Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է՝ պետք է ամեն ինչ անենք, որ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ Հարցը հատկապես օրակարգային է մարտի 31-ին Արցախում անցկացվելիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համապատկերում, որը ենթադրում է մարդկային կուտակումներ կոնկրետ տարածքներում։ Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, այսինքն՝ Արցախում չկա քաղաքացի, որը վարակված է այս վիրուսով։
Արցախ կորոնավիրուսի մուտք գործելու ռիսկը կապված է ընտրություններին դիտորդների մասնակցության հետ։ Նիկոլ Փաշինյանի ակնարկը վերաբերում է հենց սրան. անել այնպես, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ Անհրաժեշտ գործողություններ կատարելու պարագայում սա լուծելիք խնդիր է, մանավանդ որ Արցախում մեծ թվով դիտորդների կարիք չկա։
Քաղաքական ու հանրային որոշ շրջանակներ պնդում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Արցախի ընտրությունները պետք է հետաձգել։ Քաղաքականներից այս առաջարկը հատկապես ինտենսիվորեն է հնչեցնում Վիտալի Բալասանյանը, որը նախագահի թեկնածու է։ Ըստ որոշ և հիմնավոր տեղեկությունների, Վիտալի Բալասանյանը Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն է, նրա քարոզարշավին ֆինանսական ու տեխնիկական լայն աջակցություն է ցուցաբերում Քոչարյանի ավագ որդին, որը հենց այս նպատակով պարբերաբար լինում է Արցախում։
Վիտալի Բալասանյանն իր մեջ ամփոփում է նախկին իշխանության պատկերը, նա ռոբասերժական համակարգի հավաքական կերպարն է, դրա հիմնական բաստիոնը Արցախում. թե՛ իր մտածողությամբ, թե՛ պատկերացումներով, թե՛ գործունեությամբ ու պահվածքով։
Այնպես չէ, որ մնացած թեկնածուները զերծ են նախկին համակարգի հետ այս կամ այն կերպ կապերից։ Սակայն Վիտալի Բալասանյանի դեպքում այդ կապը արժեհամակարգային է ու շատ խորը։
Պարզից էլ պարզ է, որ Վիտալի Բալասանյանն ընտրվելու որևէ շանս չունի, ինչքան էլ իր թիմակիցները փորձեն սոցհարցումների ու վարկանիշի լավատեսական տվյալներ ներկայացնել։ Վիտալի Բալասանյանի քաղաքական մայրամուտը եկավ այն պահից սկսած, երբ նա սկսեց բացարձակ հիմարություններ դուրս տալ մարտի 1-ի մասին, այնուհետ հոխորտալ ու սպառնալ Հայաստանի նոր իշխանությանը և վերջինիս ընտրած ժողովրդին, վերջում էլ՝ սեպ խրել Հայաստանի ու Արցախի ժողովրդի միջև։
Հասկանալի է, որ ընտրվելու շանս չունեցող Վիտալի Բալասանյանի ու նրա թիկունքին կանգնած շրջանակների համար անորոշ ժամանակով ընտրությունների հետաձգումը որոշակի հույսեր է տալիս ժամանակ շահելու, քաղաքական դաշտում դիրքերը պահպանելու համար։
Համլետ Կիրակոսյան