...

Ինչու կանգ առան Արայիկ Հարությունյանի թեկնածության վրա

Ինչու կանգ առան Արայիկ Հարությունյանի թեկնածության վրա

«Դավադրություն է, երբ փորձ է արվում ստվեր գցել Արցախում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմության վրա»: Մտքի հեղինակը «Վերնատուն» ակումբի անդամ Դավիթ Շահնազարյանն է: Բայց մի շտապեք քննադատել նրան՝ ասելով, որ Քոչարյանի և Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանից ավելին պետք չէ սպասել: 

Գրեթե նույն բառերն է օգտագործում «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը Արցախի ընտրությունները քննադատողների վերաբերյալ. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստվերել արցախյան ընտրությունները, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին»:

Ահա այսպիսի նույնական գնահատականներ իշխանության ներկայացուցչի և նախկին ռեժիմի սպասարկուի կողմից: Փաստորեն կա մի խնդիր, որի վերաբերյալ գործող և նախկին իշխանություններն ունեն միևնույն գնահատականը և ճիշտ նույն բառամթերքով են պիտակավորում բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին այս պահին Արցախում ընտրություններ կազմակերպելու հետ:

Բայց, իհարկե, միևնույն գնահատականը հնչեցնելը չի նշանակում, որ երկու կողմն էլ միևնույն նպատակն են հետապնդում կամ միևնույն շարժառիթների արդյունքում են եկել այս հանգրվանին:

Կորցնելով պահը և չզարգացնելով հաջողությունը՝ գործող իշխանությունը մսխեց առանց ցնցումների Արցախում նույնպես ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը: Եվ որպեսզի չստացվի, որ Արցախի իշխանության ձևավորման գործընթացում որևէ դերակատարում չունեն, ստիպված սկսեցին աջակցել Արայիկ Հարությունյանին:

Քոչարյանը և Սարգսյանը իրենց հերթին՝ հասկանալով, որ Վիտալի Բալասանյանին որևէ պարագայում չեն կարող կարգել Արցախի նախագահ և որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Արցախում որևէ աջակցություն չունեն, սկսեցին պաշպանել այն ընտրությունները, որոնց միջոցով Արայիկ Հարությունյանը կարող է դառնալ նախագահ:

Իսկ ի՞նչն է ստիպում երկու ախոյաններին պաշտպանել միևնույն թեկնածուին: Արայիկ Հարությունյանի անձը: Երկու կողմն էլ գիտակցում են, որ այս պահին չեն կարող բացարձակ և համոզիչ հաղթանակ տանել, կանգնել են Արայիկ Հարությունյանի թեկնածության վրա:

Երկու կողմն էլ լավ գիտեն Հարությունյանի խոցելի կողմերը: Գիտեն, որ Հարությունյանը չունի քաղաքական կրեդո և հանուն սեփական շահի կհամագործակցի ցանկացածի հետ և հատկապես այն կողմի հետ, որն այդ պահին ուժեղ է: Իսկ քանի որ երկու կողմն էլ հույս ունեն, որ ապագայում իրենք են լինելու ուժեղ կողմը, ապա Արայիկ Հարությունյանից լավ թեկնածու դժվար է գտնել:

Ահա այս հանգամանքով է պայմանավորված քաղաքական ախոյանների ինքնամոռաց աջակցությունը ընտրություններին, որոնք տեղի են ունենում արտակարգ դրության և արցախցիների առողջության վտանգման ֆոնին:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ