...

Իրեն դրել է Տիգրան Մեծի զորավարներից մեկի տեղը

Իրեն դրել է Տիգրան Մեծի զորավարներից մեկի տեղը

Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, սահմանները վտանգված են, Արցախը թողնված է օտարի հույսին, կորոնավարակը դարձել է ազգային աղետ, տնտեսությունը դժվարությամբ է շնչում, իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ցանկանում դուրս գալ հունիսի 20-ի խումհարից:

Երեկ խորհրդարանում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախ պատասխանում էր պատգամավորների հարցերին, իսկ այնուհետև ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Ճեպազրույցի ընթացքում բանախոսն այնպիսի տոնայնությամբ ու բառամթերքով էր պատասխանում հարցերին, կարծես Տիգրան Մեծի զորավարներից լիներ: Հաղթել են թշնամուն, մեծացրել են հայրենիքի տարածքը, կարողացել են պատվաստել երկրի ողջ բնակչությանը, տնտեսությունը աճում է երկնիշ թվերով, ուստիև իրավունք ունեն նման վերամբարձ տոնով հակադարձել ընդդիմախոսներին ու լրագրողներին:

Երբեմն նրա խոսքից տպավորություն էր ստացվում, որ այս երկրում ոչ միայն հեղափոխություն տեղի չի ունեցել, այլև անգամ Քոչարյանն ու Սարգսյանը երկրի ղեկավարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արմեն Գևորգյանից ու Վիգեն Սարգսյանից ավելի անհաջող կադր են նշանակել: Համեմատության համար կարելի է յութուբում դիտել խորհրդարանում վերոհիշյալ պաշտոնյաների հարցուպատասխաններն ու ճեպազրույցները:

Հատկապես խնդրահարույց էին Հարությունյանի պատասխանները սեպտեմբերի 21-ի տոնակատարության ծախսերի վերաբերյալ: Երկրի գլխավոր տոնի կազմակերպումը, ֆինանսական հոսքերի կառավարումը և անհայտ մարդասերների հավաքագրումը հանձնարարել են ինչ-որ մասնավոր կազմակերպության և դեռ հեգնում են այդ մասին հարց բարձրացնողներին: Արայիկ Հարությունյանը և նրա շեֆը չեն ընկալում, որ երկրի գլխավոր տոնը իրենց ծննդյան տոնը չէ, անգամ իրենց ՔՊ-ի ծննդյան տոնը չէ, որ թաքցնում են, թե ովքեր են ֆինանսավորել այն: Իրենք կարող են թաքցնել, թե իրենց ծննդյան տոներին ով և ինչքան գումար է տվել ծրարներով, բայց ոչ երբեք Անկախության տոնին գումար նվիրաբերած անձանց անունները:

1.5 ամիս է, ինչ հանրությունը ցանկանում է իմանալ այդ վսեմաշուք, համեստ, պիառի կարիք չունեցող և առաքինի անձանց անունները: Հանրությունը իրավունք ունի իմանալու իրեն գունագեղ տոն պարգևածների անունները:
Եթե այդ ահռելի գումարը տվել են առանց հետին մտքի, տվյալ դեպքում՝ առանց հետագայում արտոնություն ստանալու, ինչու են ամաչում և չեն ցանկանում, որ հրապարակվի իրենց անունները: Ի վերջո զենք ու զինամթերք չեն նվիրել հայրենիքին, որ վախենան, թե իրենց անունները հրապարակվելու դեպքում արտասահմաններում խնդիրներ կունենան: Սա այդ դեպքը չէ:

Հիմա եթե որևէ լրատվամիջոց գրի, որ ըստ իր աղբյուրների՝ բարերարները ազգությամբ հայ չեն և Հայաստանում որոշակի շահեր ունեն, ի՞նչ է անելու կառավարությունը և նրա աշխատակազմի ղեկավարը: Իհարկե` ասելու են՝ դեղին մամուլ է և հայց են ներկայացնելու՝ պահանջելով բացահայտել լրատվամիջոցի անանուն աղբյուրները: Վերջերս ընդունած օրենքը իրենց նման հնարավորություններ տալիս է:

Օդում կախված լուրերի ու սիլլոգիզմի մեծ սիրահարը դեռ պետք է ընդդիմադիր պատգամավոր ու լրագրող լիներ, որ վերցներ աշխատակազմի ղեկավարի հայտնի կոպալը և մտցներ...

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ