Վերջերս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատեց ՀՀ իշխանությունների՝ վիրավորանք ու հայհոյանք եզրույթների մեկնաբանման և քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված քաղաքականությունը:
«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասել է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում:
«ՉԻ». Կասկած չունենք՝ շուտով Հայաստանի իշխանությունները և մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաները արժանի պատասխան կտան այդ կազմակերպությանը:
Իսկ մենք կանխատեսենք, թե ով և ինչպես կարձագանքի:
Նիկոլ Փաշինյան. «Եվրայոնջաները մարգինալ խումբ են: Այլևս չլսեմ, թե դրանք խանգարում են մեզ հայհոյողներին ձերբակալելուն: Բոլորին, այդ թվում՝ եվրոպացիներին, ձերբակալեք և կալանավորեք»:
Ալեն Սիմոնյան. «Չափը անցնում եք, պարոն Բեհրենդտ: Ես ձեզ նախազգուշացում եմ հայտարարում և մեկ ամսով զրկում Հայաստանի վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից»:
Վահագն Ալեքսանյան. «Սա հստակ մեդիատեռոր է Հայաստանի հանդեպ: Միշտ էլ Freedom House-ը քննադատել է Հայաստանին: Սա նոր բան չէ»:
Հայկ Կոնջորյան. «Freedom House-ը հետընթաց է ապրում: «Մտահոգել» տերմինը մեր վերաբերյալ մեկ էլ Հանրապետականն էր օգտագործում»:
Հայկ Սարգսյան. «Դավաճան են բոլոր այն միջազգային կառույցները, որոնք երբևէ կքննադատեն մեր իշխանությանը»: