...

Չի էլ հասկանում, թե հաջորդ հարվածը որտեղից է լինելու

Չի էլ հասկանում, թե հաջորդ հարվածը որտեղից է լինելու

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսեց Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի միլիմետր չզիջելու վճռականության մասին, Արարատ Միրզոյանն էլ ակնարկեց, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում «որոշ երկրների» դիրքորոշումներից ավելի մեծ ակնկալիքներ ուներ (Ռուսաստանի ականջը կանչի)։

Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը․ Հայաստանը պատրաստ է վերջնականապես հրաժարվել Արցախից, պաշտոնապես արձանագրել դա, ՀՀ տարածքով էլ ճանապարհներ տալ Ադրբեջանին, բայց դրանից ավելին զիջել չի ուզում և ակնկալում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն այդքանով կբավարարվեն, ու «տևական խաղաղության դարաշրջանը» կբացվի։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հենց սա էր առաջարկել Ալիևին, ու մի քանի օր անց Ադրբեջանը հարձակվեց, Ռուսաստանն էլ հրաժարվեց դա գնահատել որպես ագրեսիա։ Այլ կերպ ասած՝ «տևական խաղաղության դարաշրջանի» այդ տարբերակն Ադրբեջանի և Ռուսաստանի սրտով չէ, նրանք ավելին են ուզում։ Իսկ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանի հարաբերական կայունությունը շատ-շատ կարելի է անվանել «պերեկուր»՝ կապված Սամարղանդի, ՄԱԿ ԱԽ նիստի ու Փելոսիի հնարավոր այցի հետ։

Հիմա արդեն երևի բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանից Սյունիքի միջանցք են ուզում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան ու Ադրբեջանը, և՛ Արևմուտքը։ Պարզապես մեկի համար կարևորն այդ միջանցքի լայնությունն է (Ադրբեջանն ամբողջ Սյունիքն է ուզում), մյուսների համար սկզբունքայինը ոչ թե միջանցքի լայնությունն է, այլ այն, թե ում վերահսկողության տակ կգտնվի միջանցքը։ Ռուսաստանն ուզում է ինքը վերահսկել և համարում է, որ Հայաստանը «քցել է» իրեն, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով ճանապարհի անվտանգությունը ռուսները պիտի վերահսկեին, իսկ հիմա «հայերը խոսքից հետ են կանգնում» և փորձում ներգրավել Արևմուտքին։ Ադրբեջանը փորձում է ուժով բացել միջանցքը, որովհետև որևէ այլ տարբերակով այն վերահսկել չի կարողանալու։ Իսկ Արևմուտքը դեմ չէ, որ Հայաստանն ընդամենը ճանապարհներ տա ու ինքն էլ վերահսկի դրանք։ Բայց՝ ոչ թե ներկայիս, այլ ՀԱՊԿ-ից դուրս եկած, իր տարածքում ռուսական ռազմաբազաներ չունեցող և Թուրքիայի միջոցով Արևմուտքի հետ ինտեգրվող Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ համարձակություն ունի ընտրել հենց Արևմուտքի տարբերակը, ժամեր անց վախեցավ ու հերքեց, հետո նորից ըստ էության հաստատեց՝ երևի ոգևորված ՄԱԿ ԱԽ նիստով ու ԱՄՆ դիրքորոշմամբ, հետո երևի էլի կհերքի՝ կախված նրանից, թե ինչ իրական արդյունքներ կունենա Փելոսիի այցը, կամ երբ Ադրբեջանը կորսա հյուսիսից եկող «իշմարն» ու կդադարեցնի «պերեկուրը»․․․ 

Իրականում Հայաստանն այս բարդագույն իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու տարբերակներ ունի։ Ճիշտ է, դրանք բոլորն էլ որոշակի ռիսկեր պարունակում են, բայց պրոբլեմը միայն դա չէ։ Պրոբլեմն այն է, որ Նիկոլի իշխանությունը փորձում է միաժամանակ կիրառել բոլոր տարբերակները, ինչը բացարձակապես չի մեծացնում հաջողության շանսերը, բայց փոխարենը տասնապատկում է ռիսկերը։ Արդյունքը լինում է այն, որ իրավիճակից բացարձակապես գլուխ չհանելով՝ անընդհատ անկանոն շարժումներ է անում ու ամեն շարժումից հետո գլխին հարված ստանում։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Ժամանակին բավականին տարածված խաղ կար, կոչվում էր «տըզ»։ Մեկը մեջքով շրջվում էր դեպի խաղընկերները, սրանցից մեկը հարվածում էր նրա վզակոթին, ու նա, շրջվելով, պիտի կռահեր, թե ով էր հարվածողը։ Նիկոլը հիմա մոտավորապես այդ վիճակում է։ Պարզապես ամեն հարվածից հետո շրջվում է ու մատնացույց անում «նախկիններին»։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ