...

Խոսքի ազատությունը մաշվում է, փոքրանում և, ի վերջո, վերանալու է

Խոսքի ազատությունը մաշվում է, փոքրանում և, ի վերջո, վերանալու է

Մինչև վերջերս կառավարման ապիկարությունը որոշակի առումով հավասարակշռվում էր հաստատված ժողովրդավարությամբ: Փնթի, անհեռատես և ձախողված կառավարման ձեռագրին լավատեսները հակադարձում էին` կարևորը ժողովրդավարություն կա, պատերազմ չլինի, մնացածը կուղղվի:

Իշխանության վերջին ամիսների (այս դեպքում՝ համակարգված և ծրագրված) արշավը ժողովրդավարության հենակետային արժեքի` խոսքի ազատության դեմ, բացահայտեց, որ գործող իշխանությունը հեռուն գնացող նպատակներ ունի: Նպատակներ, որոնց իրականացման դեպքում իրենց քննադատելը ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի: Իհարկե խոսքը ձևական, լղոզված և ոչ հասցեական քննադատության մասին չէ: Հակառակը, նման քննադատությունը կողջունվի և կխրախուսվի:

Փորձենք շեշտադրումները ճիշտ դնել: Գեղամ Մանուկյանը դաշնակցական է: Սա արդեն վատ է: Այստեղ խնդիրը քաղաքական համակրանքների և հակակրանքների մեջ չէ: Լինել դաշնակցական, նշանակում է լինել Ռոբերտ Քոչարյանի և մասամբ Սերժ Սարգսյանի մերձավորագույն դաշնակիցը: Ինչն արդեն մեծագույն բացասական բալանս է, որը չեն փոխհատուցի անգամ տասնյակ դրական այլ փաստեր և իրողություններ:

Դաշնակցությունը ամբողջովին կիսում է վերոհիշյալ երկուսի կառավարման շրջանի հանցագործությունների, սխալ և արկածախնդիր քաղաքականության հետևանքի բեռը:

Գեղամ Մանուկյանը բարձրանա օդ, իջնի, երգի, հայհոյի, դրանից բան չի փոխվի: Հեռուստադիտողը լավ է հիշում, թե ինչպես էր Մանուկյանը ժամանակին արդարացնում շատ երևույթներ, որոնք հետագայում դարձան մեր պարտության ու ողբերգության հիմքը:

Բայց նրան ամբիոնից հեռացնելը միայն այն բանի համար, որ հայտարարում է՝ Արցախը ուրացողը դավաճան է, վկայում է իշխանական երկու կարևոր վախերի ու նպատակների մասին:

Առաջին, եթե իշխանությունը մտադրություն չունի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով Արցախի ճակատագիրը թողնել միայն Ռուսաստանի հույսին, ապա երբեք այդքան չէր ջղաձգվի Մանուկյանի հայտարարությունից: Ի վերջո, երկու ամիս առաջ, նույն ՔՊ-ականները մեծ ոգևորությամբ տարածում էին պատգամավոր Հայկ Սարգսյանի պնդումը, թե դավաճան են բոլոր այն ՊՆախարարները, որոնց օրոք բանակից փողով մարդ է ազատվել: Համաձայնեք, որ գրեթե համարժեք պնդումներ են և դրանցից ջղաձգվողը բացահայտում է կա՛մ նախկին հանցագործությունները, կա՛մ դրանք իրականացնելու մտադրությունները: Եվ քանի որ ընդդիմությունը չունի ՊՊԾ, ստիպված եղավ շիշ նետել Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Երկրորդ, իշխանությունը ցանկություն ունի այս տեսակ ճնշումներով ստիպել ընդդիմությանը էականորեն խմբագրել հռետորաբանությունը: Սա Հայաստանն է, որտեղ ավելի մեծ արձագանք է ստանում մեկին թևերից բռնած քարշ տալու տեսարանը, քան այն, թե ինչ ասվեց մինչև բռնություն կիրառելը: Եթե իշխանությունը իսկապես ցանկություն ուներ, որ բանավեճը ընթանա առանց վիրավորանքների ու պիտակումների, ապա երեկ պետք է անջատեր Փաշինյանի խոսափողը: Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի ղեկավարը երեկ խորհրդարանում օգտագործեց նույն բառամթերքը, ինչ օգտագործում և այդ պատճառով ձայնի իրավունքից զրկվում են Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը և մյուսները: Հակառակը, նիստ վարողը խախտեց արարողակարգը և թույլ տվեց, որ տրամադրված ժամանակից դուրս Փաշինյանը ընդդիմությանը անվանի դավաճան, կապիտուլյանտ և գող:

Հանրության մեծամասնությունը դեռևս չի տեսնում վտանգները, կատակում և ողջունում է ամբիոնից հեռացնելը, բայց տենդենցի պահպանման դեպքում անչափ տխուր հեռանկար է սպասվում մեզ: Գործող իշխանության միակ կռվանը՝ խոսքի ազատության իրողությունը, կամաց-կամաց մաշվում է, փոքրանում և, ի վերջո, վերանալու է:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ