...

Բա չիմանա՞նք՝ ով ում «շան որդին» է

Բա չիմանա՞նք՝ ով ում «շան որդին» է

Ուղիղ 40 օր առաջ Ադրբեջանը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ու միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո վերացրեց Արցախը, իսկ հայ հասարակական-քաղաքական միտքը բաժանվել է երկու մասի ու կենաց-մահու բանավեճ սկսել՝ մեղավորը Նիկո՞լն է, թե՞ նախկինները՝ Սամվել Շահրամանյանի «գործուն դերակատարմամբ»։ Վերջինս էլ, հասկանալով, որ հիմա ով հասնի՝ իր գլխին է բամփելու, մի խեղճուկրակ հարցազրույց է տվել, որի հիմնական ասելիքն այն էր, որ «ռուսները մեզ խաբեցին»։

Այլ ասելիք չէր էլ կարող լինել, որովհետև 30 տարի շարունակ Ստեփանակերտում գեներացված միակ քաղաքական գաղափարն այն է եղել, որ «ռուսները մեզ չեն խաբի», հետևաբար՝ «միջազգային հանրություն», «արտաքին քաղաքականություն», «տարածաշրջան», «ուժերի հարաբերակցություն», ֆլան-ֆստան՝ դատարկ բաներ են, իսկ «ռուսները չեն խաբի», որովհետև նրանց ձեռնտու է հայկական Արցախի գոյությունը։ 1998-ից սկսած՝ Հայաստանում նույնպես սա է եղել գերիշխող «քաղաքական միտքը», ընդ որում՝ նաև Նիկոլ Փաշինյանի օրոք, մինչև 44-օրյա պատերազմը։ Այո, երբ նա, դեռ նոր-նոր իշխանությունը չանթած, ինքն իրենից զարմացած ու անհավասարակշիռ վիճակում, Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն երես առած երեխայի պես էր պահում՝ Սոչիի օդանավակայանում միտինգ անելով կամ հայտարարելով, թե «Ռուսաստանը պարտավոր է հաշվի նստել նոր իրողությունների հետ», նա առաջնորդվում էր հենց այն բութ համոզվածությամբ, թե «միևնույն է՝ ռուսները մեզ չեն քցի, որովհետև ո՞ւր պիտի կորչեն, մենք ենք նրանց միակ դաշնակիցը, հետևաբար՝ ինչ էլ անենք, խելոք կուլ կտան, քանի որ դա իրենց շահերից է բխում»։ Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նույն «քաղաքական միտքը» ձևակերպվեց մոտավորապես այսպես՝ «եթե ռուսներին պետք է, որ Ղարաբաղում հայեր ապրեն, թող իրենք էլ ոնց ուզում են ապահովեն, ո՞ւր պիտի կորչեն, ստիպված՝ կանեն դա, որովհետև իրենց շահերից է բխում, իսկ մենք կշրջվենք դեպի Արևմուտք ու կշարժվենք դեպի պայծառ ապագա»։ 

Արդյունքը գիտենք։ Ռուսները հերթական անգամ «քցեցին» (թարսի պես էլ՝ Զորի Բալայանն աշխատունակ չէր, որ նամակ գրեր ու ռուսներին բացատրեր, որ դա դեմ է իրենց շահերին), Արևմուտքն էլ, որը, ըստ Նիկոլի, Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» դեպքում խոստացել էր «լայն կոնսոլիդացիա», փաստացի «կոնսոլիդացվեց» միայն Արցախի հայաթափումը չտեսնելու տալու հարցում։ Ու հիմա Ռուսաստանն Արևմուտքին է մեղադրում «հայերին քցելու» մեջ, Արևմուտքը՝ Ռուսաստանին, մեր հասարակությունն էլ բաժանվել է երկու մասի, ու մի մասը ռուսներին է «բալետ անում», մյուսը՝ Արևմուտքին։ Ամենաքննարկվող հարցն էլ այն է, թե ո՞ւմ «շան որդին» է, ի վերջո, Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, և ո՞ւմ «շան որդին» են եղել նախորդները («նա, իհարկե, շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» արտահայտությունը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարին ու վերաբերում էր Նիկարագուայի բռնապետ Սամոսային)։ 

Այս էկզոտիկ բանավեճի մասնակիցները, սակայն, չեն ֆիքսել ամենակարևորը՝ գերտերությունները, որպես կանոն, փոքր երկրների հետ վարվում են մոտավորապես նույն մեթոդներով, իսկ առանցքայինը «շան որդի» արտահայտությունն է, այսինքն՝ փոքր երկրներին մեծ խաղերի մեջ հանուն սեփական շահերի օգտագործելու և դեն նետելու պարտադիր նախապայմանն այն է, որ այդ երկրի ղեկավարը հոգով-սրտով «շան որդի» լինի։ Ու եթե որևէ փոքր երկրի հասարակության 95 տոկոսը բաժանվել է երկու մասի ու վիճում է, թե ո՛ր գերտերության միջոցով պիտի լուծել սեփական հարցերը, այդ երկրում ով էլ իշխանության գա՝ անխուսափելիորեն հոգով-սրտով-արժեհամակարգով «շան որդի» է լինելու։ Իսկ Հ1-ի տաղավարում հավաքված Ռուսաստան հայհոյողներն ու որևէ այլ տաղավարում հավաքված Արևմուտք ու Սորոս հայհոյողները, մեծ հաշվով, նույն գործն են անում․ ապահովում են, որ հանկարծ որևէ «ոչ շան որդի» Հայաստանում իշխանության հասնելու շանս չունենա։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ