...

Արդեն ծիծաղում են

Արդեն ծիծաղում են

«Հայաստան» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան։ Այդ մասին այսօր հայտարարել է դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով հայտարարության տեքստը։ ԱԺ նիստի մեկնարկին հենց նա ընթերցեց «Հայաստան» խմբակցության հայտարարությունը: «Մենք այստեղ ենք, և Դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ»․ պատգամավորի հենց առաջին իսկ նախադասությունը հանդիպեց իշխանության բուռն արձագանքին՝ լիաթոք ծիծաղի տեսքով։ Ծիծաղից առաջացած ֆոնային աղմուկը չխանգարեց, որ Վարդանյանը ավարտի կարճ տեքստը․ «Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում դադար է՝ ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը»,- հավելեց նա՝ արձանագրելով․ «Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն։ Ապագա չունի մեր ժողովուրդը։ Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքը անշրջելի դառնա»։ «Լռություն դահլիճում»,- բղավեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ փորձելով սանձել կուսակիցների բարձրաձայն քրքիջը։

Տարօրինակ կերպով, ծիծաղողների մեջ նաև այնպիսիներն էին, որոնք քիչ թե շատ ադեկվատ վարքագիծ են ցուցաբերել այս ընթացքում։ Եթե նրանք էլ են սկսել անկապ բաների վրա ծիծաղել, ուրեմն վարակվել են կուսակիցներից։ Անհապաղ բուժում է հարկավոր։ Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության որոշմանը, ապա լրիվ հասկանալի է՝ առջևում ձմեռ է, իսկ ձմեռը փողոցային պայքարի լուրջ խոչընդոտ է։ Ցուրտ է ու թաց։ Երկրորդ՝ հասարակության այն կոնկրետ շերտերը, որոնք սպասելիքներ ունեին այս ընդդիմությունից, հիմա արդեն չունեն, ուստի իրարից պարտք-պահանջի հարց էլ չկա։ Ամեն ինչ ազնիվ է։ Բա Հայաստանի ու Արցախի ապագա՞ն։ Էսպես թե էնպես՝ ապագայի հարցում դեռ մի որոշ ժամանակ էլ սպասելիք չենք ունենալու։ Ամեն մարդ իր գլուխն է քորելու՝ համապատասխան գործիքակազմով։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ