամ ասացինք, որ դիմումդ մերժվելու է, չես հասկանո՞ւմ»,- վրան գոռում է իր թիկնազորի պետ, գեներալ-գնդապետ Վահագն Ալեքսանյանն ու մի հատ քացով խփում է Ղազինյանի քամակին (պատժվում է ՀՀ քրեական նոր օրենսգրքով):
Ղազինյանի ձեռ ու ոտից բռնած, տանում, գցում են ռազմավարի պուրակ:
«Շքերթը շարունակում ենք, Հրապարակ են մտնում հայկական դռոնները: Մեր 7-րդ սերնդի դռոնները պատերազմի ժամանակ ոչ մի վայրկյան հանգիստ չեն տվել ուխտադրուժ թշնամուն, իրենց աղմուկով քնահարամ են արել բաշիբոզուկներին և Սպարապետ Նիկոլ Փաշինյանի գծագրած օպերացիայի շնորհիվ «Էռատո Մամազոտո» գաղտնի ջոկատը գյավուրլամիշ (պարունակում է պետական գաղտնիք) է արել»:
Այդ պահին ԱԺ կորպուսի հրամանատար Ալեն Սիմոնյանը դռոններին նայելով, բացականչում է. «Բայց մի րոպե, էն մի դռոնը ոնց որ թե լրագրողական է, հլը հեղափոխությունից եմ հիշում դրան»:
Անմիջապես մարտական ամենաբարձր մակարդակի տագնապ է հայտարարվում, Վահագն Ալեքսանյանի գումարտակը լրագրողների ձեռքից սկսում է խլել ձայնագրիչները, տեսախցիկները, բջջային հեռախոսները, Հրապարակ են մտնում սպեցնազի սև բերետավորները, օդում հայտնվում են F12-AltShift ռմբակոծիչները, իսկ ախրաննիկները իրեն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պառկեցնում են ասֆալտին:
Արթնանում է դժգույն ամառանոցում: