...

ՀՀ ԱԽ գաղտնի նիստը՝ Փելոսիի այցից առաջ

ՀՀ ԱԽ գաղտնի նիստը՝ Փելոսիի այցից առաջ

Պարզվում է՝ Նենսի Փելոսիի այցից առաջ ՀՀ Անվտանգության խորհուրդը գաղտնի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել են ոչ միայն բարձրաստիճան հյուրի այցի հետ կապված արարողակարգային միջոցառումները, այլև Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակին առնչվող խնդիրներ։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված այդ նիստի սղագրությունից, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Ն․ Փ․- Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Ալե՛ն, դու է՛լ նստի։ Նախ քննարկենք․․․ Պրն Խաչատրյան, սելֆի անելու ժամանակ չի, համ էլ՝ ես հո Անգլիայի թագուհի՞ն չեմ, որ իմ ֆոնին սելֆի ես անում, դո՛ւ ես անգլիական թագուհի, փոխանակ ուրիշները քո ֆոնին սելֆի անեն․․․ Լավ, ի՞նչ էի ասում։ Փելոսիի այցի կազմակերպչական հարցերով ո՞վ ա զբաղվում։ 

Ալեն Սիմոնյան - Մեծարգո պրն վարչապետ, ԱԺ աշխատակազմի ղեկավարը․․․ 

Ն․Փ․ - Էդ ո՞վ ա, էն որ Փարաքարում մեբելի խանութ ունի՞։ Եթե ՀԴՄ կտրոններ տալիս ա՝ դեմ չեմ, թող ինքը կազմակերպի։ Իսկ ո՞նց ա, Գառնի-Գեղարդ տանում ե՞ք։ Եթե քյալլա ուտելու տանեք՝ ինձ է՛լ կասեք։ Ի դեպ՝ էդ տիկնոջ այցի նպատակը ո՞րն ա։ Տիկին Մակունց, ճիշտ եմ, չէ՞, հիշում, անգլերեն «Հիմարս»-ը հիմար բառի հոգնակին ա, այսինքն ամերիկացիները Ուկրաինայում հարցեր են լուծում բազմաթիվ հիմարներով, իսկ Հայաստանում հույս ունեն ընդամենը մի հիմարի միջոցով առաջ տանել իրենց շահերը․․․ 

Լիլիթ Մակունց - Մեծարգո պրն վարչապետ, քանի որ մշակույթն իմ մեջ է, որոշել ենք տիկին Փելոսիին ցույց տալ Խանջյանի կտավը։ Դա շատ թափանցիկ ուղերձ կլինի, որովհետև այդտեղ ԱՄՆ ռազմավարական հակառակորդները պայքարում են միմյանց դեմ։ Մի կողմում պարսիկներն են, մյուս կողմում՝ Վարդան Մամիկոնյանը, որը Ճենաց աշխարհից էր, այսինքն՝ Չինաստանից․․․ 

Ն․ Փ․ - Էլ մի՛ խորացի, ինչքան գիտեմ՝ Խանջյանի վրա կարգին օբյեկտ չկա, ուրիշ բան մտածեք։ Պրն Միրզոյան, ինչքան գիտեմ՝ Դուք էլ Նյու-Յորք եք, չէ՞, գնում։ Ուրեմն՝ կպահանջես, որ ադրբեջանական զորքերն անմիջապես դուրս բերվեն ՀՀ տարածքից։ Բայց անպայման խիստ դեմքով կպահանջես։ Արի փորձենք։ Ջղայնացի․․․ Մի ունքդ վերև բարձրացրու․․․ Չէ, չեղավ։ Արո՛, պատկերացրու՝ «կասյակը» լցրել ես, լուցկու վերջին հատիկով ուզում ես վառես, ու քամին հանգցնում ա․․․ Այ տղա, չե՛մ ասում դեպրեսիայի մեջ ընկի, ասում եմ ջղայնացի՛։ Լավ ա։ Ուրիշ ի՞նչ հարցեր կան օրակարգում։ 

Ալեն Սիմոնյան- Մեծարգո պրն վարչապետ․․․ 

Ն․Փ․- Այ տղա, դու հլը ոտի վրա ե՞ս։ Ասա։ Էս ի՞նչ 822 միլիոն դրամ ես դուրս գրել։

Ա․Ս․- Դե, պրն վարչապետ, ծաղկեփունջ ա, բան ա, տիկնոջը սուրճ պիտի հյուրասիրենք․․․ Համ էլ՝ խուճապ տարածելու գործն էլ էիք, չէ՞, ինձ հանձնարարել․․․ 

Ցավոք՝ սղագրությունն այստեղ ընդհատվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ