...

Ադրբեջանի PR մենեջերները Հայաստանում

Ադրբեջանի PR մենեջերները Հայաստանում

Եվ այսպես, Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազությունը վարույթ է նախաձեռնել երկու հոդվածներով, որոնցից մեկը «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» մասին է, մինչ այդ էլ Անդրանիկ Քոչարյանն էր աղմուկ-աղաղակ բարձրացրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 20-ից հետո 1,8 միլիարդ դոլարի զենք-զինամթերք հանձնվեց (ռուսներին, թե ադրբեջանցիներին՝ էական չէ)։ Իշխանական քարոզչությունը կամաց-կամաց տալիս է իր պտուղները, ու Հայաստանում արդեն շատերն են դժգոհում՝ «լավ, բայց ղարաբաղցիք էդքան զենք ունեին, ինչո՞ւ չդիմադրեցին»։ 

Հասկանալի է, որ դժգոհողները հիմնականում ֆեյսբուքյան հայրենասերներն են ու նրանք, ում՝ պատերազմի մասին պատկերացումները ձևավորվել են «Ձորի Միրոն» կամ լավագույն դեպքում «Ռեմբո» ֆիլմերի հիման վրա, երբ մեկը քարի ետևից թվանքով ոչնչացնում է «շուն ասկյարներին» կամ չոմբախով ուղղաթիռ ոչնչացնում, բայց այս հարցով որոշակի պարզաբանումներ, կարծում ենք, պետք են։

Ո՞նց թե «ինչու չդիմադրեցին»։ Բա ադրբեջանցիների պաշտոնապես ընդունած 200-ից ավելի (այլ տվյալներով՝ համարյա 500) կորուստները որտեղի՞ց, չլինի՞ ինֆարկտից են մահացել։ Այդ «ինչո՞ւ չդիմադրեցին» հարցնողները գոնե պատկերացնո՞ւմ են, որ ադրբեջանական մոտ 45 հազարանոց զորքի դեմ կռվել են ընդամենը մի քանի հազար հայեր՝ ԱԹՍ-ների ուղիղ հարվածների տակ, առանց հակաօդային պաշտպանության միջոցների, առանց տեխնիկայի (որովհետև ցանկացած շարժի դեպքում տեխնիկան անմիջապես խոցվում էր), փաստացի՝ առանց պաշտպանական կառույցների (որովհետև եղած դիրքերը վերևից անարգել խոցվում էին, կոորդինատներն էլ ադրբեջանցիներն էին վերևից նկարել, թե ռուսներն էին տվել՝ հայտնի չէ), ընդ որում՝ այդ մի քանի հազար հայ զինվորներն իննամսյա շրջափակումից հետո բառացիորեն սովահար էին, որովհետև անգամ իրենց խեղճուկրակ օրապահիկն էին մեկումեջ ուտում, որպեսզի հնարավորության դեպքում գոնե կեսը տնեցիներին ուղարկեն։ Ադրբեջանում մինչև հիմա վայնասուն է, թե «բա մեծ-մեծ խոսում էիք, էդ ո՞նց 23 ժամում մի քանի հարյուր զոհ տվեցինք», իսկ Երևանում, պարզվում է, դժգոհ են, որ «ղարաբաղցիք լավ չեն կռվել»։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է իշխանական քարոզչությունը Հայաստանում զարգացնում այս թեման։ Առաջինը՝ փաստացի շարունակում է «11 հազար դասալիքների» և «550-600 հազար պոտենցիալ դասալիքների» թեման, որպեսզի հանրային գիտակցության մեջ արմատավորի այն միտքը, թե մենք անգամ զենք-զինամթերք ունենալու պարագայում ի վիճակի չենք դիմադրել, մենք թույլ, վախկոտ, չկռվող ժողովուրդ ենք, հետևաբար՝ ինչ էլ զիջենք, սուսուփուս պիտի ընդունեք ու չդժգոհեք (այս հարցում, ի դեպ, Նիկոլի և Ալիևի քարոզչական նպատակները նույնական են)։ Երկրորդը՝ որպեսզի Արցախի հայաթափման համար որևէ պատասխանատվությունից հրաժարվի ու մեղքն ամբողջովին բարդի ուրիշների վրա՝ ԼՂՀ վերջին օրերի իշխանություններ ու դրանց երևանյան հովանավորներ, ռուսներ և այլն, իսկ ավելի լավ է՝ «երկուսը մեկում»։ Ամենաակտիվը հենց այդ վարկածն է տարածվում՝ ռուսների դրդմամբ և Քոչարյանի ու Սերժի աջակցությամբ Արցախում հեղաշրջում արեցին, որպեսզի Արցախը հայաթափեն, որովհետև ռուսներին Ղարաբաղի բանակի զենք-զինամթերքը «վիզ պետք էր»։ 

Երրորդ պատճառն էլ երևի այն է, որ Նիկոլի իշխանությունը դժգոհ է մնացել Արցախի հայաթափման ընթացքից։ Հասկանո՞ւմ եք, այդ «սրիկաները», մինչև վերջին փամփուշտը կռվելու և ծեր ու մանուկ մինչև վերջին մարդը կոտորվելու փոխարեն, դիմադրել են այնքան, որքան ողջամիտ են համարել, ու որոշել են ողջ մնալ։ Ինչպիսի հիասթափություն Նիկոլի համար․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե 100 հազար մարդ կոտորվեր, ինչպես կամրապնդվեին Նիկոլի «միջազգային դիրքերը», ինչ ճառեր կարտասաներ, աջակցության ինչ սրտառուչ միջազգային ուղերձներ կստանար․․․ Բայց՝ չէ․ նրանք գերադասել են ողջ մնալ ու դրանով իսկ դավադրաբար խափանել են Նիկոլի ծրագրերը։ Բա այդքանից հետո չարժե՞ նրանց գոնե «վախկոտ» անվանել։

Համ էլ՝ պետք է այնպես անել, որ նրանք Հայաստանում իրենց «երկրորդ սորտի» մարդ զգան ու ինչ-ինչ գործընթացների մասնակցելու «երեսատեղ չունենան»։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ