ՉԻ ՌԻԹՄՈՎ
Վիրուսային իրադարձություններ
Այս շաբաթն անցավ «Տանը մնա» նշանաբանի ներքո: Կորոնավիրուսն ի վերջո Հայաստանում սկսեց տարածվել այնպես, ինչպես՝ աշխարհի շատ երկրներում: Այն այլևս լիարժեք մեկուսացնել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ՀՀ քաղաքացիները կպահպանեն սանիտարահիգիենիկ կանոնները, առողջապահության նախարարության խորհուրդները: Այլ տարբերակ չկա: Համաճարակն արդեն բանակի դռներն է բախել:
Ճիշտ է, շատ բան կախված է քաղաքացիներից, բայց իշխանություններն էլ իրենց կանխարգելիչ գործողություններում պետք է հստակ, իրար հետ փոխկապակցված քայլեր իրականացնեն: Ինչը այնքան էլ չի ստացվում: Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ հասարակական տրանսպորտը աշխատում է, «Գազելները» տեղափոխում են 10 ուղևոր, իսկ ահա տաքսիներում արգելվում է մեկ ուղևորից ավել մարդ վերցնել: Այսինքն, տաքսիում մի հոգու վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան՝ «Գազելում» 10 հոգո՞ւնը: Այստեղ տարրական լոգիկա էլ չկա:
Ապակայունացնող և «հերոսական» թեկնածուներ
Միակ վայրը, որտեղ կորոնավիրուսը դեռ չի հասել, Արցախն է: Բայց այնտեղ կորոնավիրուսին համարժեք թեժ իրավիճակ է, որը պայմանավորված է նախագահական ընտրություններով: Ակնհայտ է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ իրավիճակն այնտեղ ավելի է սրվելու: Երևում է, որ նաև Հայաստանից այդ իրավիճակը ավելի են սրում: Ընդ որում, և սա ցավով ենք նշում, նորից իրավիճակը ապակայունացնողը Վիտալի Բալասանյանն է և նրան «շախ» տվող ուժերը: Ենթադրում ենք, որ այնտեղ մինչև հիմա լուռ պայքար էր գնում թեկնածուների և նրանց աջակցող ուժերի միջև, կողմերը զերծ էին մնում իրար հասցեի քար շպրտելուց, բայց առաջինը չդիմացավ Վիտալի Բալասանյանը:
Քանի որ սոցհարցումներ պաշտոնապես չեն կատարվել, մենք միայն կարող ենք հենվել մեր ունեցած տեղեկությունների վրա, որ հաղթողի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Մեկը՝ նախկին վարչապետն է, մյուսը՝ նախկին արտգործնախարարը:
Վիտալի Բալասանյանն այս վերջին մեկ տարում իր վարքագծով, իր անթույլատրելի արտահայտություններով, Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրելու փորձերով այնքան իրեն վարկաբեկեց, որ եթե նույնիսկ Արցախի հերոսի 10 կոչում էլ տան, դրանից իր իմիջը ավելի դրական չի դառնա:
Դավիթ և Մարինա
Թերևս սա է կատաղության նոպա առաջացրել քոչարյանական ուժերի մոտ, մասամբ էլ՝ հանրապետական: Մի այնպիսի հիստերիկ հակաքարոզչություն է սկսվել հատկապես Մասիս Մայիլյանի դեմ, էլ դավաճան, էլ՝ հողերը պոտենցիալ ծախող: Մի մասն ասում է՝ դե, Արցախի նախագահ պետք է պատերազմի միջով անցած մարդը, իսկ այդպիսի Վիտալի Բալասանյանն է: Դավիթ Շահնազարյանն է միացել այդ հակաքարոզարշավին ու գիտե՞ք ինչն է ապշեցնում. էն Մարինա Խաչատրյանի հետ ձեռք-ձեռքի տված: Այս փաստը հոգեբանի կամ հոգեբույժի ուսումնասիրության լավ նյութ կարող է դառնալ: Գնացել են, ինչ-որ «չեստ» են տալիս Բալասանյանի նկարի տակ, ցնդաբանություններ դուրս տալիս:
Огласите весь список, пожалуйста!
Հա, մեկ էլ հանկարծ մի հատ լուր տարածեցին, թե Մասիս Մայիլյանի մուտքը դեպի Ռուսաստան արգելված է: Հղումը տվել են մի ֆեյք էջի, որն իր հերթին հղում է տվել մի ֆեյք մարդու, որն էլ մի ֆեյք թուղթ է տպել: Լուրջ-լուրջ դրել, տպել են, տարածել, ու կապ չունի, որ Մասիս Մայիլյանը հերքել է դա: Հերքումն էլ ոչ-ոք չի տպել: Ընդ որում, ակնհայտ է, որ կոնկրետ այս ակցիան, այսինքն՝ այս ֆեյք լուրի տարածումն ու հրապարակումը մի կենտրոնից է կազմակերպվել, այն կենտրոնից, որը Վիտալի Բալասանյանի թիկունքում է կանգնած:
Պարզ բան. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է այն լրատվամիջոցների ցանկը, որոնք Մասիս Մայիլյանին զրպարտող լուրը տարածել են.
- News.am,
- Times.am,
- Ankakh.am,
- Top-news.am,
- Politik.am,
- Slaq.am,
- Armlur.am,
- 24news.am,
- Հ2 հեռուստաընկերություն,
- 5-րդ ալիք TV:
Բոլորը, միանգամից, նույն ժամին լուրը հրապարակել են: Իմաստ չունի, չէ՞, նշենք, թե այս լրատվամիջոցներից որը ումն է, ով է սրանց ֆինանսավորում, ում պատվերներն են կատարում:
Իզուր Նիկոլը սրան պաշտոն չտվեց
Մեդիա-պաշտպան անունով մի ինչ-որ կոոպերատիվ կազմակերպություն կա, էն որ ամեն օր իբր զեկույցներ է հրապարակում, թե ինչպես են իշխանությունները ճնշում լրատվամիջոցներին: Հիմա այդ Մեդիա-պաշտպանը ասելու բան չունի՞: Ոնց որ թե խայտառակ բան է եղել, մի շարք լրատվամիջոցներ՝ խախտելով ԶԼՄ-ների մասին բոլոր հնարավոր օրենքները, չստուգված լուր են հրապարակել, մարդուն զրպարտել են, հետո էլ չեն ցանկանում այդ լուրի հետ կապված մարդու հերքում հրապարակել: Չնայած, ում ենք ինչ ասում, դա այն Մեդիա-պաշտպանն է, որը գնում՝ ֆեյք-օգտատերերի սեռական հայհոյանքներն է լայքում: