...

Քոքից մաշեցրեք իրար

Քոքից մաշեցրեք իրար

«Պատրանք է ստեղծվում, թե իբր այս աջ կողմում նստած հայտնի հերոսի ջատագովները և կամակատարները (սա քաղաքական գնահատական է) հանկարծ որոշել են լծվել խորհրդարանական գործունեությանը, մենք էլ միամտաբար չենք նկատում, չենք ուզում․․․Շարունակեք ինքներդ ձեզ խաբել։ Դուք չեք ուզում, որ մենք օրենք ընդունենք, այլ ուզում եք ժողովրդին ցույց տալ, թե մեծամասնությունը չի ուզում, իսկ դուք աշխատում եք։ Ես անընդհատ մարզերում շփվում եմ մարդկանց հետ, ասում են՝ դրանց հետ ինչի՞ ես ժամանակ կորցնում, ինչի՞ ես նկատում դրանց։ Քոք մաշեցնելու ձեր քաղաքականությունը թարգեք, չի աշխատում։ Աշխատեք մեր հետ, ոչ թե հանձնաժողովների նիստերում շոուներ սարքեք»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նկատի ունենալով «Հայաստան» դաշինքին։

Վիգեն Խաչատրյանը հաջորդ անգամ ԱԺ ամբիոն կարող է բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսով։ Ե՛վ Քոչարյանը իրեն լավ կզգա՝ ընկնելով հին ու բարի ժամանակների հիշողության գիրկը, և՛ «Հայաստան» դաշինքի անդամների ագրեսիան ժամանակավոր տեղի կտա, և փաշինյանականները կառուցողական կերևան։ Հետո իրար մեջ կպարզեն՝ ով ում քոքը ինչպես մաշեցնի։ Իսկ ավելի լուրջ՝ «Հայաստան» դաշինքին հաջողվել է իր օրակարգով բառացիորեն «պաշարել» ԱԺ-ն։ Ճիշտ է, այդ օրակարգը ոչնչի մասին է՝ բեմադրված սերիալի ոճով, բայց իշխանությունների աշխատանքն այն վերջնականապես կաթվածահար է անում։ Չնայած մյուս կողմից էլ՝ իշխանությանն էլ է ձեռնտու այս վիճակը։ «Քֆուրի ատչոտ» պահանջելով կամ «աբառոտկա ֆռռացնելով»՝ աշխատանքային ժամերն անցկացնում են։ Գոհ ու երջանիկ գնում են տներով՝ մտածելու, թե հաջորդ օրն ինչպես են ընդդիմադիրների պորտը տեղը դնելու։ Խաղաղ ժամանակներում ապրեինք, կարելի էր պոպկորն վերցնել, հարմար տեղավորվել էկրանի առջև և դիտել ԱԺ նիստերը։ Բայց ժամանակները խաղաղ չեն։ Հակառակը՝ դրանք խիստ վտանգավոր են Հայաստանի համար։ Թանկացումներ, ՌԴ-ից փոխանցումների և արտահանումների լրջագույն խնդիրներ, ռուբլու արժեզրկում, Ուկրաինայում անորոշության մատնված հայեր, Թուրքիայի՝ կանխատեսելի ակտիվացում մեր տարածաշրջանում, և այլն, և այլն։ Ո՞ւմ կողմից կամ որտե՞ղ պետք է քննարկումներ ծավալվեն այս թեմայով, հայտնի չէ։ Այսինքն՝ հայտնի է. ամեն տեղ, բացի ԱԺ-ից։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ