...

Քաղաքական վերադասավորումներ Արցախում

Քաղաքական վերադասավորումներ Արցախում

Արցախում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից, խորհրդարանի կազմի ձևավորումից, Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նորընտիր նախագահը առաջին նշանակումներն է արել։ Այդ նշանակումներով ուրվագծվում է Արցախի ներքաղաքական դասավորության ընդհանրական պատկերը։

Առաջին նշանակումներում ուշագրավ են հատկապես երկուսը, որոնք ոչ միանշանակ են ընդունվել քաղաքական ու հասարակական շրջանակներում, մանավանդ, եթե հաշվի առնենք նախընթաց գործընթացներն ու նախընտրական շրջանի տրամադրությունները։ 

Այսպիսով, Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Մայիս Մայիլյանին նշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, ավելի ճիշտ՝ վերանշանակել է։ Մայիլյանի նշանակման մասով Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»:

Երկրորդ նշանակումն ավելի հետաքրքիր է։ Արցախի ՊԲ նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այս նշանակման մասով Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ: Նա երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։

Բաբայանի հետ համագործակցության պահով նա շեշտել է վերջինիս կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների քանակը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը հանդես էին գալիս մեկ թիմով։ Զրկված լինելով որպես նախագահի թեկնածու առաջադրվելուց՝ Սամվել Բաբայանը պաշտպանում էր Մասիս Մայիլյանի թեկնածությունը։ Ըստ ամենայնի, առաջին փուլում վերջինիս հավաքած ձայների զգալի մասը, կարելի է ասել, Բաբայանի շնորհիվ էր։

Ընտրությունների առաջին փուլի նախընտրական քարոզարշավում Արայիկ Հարությունյանն ու իր թիմակիցները բավական կոշտ հակաքարոզչութուն էին իրականացնում Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի դեմ, նրանց վերագրում հազար ու մի մեղքեր, Մայիլյանին անվանում սորոսական ու հակառուս, հիշեցնում Սամվել Բաբայանի ոչ միանշանակ անցյալը։ Այս հակաքարոզչությանը լայն մասնակցություն էին ցուցաբերում հայաստանյան ռոբասերժական շրջանակները, հատկապես Մասիս Մայիլյանի մասով։ 

Մասիս Մայիլյանը հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, իսկ ընտրողներին կոչ արեց բոյկոտել ընտրությունները։ Նա ընդհանրապես կասկածի տակ էր դրել ընտրությունները՝ փաստացի դրանք համարելով ոչ լեգիտիմ։ Այս քայլերից ու հայտարարություններից հետո թվում էր, թե Արցախում ընտրական պրոցեսների ավարտից ու նոր իշխանության ձևավորումից հետո Մասիս Մայիլյանը կարող է տեղափոխվել ընդդիմադիր դաշտ և ձեռնամուխ լինել նոր որակի ընդդիմության ստեղծման գործընթացին։ Սակայն եղավ հակառակը։

Մի քիչ այլ է Սամվել Բաբայանի պարագան։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից Մասիս Մայիլյանի հրաժարվելուց հետո նա իր կողմնակիցներին կոչ էր արել քվեարկել իրենց ցանկությամբ։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը մասնակցեցին առանձին՝ սեփական թիմերով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանց համագործակցությունը գաղափարական հենք չուներ։ Բաբայանի կուսակցությունը գրավեց երկրորդ տեղը, Մայիլյանի կուսակցությունը չանցավ նոր խորհրդարան։ 

Սամվել Բաբայանի ու Մասիս Մայիլյանի նշանակումների պահով Արայիկ Հարությունյանն հայտարարել է, որ դրանք չպետք է համարել քաղաքական առևտուր. «Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»։ Խոստովանենք՝ ոչ այնքան համոզիչ բացատրություն է, սակայն հաշվի առնելով Արցախի յուրահատուկ վիճակը՝ ընդունելի։ 

Վերջերս Արցախում կայացած ընտրությունները գնահատելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրություններում հաղթանակ են տարել հեղափոխության աջակից ուժերը։

Հաղթանակի առումով խիստ կասկածելի գնահատական է։ Սակայն անկասկած է մեկ բան. ընտրություններում հակահեղափոխական հիմնական ուժը՝ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու իր կուսակցությունը, ջախջախիչ պարտություն են կրել։ Սա է ամենակարևորը։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ