...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ինչպես միշտ՝ առավոտյան աչքերը բացում է մեծ դժվարությամբ ու ծանր գլխացավով։ Սովորության համաձայն՝ մի կերպ ձեռքը տանում է զանգի կոճակին, որ թիկնապահները գան ու ստուգեն մահճակալի տակը, որից հետո ինքը հանգիստ ոտներն իջեցնի ու հագնի «Emporio Armani» չստիկները, բայց այս անգամ թիկնազորը, չգիտես ինչու, ուշանում է․․․ «Սաղին ծեփելու եմ պատերին», մտածում է ինքը ու մի հինգ րոպե սպասելուց հետո այնուամենայնիվ համարձակվում ինքնուրույն հագնել չստիկները, բայց ահավոր լարումից գլուխն ավելի է ցավում։ Ձեռքը մեկնում է սեղանին․․․ այ քեզ բան, ոչ բաժակը կա, ոչ վրայի թթու վարունգը։ Նույն պահին էլ ուրախությամբ նկատում է, որ գրաֆինկայի տակ մի քիչ մնացել է։ Բարձի տակից հանում է պահեստային բաժակը, դողացող ձեռքով լցնում, բայց՝ փուստ․ եղած-չեղածը լցվում է սեղանին․․․

«Կա-չկա՝ երկրում իրավիճակ ա փոխվել», մշուշված ուղեղով մի կերպ մտքերն ի մի է բերում, կանչում «Ա՛ննա», բայց՝ ոչ մի արձագանք։ Միացնում է հեռուստացույցը․․․ Հ1-ով Պետրոս Ղազարյանի հարցազրույցն է«Ձե՛րդ Սրբություն, օ՛ Սրբազնագույն Սրբազան, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց ազատվել Նեռից, որի դեմ վեց տարի շարունակ ապարդյուն պայքարում էինք բոլորս․․․»։ Անմիջապես ալիքը փոխում է, բայց այնտեղ էլ Ալեն Սիմոնյանն է խոսում՝ «Ես ի սկզբանե ասում էի, որ Աղդամը մեր հայրենիքն է, և պատրաստ էի թքել ցանկացածի երեսին, ով հակառակը կպնդեր, մի անգամ նույնիսկ քիչ էր մնում դրա համար պաշտոնանկ արվեի, իսկ եղբորս կինը Նեռի օրոք քաղբանտարկյալ էր․․․»։

Հեռուստացույցի պուլտը մի կողմ է շպրտում ու դուրս վազում․․․ Ոչ մի թիկնապահ չկա, ու պարիսպներից այն կողմ հազարավոր մարդիկ ինչ-որ բաներ են գոռգոռում։ Գրպանից հանում է հեռախոսն ու տենդագին ինչ-որ կոճակներ սեղմում․ «Լադիմիր Լադիմիրովիչ, էտը յա՛, Նիկոլ Վովա՛յևիչ, յա բոլշե նե բուդու․․․ յա իմ սկազալ եվրայոնջա․․․», «Միստր Բայդեն, դիս իզ Նիկոլ, ֆրոմ դեմոկրատիկ բաստիոն, այ ամ գուդ ֆրենդ․․․»։ Բայց ոչ ոք չի պատասխանում։ Վազելով մոտենում է պարսպին, որի վրա, չգիտես որտեղից, հայտնվել է «գնդակահարության պատ» ցուցանակը, ու փորձում վրայով ցատկել, բայց պատի վրա փշալարեր են։ «Էս ո՞ր հայվանն ա հրամայել ստեղ փշալար քաշել», մտքում հայհոյում է ինքը ու հանկարծ հիշում, որ հենց ինքն էլ հրամայել է։ Ինչ արած, պիտի փշալարի վրայով անցնի, բայց թարսի պես՝ մոտը մանիկյուր չկա, որ վիրակապի վրա սրտիկ նկարեն․․․

Արագ-արագ զանգում է Արարատ Միրզոյանին, որ գոնե մի խորհուրդ հարցնի՝ ճիշտը գետնին ընկած վիճակում ծնկները ծալելն ա՞, թե՞ ձեռքերով գլուխը փակելը, էն էլ՝ Արոն հեռախոսը չի վերցնում։ Այդ պահին նկատում է, որ դարպասները տապալվում են, ու մի քանի հարյուր հոգի մահակներով վազում են իր ուղղությամբ, իսկ առջևում Վահագն Ալեքսանյանն է՝ ԲՀԿ-ի մայկայով․․․

Արթնանում է բունկերում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ