...

Ձեր լեռը ուրիշ բան չի՞ կարողանում ծնել

Ձեր լեռը ուրիշ բան չի՞ կարողանում ծնել

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին:

Ինքը՝ Էդգար Ղազարյանը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ գրավոր տվել է իր համաձայնությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև առարկել է այն դիտարկմանը, որ ինքը քաղաքականացված անձ է. «Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել»:

Նախ, մի դիտարկում անենք. մի բան ասելուց առաջ մտածեք, թե ինչ եք ասում: Էդգար Ղազարյանը ՀՀԿ անդամ է եղել, դրա մասին նշված է ՀՀԿ-ի պաշտոնական կայքում: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքական կուսակցության անդամ լինելով, քաղաքականությամբ չի զբաղվել: Բա ՀՀԿ-ում ի՞նչ էիր անում. սո՞ւրճ էիր սարքում: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքականությամբ չզբաղված մարդն ընդամենը ամիսներ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: 

Հիմա Էդգար Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Նախ, ներկայացնենք, թե նախկինում ովքեր են եղել Մարդու իրավունքների պաշտպան.

1. Լարիսա Ալավերդյան. մինչև ՄԻՊ նշանակվելը տարիներ շարունակ զբաղվել է Ադրբեջանից, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ, եղել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:

2. Արմեն Հարությունյան. ԵՊՀ-ի իրավաբանականն է ավարտել, տարիներ շարունակ իրավաբան է աշխատել, դասավանդել բուհերում, իրավաբանական ֆակուլտետի դեկան է եղել, մարդու իրավունքների հարցերով է զբաղվել:

3. Կարեն Անդրեասյան. ԵՊՀ-ի իրավաբանականն է ավարտել, տարիներ շարունակ աշխատել է իրավական համակարգում, դասավանդել է բուհերում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, մարդու իրավունքների հարցերով է զբաղվել:

4. Արման Թաթոյան. ԵՊՀ-ի իրավաբանականն է ավարտել, տարիներ շարունակ իրավական համակարգում է աշխատել, բուհերում է դասավանդել, զբաղվել է մարդու իրավունքների հարցերով, իրավական ոլորտում բազմաթիվ ծրագրերի հեղինակ է:

5. Քրիստինե Գրիգորյան. իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Հյուսիսային համալսարանում, մի քանի տարի աշխատել է արդարադատության նախարարությունում: Մի քիչ համեստ կենսագրություն է, համեմատած նախորդների հետ, բայց բոլոր դեպքերում իրավական ոլորտում աշխատել է: 

Ինչպես տեսնում եք, Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները մինչև ՄԻՊ դառնալը իրավաբանական գործունեությամբ են զբաղվել, բացառությամբ Լարիսա Ալավերդյանի, բոլորը իրավաբանական կրթություն ունեն, շատերը դասավանդել են Հայաստանի առաջատար բուհերում, նույնիսկ արտերկրում են աշխատել և դասավանդել, մարդու իրավունքների ոլորտին են առնչվել:

Ու հիմա, ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում է մեկին, որն ընդհանրապես կապ չունի և չի ունեցել իրավական ոլորտի հետ: Էդգար Ղազարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ամբողջ կյանքն աշխատել է կառավարման համակարգում, դիվանագիտությամբ է զբաղվել, բայց նույնիսկ մի րոպե չի առնչվել իրավական համակարգին: Գոնե ինչ-որ մի հատ ձևական իրավական կազմակերպության անդամ կամ ղեկավար լիներ: Դա էլ չկա: 

Մեր տպավորությամբ, ընդդիմությունը կամ նորմալ թեկնածու չի ճարել, կամ էլ թքած ունի ՄԻՊ ինստիտուտի վրա: Իրեն ավելի շատ պետք է թատրոն սարքել: Այդպես է ստացվում: Քանի ամիս է, ՄԻՊ պաշտոնը թափուր է, ընդդիմությունն անընդհատ գոռում էր, թե մեզ ՄԻՊ է պետք, սա խայտառակություն է, բռնում, մի հատ անկապ մարդու են առաջադրում: Կարող է, Էդգար Ղազարյանը շատ լավ մարդ է, փայլուն քաղաքական գործիչ, բազմակողմանի կրթված, զարգացած, բայց ՄԻՊ-ի պաշտոնը պետք է զբաղեցնեն մարդիկ, որոնք այս ոլորտում աշխատել են, փաստաբանությամբ են զբաղվել, ՀԿ են աշխատեցրել: 

Հիմա որ մեկը խորհրդարանում Էդգար Ղազարյանին հարցնի, թե իրավական ոլորտում աշխատելու ինչ փորձ ունի, մինչև հիմա ում իրավունքներն է պաշտպանել, ի՞նչ է պատասխանելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ