...

Շանտաժի հակառակ էֆեկտը

Շանտաժի հակառակ էֆեկտը

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր տեմպերն ու նա ասել է. «Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել՝ գործել: Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք: Վատ է, շատ վատ է պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Եվ վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց, որ գալիս եք միջնորդում եք, ասում եք՝ էսինչ աշխատողը վախենում է պատվաստվի. պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի: Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար:

Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, աշխատակազմ:  Երեկ թիվ եք տվել, որ 6000 մարդ է պատվաստվել: Երկրորդը՝ ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. ձերբակալեք, կալանավորեք»:

«ՉԻ». Ամենահետաքրքիրն այն է, որ ԵԽԽՎ-ն կորոնավիրուսային պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումների մասին բանաձև է ընդունել (թիվ 2361), որտեղ սևով սպիտակի վրա գրված է.

«Վեհաժողովը կոչ է անում անդամ-երկրներին և Եվրոպական միությանը՝

7.3 հաշվի առնելով պատվաստվողների մեծ քանակ ապահովելու հանգամանքը՝

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի ենթարկվում պատվաստանյութ ստանալու՝ քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների, եթե դա չի ցանկանում անել.

7.3.2 ապահովել, որ ոչ ոք խտրական վերաբերմունքի չարժանանա՝ առողջության հնարավոր ռիսկերի կամ պատվաստում չցանկանալու նկատառումներից ելնելով չպատվաստված լինելու պատճառով»:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում մարդ չկա՞ր, որ սա ցույց տար իրեն ու զգուշացներ, որ այդ սպառնալիքներով ԵԽԽՎ բանաձևին դեմ է գնում: Մի տոննա խորհրդական ու օգնական ունի, մեկը հուշեր, որ նման ոճով ավելի շատ մարդկանց է դրդելու չպատվաստվել: 

Հիմա որ ինչ-որ մեկին չպատվաստվելու համար աշխատանքից ազատեն, այդ մարդն էլ դատի տա, հասնի Եվրադատարան ու շահի դատը, փոխհատուցողը վարչապե՞տն է լինելու:

Մենք չպատվաստվելու կոչ չենք անում, քավ լիցի: Մենք խորհուրդ ենք տալիս հանրության հետ պատվաստման նշանակության մասին խոսել ոչ թե շանտաժի ու քրգործեր հարուցելու լեզվով, այլ համբերատար աշխատանքով, հստակ ու հասկանալի բացատրություններով, պարզաբանումներով, մասնագետների ներգրավմամբ, հաղորդումներով: Թե չէ էս ի՞նչ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ