Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որը դուրս է եկել նախագահի ընտրության երկրորդ փուլ, հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ։ Նա քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը՝ դա բացատրելով կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգով։ Սա փաստացի նշանակում է նախագահի ընտրության երկրորդ փուլը բոյկոտելու կոչ։
Հայտարարության մեջ Մասիս Մայիլյանը նաև քաղաքական գնահատական է տվել մարտի 31-ին կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններին. «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»։
Հայտարարության այս հատածը ըստ էության նշանակում է, որ Մասիս Մայիլյանը կայացած ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ, ըստ այդմ, նաև կասկածի տակ է դնում նախագահի ընտրության երկրորդ փուլի ցանկացած արդյունք։
Հաշվի առնելով ընտրությունների առաջին փուլի պաշտոնական տվյալները, ըստ որոնց, երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը հավաքել էր 49,2 տոկոս, իսկ Մասիս Մայիլյանը 26,4 տոկոս ձայն, դժվար չէ ենթադրել, որ ընտրություններում հաղթելու է Արայիկ Հարությունյանը։
Նա Արցախի նախկին վարչապետն է, նաև՝ խոշոր օլիգարխ։ Նրա գլխավորած քաղաքական ուժը ինչպես հեռացող, այնպես էլ նոր ձևավորվող խորհրդարանում կազմում է մեծամասնություն։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը եղել է ու մնում է իշխանության կրող՝ օրգանապես կապված քոչարյանական ու սերժսարգսյանական համակարգի հետ։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արցախի վարչապետի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականը զուտ տակտիկական քայլ էր, որով մի կողմից փորձում էր ինչ-որ ձևով իրեն հեռու պահել մերժված համակարգից, մյուս կողմից՝ քաղաքական ռևերանսներ էր անում դեպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական իշխանությունը՝ առիթն եկած դեպքում գովերգելով ու աջակցություն հայտնելով վերջիններիս։ Այսինքն՝ ամեն կերպ փորձում էր ստանալ Հայաստանի իշխանության աջակցությունը։
Հայաստանի իշխանությունը պաշտոնապես աջակցություն չհայտնեց Արայիկ Հարությունյանին։ Հայաստանի իշխանության կողմից ընդհանրապես որևէ թեկնածուի աջակցություն չեղավ։ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանության համար գլխավորը ընտրությունների օրինականությունը ապահովելն է։
Մասիս Մայիլյանը փաստացի ևս իշխանության մաս է, նա Արցախի գործող արտգործնախարն է։ Սակայն ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, ծագումնաբանական ու արժեհամակարգային առումով նա որևէ կերպ կապված չէ մերժված ու քրեաօլիգարխիկ համակարգի հետ։
Քաղաքական հեռանկարի առումով ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից ու նոր իշխանության ձևավորումից հետո Մասիս Մայիլյանը կարող է տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, որը լինելու է նոր որակի՝ քաղաքական փոփոխությունների միտված ընդդիմություն։
Համլետ Կիրակոսյան