...

Տրորելով պատերազմի կանոնները

Տրորելով պատերազմի կանոնները

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով հայտարարված արտակարգ դրության և իշխանության գործելաոճի մասին, հայտարարել է, որ ոչ ոք չպետք է Նիկոլ Փաշինյանին օգնի, որովհետև միևնույն է, նա շնորհակալ չի լինելու և մեղադրելու է քաղաքացիներին: 

Նարեկ Սամսոնյանի այս խոսքերի առթիվ մի բան հիշեցնենք: Արցախյան պատերազմի ժամանակ Դաշնակցությունն ուներ իր ջոկատները: Այսինքն, ջոկատները՝ բոլոր զինվորներով ու հրամանատարներով, ՀՅԴ անդամներ էին: Արցախի բոլոր շրջաններում էլ ՀՅԴ-ն նման ջոկատներ ուներ: Հիմա շատ քչերը գիտեն, թե ինչպես էին այդ ջոկատները ձևավորվել և ինչու էին մարդիկ անդամագրվում ՀՅԴ-ին:

Հիմնական պատճառը սնունդն ու հանդերձանքն էր: Դաշնակցությունը իր ջոկատների զինվորներին ապահովում էր լավ սննդով ու հագուստով: Փողի պրոբլեմ չունեին: Բացառապես իր ջոկատներին: 

Այսինքն, կարելի էր նման պատկեր տեսնել. իրար կողքի երկու ջոկատ էին, մեկը՝ դաշնակների, մյուսը՝ ոչ դաշնակների: Դաշնակցությունը բերում էր, իր ջոկատի տղաներին սնունդ էր բաժանում՝ մսեղեն, տուշոնկաներ և այլն, ու բոլ-բոլ: Իսկ կողքի ջոկատին բան չէին տալիս, այնտեղ բավարարվում էին մի կտոր հացով, կարագով, օրը գիտեր: Այն ժամանակ ջոկատներին լավ սննդով ապահովելու խնդիր կար, շրջափակում էր, ճանապարհներ չկային և այլն: Ու շատերը ստիպված մտնում էին դաշնակցական ջոկատներ՝ նորմալ սնվելու համար: 

Ավելին ասենք. որ բացեք 1992-94 թվականների դաշնակցական «Երկիր» և «Ազատամարտ» թերթերը, այնպիսի տպավորություն կստանաք, որ Ադրբեջանի հետ պատերազմում է միայն ՀՅԴ-ն: Այնտեղ միայն դաշնակցական ջոկատների ու զինվորների մասին էին գրում, նրանց գործողություններն էին ներկայացնում, միայն ՀՅԴ անդամ զինվորների մահվան գույժն էին հրապարակում: «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոս վանկարկելով՝ ազգի պառակտման քաղաքականություն էին իրականացնում:

Նարեկ Սամսոնյանը և նրա նման շատերը նույն հոգեբանությամբ են գործում: Այսինքն՝ ազգը, հայրենիքը փրկելու կարգախոսների ներքո իրականում հարվածում են պետությանը: Ընդգծում ենք՝ պետությանը: Պետությունը՝ դա դեռ Նիկոլ Փաշինյանը չէ, պետությունը՝ բոլորս ենք, այդ թվում՝ Նարեկ Սամսոնյանը: Այս իրավիճակում մեր պարտքն է օգնել պետությանը, նեցուկ լինել նրան, ինչով կարող ենք: Ու կապ չունի, ով է պետության գլխին. Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե՝ Նարեկ Սամսոնյանը: Բոլոր դեպքերում մեր վերաբերմունքը նույնն էր լինելու:

Որովհետև երբ պատերազմ է, երբ արտակարգ իրավիճակ է, լուրջ մարտահրավեր է, կուսակցական պատկանելիությունը, քաղաքական համոզմունքները, իշխանություն-ընդդիմություն հակասությունները երկրորդական պետք է լինեն: Կորոնավիրուսը չի նայում, մարդը իշխանություն է, թե՝ ընդդիմություն, լիբերալ է, թե՝ պահպանողական, նիկոլական, թե՝ քոչարյանական: Պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանը չէր նայում՝ դիմացի հակառակորդը դաշնակցական է՞ր, թե՞՝ հհշ-ական, Հայաստանից է՞ր, թե՞՝ Ջավախքից: Պատերազմը սահմաններ չի ճանաչում:

Ու եթե այդ իշխանություններին օգնելու խնդիր կա, օգնելու ենք, ու մեզ հետաքրքիր չէ՝ Փաշինյանը հետո մեզ շնորհակալություն կհայտնի, թե՝ ոչ, կմեղադրի ինչ-որ բանում, թե՝ ոչ, ընդհանրապես «до лампочки»: Մենք Փաշինյանին չենք օգնում, մենք մեզ ենք օգնում, մեր ընտանիքներին, հարազատներին, հարևաններին, ընկերներին, վերջապես՝ մեր հայրենիքին: 

Ու այս իրավիճակում կանգնել և հրապարակավ կոչ անել, որ ոչ ոք չպետք է Նիկոլ Փաշինյանին օգնի... մարդու լեզուն էլ չի պտտվում, որ որակումներ տա: Դուք որոշեք, թե սա ինչպես անվանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ