...

Իշխանությունը պատրաստվում է վատթարին, հասարակությունը պետք է պատրաստ լինի

Իշխանությունը պատրաստվում է վատթարին, հասարակությունը պետք է պատրաստ լինի

Կարանտինը ոնց որ թե վատ է անդրադառնում իշխանության վրա։ Կարանտինը նրանց դարձնում է նախկին իշխանություն։ Կարանտինը ոնց որ թե սրել է հեղափոխականների «ուղեղային մորմոքն» ու «սրտի հիվանդությունը»։ Սրա վերջը պարանոյան է։ Սրա վերջը մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերահսկելի դարձնելու նախագծերն են։ Եվ այդպիսի մի բան մտածել էին՝ ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։ Եվ ունեն դրա բացատրությունը՝ փրկել կյանքեր։ 

Ամբողջ Հայաստանը մտցրել են կարանտին, հիմա ուզում են հեռախոսազանգերին հետևել։ Ոնց որ թե նրանց նույնիսկ դուր է գալիս կարանտին խաղալը։ Երեխաները իշխանություն են ձեռք բերել։ Գլխավոր երեխա Տիգրան Ավինյանը Հայաստանը հարմարեցնում է իր մանկության երազներին։ Ու հիմա ստացել է այդ Հայաստանը։ Ու պետք է ամեն գնով պահպանել այդ իշխանությունը, որովհետև ավելի վատ է լինելու։ Իրականության զգացումը կորցնելը պոզով-պոչով չի լինում։ Կարանտինը նրանք օգտագործելու են ամբողջ թափով։ Դիցուք, ուզում են թափանցիկացնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Այսինքն, մենք դորդուբեշ ենք արել նրանց լեգիտիմությունը, հիմա հերթը հ/կ-ներինն է։ 

Ու, գիտե՞ք, ինչ է արվում իրականում։ Իրականում ցանկացած վատ օրենք հիմա կարելի է անցկացնել, որովհետև ոչ մեկը չի կարողանա բողոքի ցույց անել, հիմա բոլորի դարդ ու ցավը կորոնավիրուսով չհիվանդանալն է։ Դիցուք, կարելի է փոխել նաև «Հանրահավաքների ու ցույցերի մասին» օրենքը։ Ավինյանը կնշանակվի գլխավոր ցրիչ ու ամեն օր ասուլիս կտա այն մասին, թե ինչքան ժողովրդավարական է այս օրենքը, սակայն ժամանակները ստիպում են այն ավելի ժողովրդավարական դարձնել՝ մեկիդ բողոքելիս փողոցում տեսել եմ, 5 տարի կնստեցնեմ։ Բայց ինչո՞ւ է այս ամենը արվում։ Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը խորամանկ պլան են մշակել։ Կորոնավիրուսը վաղ թե ուշ նահանջելու է։ Բայց մինչ այդ այն պետք է այնպիսի մոնստր դառնա, որ ավելի վախենալու բան մեր հասարակությունը չպատկերացնի։ Ահա ինչու օր օրի ավելի են խստացնում ինքնամեկուսացման պայմանները։ Այն գնալով դառնում է տոտալիտար։ 

Կորոնավիրուսը դարձել է առանց Սահմանադրական դատարանի մնացած այս իշխանության միակ Սահմանադրությունը, խելքներին փչած խստացումը հռչակում են։ Ու բողոքողն ո՞վ է։ Ամենակարևորը՝ ո՞նց է բողոքելու։ Ֆեյսբուքո՞վ։ Սպասեք, հերթը Ֆեյսբուքին հետևելուն էլ կհասնի։ Հեղինակը Ցուկերբերգը չէ՞։ Հետևաբար վտանգավոր է մեր պետության համար։ Հեռախոսազանգերին հետևելու օրինագծի քվեարկության տապալվելն էլ դեռ թեման չի փակել։ Նորից են փորձելու անցկացնել։ Ու կանցկացնեն։ Մի խոսքով այս իշխանությունը կարանտինի ամեն վայրկյանն է օգտագործում հատկապես իր համար առավելագույն օգուտ ստանալու համար։ Ինչո՞ւ, ժողովուրդ։ Ի՞նչ են մտածել այս մարդիկ։ Հատկապես փոքրիկ Ավինյանը։ 

Ահա թե ինչ։ Կարանտինի վերացումից հետո երկիրը մտնելու է բնականոն հուն։ Անկասկած տնտեսական իրավիճակը երկրում խայտառակ է լինելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն իսկ աշխատանք են կորցրել, տուրիզմն ընդհանրապես մի քանի ամիս, գուցե տարուց ավելի խելքի չի գալու, մեծանալու է իշխանության հանդեպ դժգոհությունը, մարդիկ լցվելու են փողոցներ, բողոքի գործողությունները կարող են դառնալ անկանոն և անվերահսկելի։ Եթե նկատել եք, էս գլխից իշխանությունները մեզ սովորեցնում են ոստիկանության դաժանություններին։ Զգուշացնում են, որ կարանտինի կանոններին չհետևողների հանդեպ լինելու են կոշտ։ Մեր աչքը և միտքը պետք է սովորի այսպես կոչված «կարանտինային» սահմանափակումներին, որովհետև դրանք շարունակելու են գործել նաև կարանտինից հետո։ Եթե նույնիսկ չգործեն, իշխանություններին պետք են գալու այդ սահմանափակումները։ Նրանց համար այս ամենը իշխանությունը պահպանելու ուսուցողական զորավարժություններ են։ 

Կարանտինից հետո ժողովրդի մի մեծ հատված ուշքի չի գալու այն զրկանքներից, որոնց ստիպված եղավ ենթարկվել։ Եթե նկատում եք, շահած է դուրս գալիս կրկին օլիգարխիան։ Հետևաբար նրանք նույնպես իշխանություններին պետք կգան, որպես իշխանությունը պահելու հենարան։ Հ/կ-ները նույնպես օր առաջ պետք է լինեն վերահսկելի, որովհետև սեփական քաղաքացիների հանդեպ բռնությունները բացառված չեն, իսկ հ/կ-ները «աղմկարար» են, կարող են իշխանություններին անհամ բնութագրեր տալ։ Էս գլխից հ/կ-ները պետք է տրամադրվեն ավելի սերտ համագործակցել իշխանությունների հետ։ «Հ/կ-ների մասին օրենքում» արված փոփոխությունները հենց իշխանությունների «հրավերքն» է այս գլխից խելքները գլուխները հավաքելու։ 

Մի խոսքով վատ է լինելու։ Հաստատ։ Իշխանությունը դա գիտի։ Ու պատրաստվում է։ Ու դրա անունը կոչվում է կյանքեր փրկել։ Բանակ էլ են մտցնելու, հանրահավաքներ էլ են արգելելու, հեռախոսազանգերին էլ են հետևելու։ Մարդիկ ամեն ինչ անելու են։ Որովհետև մարդիկ փողից զրկվում են, բայց վարկերը պահպանվում են, կորցնում են աշխատանքը, բայց վարկերը պահպանվում են, մեռնում են կորոնավիրուսից կամ մահվան դուռն են հասնում, բայց վարկերը պահպանվում են, հաց չունեն ուտելու, իսկ վարկերը պահպանվում են։ Բա իհարկե ինչ-որ ձևով պետք է պատրաստ լինեն վատթարին։ Իսկ վատթարը բռնապետությունն է, որին էլ պատրաստվում են։

Սարգիս Գրիգորյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ