...

«Պլյուս-մինուս 50»-ի հանրագումարին սպասելիս

«Պլյուս-մինուս 50»-ի հանրագումարին սպասելիս

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան գրառման շրջանակներում ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ կապված հրապարակված տարբեր տվյալներ։ Դրանք, բացառությամբ մեկի, հնչել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և կառույցների կողմից։ Թվերը տարբերվում են, ըստ այդմ՝ Ղազարյանն անհրաժեշտ է համարում օր առաջ հրապարակել «ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը»։ «Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը»,- ծավալուն գրառման վերջում նշել է նախկին պաշտոնյան։

Ի դեպ՝ պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովի նպատակներում այս մասին որևէ հիշատակում չկա։ Այսինքն՝ կարծես թե հանձնաժողովն էլ չի պատրաստվում վերջնական թվեր հրապարակելու պատասխանատվություն վերցնել։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը մի թիվ է ներկայացնում, իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը ապատեղեկատվության համար, իսկ հասարակությունը լուռ հետևում է այս էժան բանավեճին՝ այդպես էլ չիմանալով մարդկային կորուստների իրական և վերջնական թիվը։ Առաջին հայացքից թվում է, թե այս թեման օրվա հրամայական չէ․ Փաշինյանի ասած՝ «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս-մինուս 50»-ը լրիվ բավարար տեղեկություն է, և կարելի է սրանով հարցը փակված համարել։ Իրականում՝ իսկապես ժամանակն է մեկ հարթակում հավաքել այն բոլոր մարդկանց անունները, որոնք զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմում։ Կազմակերպված, կարգին պետություններն այդպես էլ անում են՝ նախ պատմության առաջ ստանձնած պատասխանատվության, երկրորդ՝ իրենց զոհերին արժևորելու և սերունդներին նրանց մասին համապատասխան վկայություն թողնելու համար։ Չնայած՝ ի՞նչ վաղվա օր, ի՞նչ պատմություն, ամեն օրը հազիվ ձգում ենք՝ «հաց և տեսարաններ» սցենարական զարգացումներով։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ