Նաև դժգույն ասուլիս
Այս շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի ասուլիսը: Ձևով համարվում է ասուլիս, բայց բովանդակությամբ երկու մասի կարելի է բաժանել:
Առաջին մասը տեղեկատվություն է սպասվելիք զիջումների, կորուստների, հանձնումների, նոր դժգույն տարածքների մասին:
Երկրորդ մասը տեղեկատվություն է այն մասին, թե ովքեր են մեղավոր զիջումների, կորուստների, հանձնումների, նոր դժգույն տարածքների համար: Ու սա արդեն ավանդական ձևաչափ է:
Առայժմ բաց է մնում հետևյալ հարցը, թե մեր ունեցած միջանցքներից որն է լինելու դժգույն և ինչ չափով:
«Արժանի» պատասխան
Այս դժգույն շաբաթվա ընթացքում գունավոր բաներ տեղի ունեցան խորհրդարանում: Իշխանություններն իրենց ձախողումների ամբողջ զայրույթը թափեցին ընդդիմադիրների գլխին: Իշխան Սաղաթելյանին բազմաթիվ բացակաների պատճառով 2 նշանակեցին և թողեցին նույն աթոռին՝ նկատի ունենք պատգամավորական աթոռին: Փոխխոսնակի աթոռը ձեռքից վերցրին: Նույնը՝ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի հետ արեցին:
Ընդդիմությունն էլ տակ չմնաց և արժանի հակահարված հասցրեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ասաց՝ դե որ այդպես է, հրաժարվում եմ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց՝ դե որ այդպես է, հրաժարվում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ասաց՝ դե որ այդպես է, հրաժարվում եմ... «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց մնում եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Մեր գլուխը քոր եկավ.. թերևս Հենրի Քիսինջերն էլ չի կարող մեկնաբանել նման քայլի ենթատեքստը: Թագուհի Թովմասյանը մեր վաղեմի գործընկերն է, մենք էլ չենք կարող մեկնաբանել, բայց երկրորդ անգամ անընդմեջ պատգամավոր դառնալ, հետո դուրս գալ խմբակցությունից... սրա համար պետք է շատ լուրջ պատճառներ լինեն:
Ինչ-որ մի բան հաստատ եղել է, եթե Սերժ Սարգսյանը խորհրդարանում զրկվում է նախ՝ խմբակցության ղեկավարից, հետո՝ հանձնաժողովներից մեկի պատգամավորից: Այնպես կուզեինք Սերժ Սարգսյանի կամ գոնե Արմեն Աշոտյանի դեմքը տեսնել այս իրավիճակում: Ասենք՝ չենք չարախնդում, որ իրենց խմբակցությունն այսպես ճաքեր է տալիս:
Սպասենք, գուցե հետո պարզվի, թե չէ Հարություն Մնացականյանի հարցն անպատասխան կմնա: Գրել է. «5000 ընկեր ունեմ, մոտ այդքան էլ հետևորդ, խնդրում եմ ասեք` ո՞վ անակնկալի եկավ Թագուհի Թովմասյանի արածից, ո՞վ առհասարակ չէր սպասում նման քայլի»:
Հիմա էլ ասում են՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն է դուրս գալու խմբակցությունից ու միանալու... Արթուր Վանեցյանին: Հալլա, հալլա, սենց բան կլինի՞:
Քո արածը քեզ դուր եկա՞վ
Բայց վերջում չենք կարող ասել. սրա համար պատասխանատվության մեծ բաժին ունի Սերժ Սարգսյանը, որ բերեց, խորհրդարանական կառավարման այս մոդելը փաթաթեց մեր վզին: Ընդ որում, բացի պետությունից, ինքն էլ է տուժում:
Հիմա հերթական անգամ համոզվում ենք, որ խորհրդարանական համակարգը Հայաստանի դեպքում փորձանքների բուն է: Նման համակարգի համար պետք է կայացած կուսակցություններ լինեն՝ իրենց հստակ գաղափարախոսություններով, կուսակցական ավանդույթներ լինեն, սկզբունքային և իրենց արժեքներին հավատարիմ գործիչներ լինեն: Այս ամենի բացակայության դեպքում մենք պարբերաբար այսպիսի տեսարանների ականատես ենք լինելու: