Փորձելով արդարացնել Բելառուսի չընտրված ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին Նիկոլ Փաշինյանի վռազ-վռազ շնորհավորելը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անհեթեթությունների գիրկն է ընկնում։ «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարում նա, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է, թե վարչապետի հայտարարությունը, այսինքն՝ շնորհավորելը, բխում է Հայաստանի հեղափոխության օրակարգից։
Պատկերացնու՞մ եք. ուրեմն, ըստ նրա, Հայաստանի հեղափոխության օրակարգի տրամաբանության մեջ է Բելառուսի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից ժամեր անց շնորհավորել «հաղթող» հռչակված Լուկաշենկոյին, ընդ որում՝ մի իրավիճակում, երբ ընդդիմությունը հայտարարում է ընտրությունների բացահայտ կեղծման մասին, Բելառուսի ժողովուրդը դուրս է եկել փողոցներ՝ կեղծված ընտրությունների դեմ բողոքելու համար, բելառուսական հատուկ ջոկատայինները ռազմական գործողություններ են իրականացնում ժողովրդի դեմ, փողոցներում դաժանորեն ծեծում են ցուցարարներին, հատուկ միջոցներով անհամաչափ ուժ կիրառում, հազարավոր մարդկանց տեղափոխում համակենտրոնացման ճամբարներ, որտեղ բառիս բուն իմաստով կտտանքների են ենթարկում նրանց։
Իր ասած բացահայտ աբսուրդը «հիմնավորելու» համար Արմեն Գրիգորյանը հիշեցնում է, թե հեղափոխության ընթացքում իրենք հայտարարել են, որ արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ չեն լինելու. «Այսինքն` այս հայտարարությունն ամբողջովին բխում է հեղափոխության օրակարգից, և հեղափոխության օրակարգի շարունակականության ապահովումն է»:
Այո, թե՛ հեղափոխության օրերին, թե՛ հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ չեն լինի, սակայն դա ի՞նչ կապ ունի ժամանակից առաջ ընկնելով Լուկաշենկոյին շնորհավորելու հետ։ Դեռ ընտրական գործընթացները չավարտված Լուկաշենկոյին շնորհավորելը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մա՞ս է, հեղափոխության օրակարգի շարունակականության ապահովո՞ւմ է ողջունել հերթական անգամ իշխանությունը բռնազավթել փորձող բռնապետին։
Եթե Նիկոլ Փաշինյանը սպասեր մի որոշ ժամանակ՝ տեսնելու, թե ինչ ընթացք ու հանգուցալուծում կստանային Բելառուսի հետընտրական զարգացումները (ինչը խիստ տրամաբանական դիրքորոշում կլիներ), աշխարհը շուռ կգա՞ր, կնշանակեր, թե դրանով Հայաստանը շեղվո՞ւմ է իր արտաքին քաղաքական ուղեգծից։ Իհարկե, ոչ ու հազար անգամ ոչ։
Այո, Բելառուսը Հայաստանի գործընկերն է։ Բելառուսը, այլ ոչ թե Լուկաշենկոն։ Լուկաշենկոն Բելառուսը չէ, թեև Լուկաշենկոն կարծում ու հայտարարում է, թե ինքն է Բելառուսը, ու եթե ինքը չլինի, չի լինի նաև Բելառուսը։ Միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ է՞ այդպես կարծում։
Սերժի ժամանակներում, երբ Սերժ Սարգսյանն ու մյուս բարձրագույն իշխանավորները անհեթեթությունն էին դուրս տալիս, ՀՀԿ-ի շարմազանովները փորձում էին տարատեսակ «ֆռֆռոցների («կռուտիտների») միջոցով լղոզել-հարթել այդ անհեթեթությունները, արդյունքում՝ իրենք էլ ավելի անհեթեթությունների ու աբսուրդ վիճակի մեջ էին ընկնում։
Հիմա նույն վիճակում է հայտնվել Արմեն Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շտապողականություն է դրսևորել, սա ակնհայտ է։ Եվ ահա, իշխանության ներկայացուցիչները փոխանակ խելքին մոտ բացատրություններ հորինեն այդ սխալը ինչ-որ կերպ բացատրելու, հարթելու համար, խելքից դուրս հայտարարություններ են անում, ընդ որում՝ այնպիսի բովանդակության մեջ, որը արժեզրկում է հեղափոխության գաղափարը։
Համլետ Կիրակոսյան