«Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանելու է ՀՀ շահերին», հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հետաքրքիր է՝ մարդկության պատմության ընթացքում եղե՞լ է գոնե մի դեպք, երբ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանի պատերազմում պարտված կողմի շահերին։ Վստահաբար՝ չի եղել։ Հետպատերազմյան պայմանագրերը, որպես կանոն, համապատասխանում են հաղթա՛ծ կողմի շահերին։ Հետևաբար՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը երկու հնարավոր բացատրություն ունի։ Կամ դա նշանակում է, որ Հայաստանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը (որովհետև անհնար է, որ այն համապատասխանի ՀՀ շահերին, ընդ որում՝ ամբողջությամբ), կամ ՀՀ իշխանությունները համարում են, որ հայ-ադրբեջանական պատերազմում իրենք են հաղթել (իրենց առջև խնդիր էին դրել ամբողջությամբ հանձնել Արցախը՝ վերացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ մշտական «կռվախնձորը» և ճանապարհ հարթելով խաղաղության համար, հաջողությամբ իրականացրել են այդ ծրագիրը ու հիմա դրա դիմաց, որպես «հաղթած կողմ», ակնկալում են ՀՀ շահերից բխող պայմանագիր)։
Իսկ ավելի պարզ՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ՀՀ իշխանությունների ուղերձն է Ալիևին․ «մենք ձեզ օգնեցինք համեմատաբար հեշտությամբ հաղթել 44-օրյա պատերազմում, հետո ձայն-ծպտուն չհանեցինք, երբ ամբողջովին հայաթափեցիք Ղարաբաղը, իսկ հիմա, քանի որ մեր իշխանությունը նույնպես ձեր հաղթանակի մեջ փայ ունի, բարի եղեք վճարել այդ ծառայությունների դիմաց և խաղաղության այնպիսի պայմանագիր ստորագրել, որ մի քիչ էլ 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանի շահերից բխի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա փրկել դեմքն ու հայտարարել, թե տեսա՞ք, որ խոստացածս կարմիր գծերը պահում եմ»։
Հասկանալի է, որ այս ուղերձը գործնականում որևէ ազդեցություն չի ունենա։ Նախ՝ որովհետև թշնամիների միջև, որպես կանոն, «բանավոր պայմանավորվածությունները» չեն պահպանվում, դիմացինին «քցելն» էլ սովորական պրակտիկա է, և երկրորդ՝ Ալիևն ինքը դեմքը փրկելու խնդիր ունի և պիտի հնարավոր բոլոր ձևերով փորձի Հայաստանից արտատարածքային միջանցք պոկել։ Հետևաբար՝ մեր ԱԽՔ-ի ասածը գործնականում սա է․ «պայմանագիր չենք ստորագրելու, եթե ստորագրենք՝ Նիկոլին կասեն դավաճան, դուք ավելի լավ է Ղարաբաղի «հակաահաբեկչական գործողության» նման մի հարձակում էլ Հայաստանի ուղղությամբ իրականացրեք, որ այդ ֆոնի վրա Նիկոլը թուղթը ստորագրի, իսկ հետո նոր ընտրություններ կանենք, էլի «պողպատյա մանդատ» կստանանք ու պայմանագրի կետերը կյանքի կկոչենք»։
Ըստ երևույթին հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը մի քանի ամսվա դադարից հետո նորից խոսում է «Զանգեզուրի միջանցքի» ու Հայաստանի տարածքով «անխոչընդոտ փոխադրումների» մասին՝ առանց երկու երկրների միջև սահմանազատման հիմքերի հստակեցման, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում ընդամենը մարզային այցեր է կատարում՝ ակնհայտ նախընտրական մոտիվներով ու սցենարներով։ Ուժային կառույցներն էլ իրենց հերթին զբաղված են «պտուտակները ձգելով» ու հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում դիմադրության հավանական օջախների վերահսկմամբ։ Պարզ ասած՝ ուզում են իրականացնել 2021-ի արտահերթ ընտրությունների սցենարը, երբ 44-օրյա պատերազմից հետո մի քիչ ուշքի եկան, խոստացան «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», պահպանեցին իշխանությունն ու հակառակն արեցին՝ թույլ տալով Արցախի ամբողջական օկուպացիան։ Հիմա էլ խաղաղության համաձայնագրի փոխարեն ինչ-որ «շրջանակային փաստաթուղթ» կստորագրեն, կխոսեն «կարմիր գծերի» մասին, կգնան նոր ընտրությունների ու հաղթելու դեպքում կանեն ճիշտ հակառակը՝ կտրորեն իրենց իսկ հռչակած բոլոր կարմիր գծերը։
Իրադարձությունները կարծես թե հենց այս ուղղությամբ են զարգանում։
Մարկ Նշանյան