Իջևանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումն ու զրոյացումը»։ Ապա որպես դրա պատճառ նշել է 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովը, հետո ինքն իրեն մեղադրել, որ մինչև 44-օրյա պատերազմը ժողովրդին այդ մասին չի ասել, որովհետև դա իր համար հոգեբանորեն և էմոցիոնալ առումով անհնար էր, նույնիսկ ինքն իր հետ չի կարողացել խոսել այդ թեմայով, և այլն։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է, մեղքը նախկինների վրա բարդելու հերթական փորձը, հետևաբար՝ ասվածի մեջ որևէ նորություն չկա։ Իրականում այս մանիպուլյացիան այնքան էլ «հերթական» չէ, սա, կարելի է ասել, անցյալը խեղաթյուրելու նոր «լևըլ» է, և ահա թե ինչու։
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգ» և ինչ է նշանակում «զրոյացում»։ Դեռևս այն ժամանակ ասվել է, չէ՞, որ մեր նպատակն է՝ ապահովել, որ 3 հազարամյա հայկական Արցախում ևս 3 հազար տարի հայեր ապրեն։ Հասկանալի է, չէ՞, որ դա ապահովելու համար Արցախում պիտի «պետական հաստատված կարգ» լիներ, այսինքն՝ պիտի լիներ հանրապետության տիպի պետական կազմավորում, ընդ որում՝ հայկական։ Հարց՝ նույն այդ լիսաբոնյան գագաթնաժողովից հետո առաջարկված (և, ի դեպ, Ադրբեջանի կողմից ընդունված) կարգավորման տարբերակով այդ «պետական հաստատված կարգը» պահպանվո՞ւմ էր, թե՞ «զրոյացվում»։ Ավելի կոնկրետ՝ Արցախն ունենալո՞ւ էր սեփական նախագահ, կառավարություն, խորհրդարան, սեփական Սահմանադրություն, դրոշ, զինանշան․․․ Այո, ունենալու էր։ Ունենալո՞ւ էր սեփական բանակ, ոստիկանություն, այլ ուժային կառույցներ։ Այո, ունենալու էր։ Ո՞րն էր լինելու պաշտոնական լեզուն այդ հանրապետությունում։ Ճիշտ է, հայերենը։ Միջազգային կառույցներն իրավունք ունենալո՞ւ էին լարվածության աճի դեպքում միջամտել՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության։ Այո, ունենալու էին։ Բա ո՞նց է այսքանից հետո ինչ-որ մեկի լեզուն պտտվում՝ հայտարարել, թե Լիսաբոնից հետո Արցախի հանրապետության լուծարումն ու զրոյացումն անխուսափելի էր։ Այդ ի՞նչն էր «զրոյացվում», եթե անկախ հանրապետության գրեթե բոլոր ատրիբուտները պահպանվում էին, ընդ որում՝ միջազգային երաշխիքներով։
Լավ, իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դիմում այս բացահայտ կեղծիքին։ Իրականում սա լավ մտածված տակտիկական հնարք է։ Պատկերացրեք այսպիսի վիճակ։ Ունենք «հիվանդ», որի բուժումը, ճիշտ է, բավականին բարդ է, բայց՝ միանգամայն հնարավոր, ընդ որում՝ «բուժման կուրսը» հայտնի է, դրական արդյունքը՝ երաշխավորված։ Բայց հայտնվում են ինչ-որ մարդիկ, «բուժող բժշկին» ուժով հեռացնում ու 20 տարի շարունակ, հիվանդին բուժելու փոխարեն, նրա հարազատներից «փող քերում»։ Հետո հայտնվում է սրանցից ավելի անգրագետ մեկը ու թևքերը քշտած սկսում «բուժել», որի հետևանքով կարճ ժամանակ անց հիվանդը մահանում է։ Հիմա ի՞նչ պիտի անի այդ «բժիշկը», որպեսզի հանկարծ հիվանդի հարազատները «սամասուդ չանեն»։ Դուրս է գալիս նրանց առաջ ու դեմքի վշտաբեկ արտահայտությամբ (Նիկոլի մոտ դա լավ է ստացվում) սկսում ինքն իրեն քարկոծել՝ «ես էն գլխից գիտեի, որ հիվանդն անբուժելի է, բայց համարձակություն չունեցա ձեր աչքերի մեջ նայելով ասել դա, ծեծե՛ք ինձ, հայհոյե՛ք ինձ, բայց՝ միայն դրա համար․․․»։ Հասկացա՞ք։ Մարդը մեծ խաբեությունը (իբր՝ հիվանդն անբուժելի էր) կոծկելու համար ինքն իրեն ընդամենը որպես անկեղծ գտնվելու համարձակություն չունեցող թուլամորթ է ներկայացնում, որպեսզի այդ էժանագին ներկայացմանը հավատացողներն ասեն «հա, դե մարդ է՝ իր մարդկային թուլություններով, բայց որ մեր հիվանդն անբուժելի էր՝ ինքն ի՞նչ կարող էր անել»։
Ուշադրություն դարձրեք՝ նրա այդ սուտը միանգամայն ձեռնտու է նաև իրեն նախորդած երկու «բժիշկներին», որովհետև ստացվում է, որ «հիվանդությունն անբուժելի էր դարձել» դեռևս իրենցից առաջ՝ 1996-ին։ Ու նրանք, վստահաբար, առանձնապես չեն էլ ընդվզի Նիկոլի այս նոր մանիպուլյացիայի դեմ։
Ամոթ չլիներ՝ երևի շնորհակալություն էլ կհայտնեին։
Մարկ Նշանյան