...

Լուկաշենկոն ու հայ իրականության պատեհապաշտները

Լուկաշենկոն ու հայ իրականության պատեհապաշտները

Երեկվանից հայկական իրականությունը եռում է մի հարցի շուրջ՝ բուռն քննարկման առարկա դարձնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի «վերընտրված» նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Քննարկողները բաժանվել են երկու բանակի, մի մասը դատափետում է Փաշինյանին՝ շտապ շնորհավորելու համար, մյուս մասը՝ արդարացնում ու քաղաքական-դիվանագիտական տեսակետից ճիշտ համարում նրա քայլը։

Իհարկե, այս երկու հակընդդեմ կարծիքներում էլ հնչում են օբյեկտիվ դատողություններ, փաստարկված մտքեր, առարկայական եզրահանգումներ, սակայն մեր հրապարկման մեջ կանդրադառնանք այս երկու խմբերի արձագանքների՝ հատկապես ծայրահեղանակացված ու աբսուրդային դրսևորումներին, որոնք աչքի են ընկնում քաղաքական պատեհապաշտությամբ ու անսկզբունքայնությամբ։

Խոսքը վերաբերում է մի կողմից ռոբասերժական շրջանակների, մյուս կողմից՝ Փաշինյանի ջերմեռանդ, մոլի պաշտպանների արձագանքներին։

Դժվար չէ հասկանալ, որ առաջինները վարչապետի քայլը դատափետողների շարքում են, երկրորդները՝ արդարացնողների։

Իսկական սյուրռեալիզմ է, որ ռոբասերժական մտածողության մարդիկ են քննադատում Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը, այն էլ այն հիմնավորմամբ, թե Լուկաշենկոն կեղծել է ընտրությունները, երկրով մեկ իսկական ջարդ է կազմակերպել ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների հանդեպ, հետընտրական ցնցումները դեռ շարունակվում են, և ահա այս վիճակում Հայաստանի ղեկավարը արագորեն շտապում է շնորհավորել չընտրված բռնակալին։ 

Այս ամենը կարող է ու իրավունք ունի ասել ցանկացած ոք, բայց ոչ երբեք ռոբասերժական դասի մարդիկ, քանի որ այս ամենը նաև ժամանակին իրենց քաղաքական հայրերի չընտրության ու ցուցարարներին ծեծելու, նրանց վրա կրակելու, սպանելու մասին է։ 

Դժվար չէ ենթադրել, որ եթե Փաշինյանը չշնորհավորեր Լուկաշենկոյին, այս նույն մարդիկ էլի դատափետելու էին նրան՝ ասելով, թե ՀՀ վարչապետը սեպ է խրում հայ-բելառուսական հարաբերությունների մեջ, թշնամանում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ կարևոր գործընկերոջ հետ, վտանգում Հայաստանի անվտանգությունը և այլն, և այլն։

Քաղաքական պատեհապաշտության այս նույն կեցվածքը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանի մոլի, անվերապահ պաշտպաններին, որոնք արդարացնում ու փառաբանում են Փաշինյանի ցանկացած քայլ ու որոշում՝ համարելով, թե նա ինչ անում է, միշտ ճիշտ է։

Եթե Փաշինյանը չշնորհավորեր Լուկաշենկոյին, այս անվերապահ պաշտպանները էլ ավելի հպարտորեն գովերգելու էին նրա քայլը՝ ասելով, թե, իհարկե, Հայաստանում հեղափոխություն իրականացրած, Մարտի 1, ցուցարարների ծեծուջարդ, կեղծված ընտրություններ տեսած ու այդ դրսևորումները մերժած, ժողովրդավարական արժեհամակարգ ունեցող մարդը ինչպես կարող է շնորհավորել կեղծիքներով ու բռնաճնշումներով նախագահի աթոռը բռնազավթած բռնապետին։ 

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ