Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական սպասվող բանակցություններում Հայաստանի անելիքներին։ Նա հայտարարել է, թե Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա հենց առաջին հանդիպմանը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ չորս կետերը․
– ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,
– բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ,
– նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի,
– Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում:
«Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, և որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որևէ նախապայման չի կարող առաջադրել։ Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել»,- եզրակացրել է Վարդան Օսկանյանը։
Գեղեցիկ է շարադրել Օսկանյանը, բայց լսողն ո՞վ է։ Մեր բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, առաջնորդվելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներով և դժվար թե Օսկանյանի կամ նրա նմանների հոդվածներն ու առաջարկությունները կարևորվեն նրա կամ նրա թիմակիցների կողմից։ Ի դեպ՝ Օսկանյանը չի հստակեցրել, թե որոնք են Հայաստանի «ինքնիշխան տարածքները»։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ է այս հարցում։ Մի շարք հայկական տարածքներ նրա համար վիճարկելի են, և նա երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնից բազմիցս հայտարարել է, թե որ տարածքում երբ և որքան ադրբեջանցիներ են ապրել, անգամ խորանում է այդ բնակավայրերի անունների ծագումնաբանության մեջ՝ վկայակոչելով դրանց ադրբեջանական կիրառությունները։ Ռազմագերիների մասով էլ Փաշինյանի իշխանությունը շատ «բազմագույն» է։ Վերջին մեկ-երկու ամսվա մեջ հասարակությանն անընդհատ ներարկվում է այն միտքը, թե գերությունը հավասարազոր է դավաճանության, պետական հանցագործության և այլն։ Վերադարձված գերիների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, զուգահեռաբար ԱԺ նախագահն է մասնավոր զրույցներում հայտարարում, թե իր համար գերիներն արդեն մեռած են։ Հայտարարությանը ոչ իրավական, ոչ էլ բարոյական գնահատական չի տրվում, և մեզ մնում է արձանագրել, որ Սիմոնյանի հետ համակարծիք է նաև Փաշինյանը իր ողջ թիմով։ Ինչ վերաբերում է ԼՂԻՄ սահմանների ճանաչմանը, ապա այստեղ խնդիրների մի ողջ համակարգ է։ Փաշինյանը բազմիցս ակնարկել է, որ այսօրվա Արցախն իր սահմաններով ու նախկին ԼՂԻՄ-ը տարբեր ռազմական միավորներ են․ ըստ էության, ենթադրելի է, որ այս կետը նրա սրտով չի լինի։ Ըստ այդմ՝ մասնագիտական քննարկման հեռանկար էլ չի լինի։ Եվ այնուհանդերձ, ուզում ենք կիսել Օսկանյանի լավատեսությունը, որ դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել։ Ուզելը լավ է, մնում է՝ կարողանալ։
ԳՈՀԱՐ ՎԶԻՐՅԱՆ