...

Բրյուսելը Նիկոլ Փաշինյանի 6-ամյա արկածախնդրության փլուզումն էր

Բրյուսելը Նիկոլ Փաշինյանի 6-ամյա արկածախնդրության փլուզումն էր

Բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանում ամենաշատը քննարկվում է 270 միլիոնի հարցը՝ շա՞տ է, թե՞ քիչ։ Ընդդիմությունը ծաղրում է այդ «գրոշները», իշխանություններն էլ ասում են «դե հո միայն այդքանը չէ, մինչ այդ էլ էին տվել, հետո է՛լ են տալու»։ Մի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե հասարակությանն ու քաղաքական դաշտին ոչ այնքան «մարմնավաճառության» փաստն է մտահոգում, որքան դրա դիմաց ստացված գումարի չափը։

Այն, որ բրյուսելյան հանդիպումը լիակատար ձախողում էր՝ ակնհայտ է, ու անգամ իշխանությունները դա չեն թաքցնում։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրինակ, բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարեց, թե «կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել», իսկ «հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում»։ Այլ կերպ ասած՝ արդյունքներն ավելի շատ ոչ թե ոգևորող են, այլ հուսահատեցնող, բայց պետք չէ թևաթափ լինել։

Բայց այդ ձախողումը, մեծ հաշվով, Հայաստանին խոստացված գումարի չափի հետ կապ չունի, դա ընդամենը երևացող մասն է, իսկ բուն ձախողումը շատ ավելի խորն է ու մասշտաբային։ Ըստ էության Բրյուսելում արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի 6-ամյա «արտաքին քաղաքականության» լիակատար ֆիասկոն։ Իսկ այդ «քաղաքականության» ռազմավարությունը հետևյալն էր․ Հայաստանը պոկվում է Ռուսաստանից և վճռականորեն շարժվում դեպի Արևմուտք, այդ ընթացքում մեկառմիշտ ազատվում է Արցախից՝ որպես «բալաստ», խանգարող հանգամանք և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիք, Արևմուտքն էլ՝ գնահատելով Հայաստանի այդ վճռականությունն ու ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու ռազմավարական կարևորությունը, Թուրքիայի միջոցով Ադրբեջանին ստիպում է Հայաստանի հետ տևական խաղաղություն հաստատել։ 

Ու հենց այս ռազմավարությունն է, որ ձախողվեց․ հակառակ Նիկոլ Փաշինյանի սպասումներին՝ Ադրբեջանը չհամաձայնվեց և նախընտրեց «նաղդը», այսինքն՝ գերադասեց միանալ ոչ թե «միջազգային հանրությանը», այլ դրսից մեր տարածաշրջանի «ներքին գործերին» խառնվելու փորձերը խստորեն դատապարտողների թիմին, որովհետև դա իրեն հնարավորություն կտա Հայաստանի հետ հարցերը լուծել ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում, այլ ուժի դիրքերից։

Պատահական չէ, որ բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո այս իրողությունն արձանագրվեց և՛ Հայաստանում, և՛ Արևմուտքում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե խաղաղության գործընթացը կանգ է առել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ երկու կարևոր կետերում՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հաղորդակցությունների բացման հարցերում, ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն էլ հայտարարեց, թե իրենք «երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չեն զբաղվում», և «Ադրբեջանն ու Հայաստանն իրե՛նք պետք է լուծումը գտնեն, ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն»։ 

Մի խոսքով՝ «Ռուսաստանից պոկվելու «համարձակության» դիմաց Արևմուտքը հաստատ Ադրբեջանի սանձերը կքաշի» խաղադրույքը չաշխատեց։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 6 տարի շարունակ հույսը հենց դրա վրա էր դրել՝ սկզբում խաղասեղանին դնելով Արցախի 70 տոկոսը, հետո՝ ամբողջ Արցախը, հետո՝ ՀՀ ինքնիշխան տարածքները, ու բոլոր դեպքերում՝ տանուլ տալով։ 

Բայց նա որոշել է չհանձնվել, այսինքն՝ խաղադրույքները շարունակվելու են։ Իսկ 270 միլիոնն ընդամենը այն «5 տոկոսանոց քեշ-բեքն» է, որը սովորաբար տալիս են՝ հենց նրա համար, որ հաճախորդը չհուսահատվի, «վերջնականապես չհանձնվի» և շարունակի խաղադրույքները։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ