...

Խելոք չպահողների դառը օրերը

Խելոք չպահողների դառը օրերը

Շոգ և տեսարաններ

Շաբաթն ավարտվեց, փոխարենն այնպիսի շոգ սկսվեց, որ նույնիսկ պողպատն է հալվում: Հա, հենց ակնարկում ենք իշխանությունների պողպատը: Եվ ոչ միայն պողպատը. մանգաղը, չուգունը, մուրճը, պտուտակահանը, 25 համարի կլյուչը, տրակտորի ռեսորը... ինչ-կա, չկա, խառնեցին իրար ու հիմա ընկել են նրանց հետևից, ովքեր վերջին ընտրություններում իրենց խելոք չեն պահել:

Խելոք չպահողներին էլ կարելի է բաժանել երեք կատեգորիայի. առանձնակի դաժանությամբ խելոք չպահողներ, որոնցից մեկը «Իզմիրլյանի» Արմեն Չարչյանն է: Այս կատեգորիայի մարդկանց դատում են:

Երկրորդ կատեգորիայում միջին ծանրության խելոք չպահողներն են. տարատեսակ համայնքապետեր, գյուղապետ, մշակույթի պալատի և դպրոցի տնօրեններ, որոնք ոչ միայն Քոչարյանին են օգնել, այլ նաև իրենց լիազորությունների սահմաններում փորձել են քչից-շատից ազդել ընտրողների, գյուղացիների և աշխատողների վրա: Այս կատեգորիայի մարդկանց գործից հանում են:

Ամենահետաքրքիրը երրորդ կատեգորիայի մարդիկ են: Նրանք պարզապես իրենց խելոք չեն պահել: Օրինակ՝ Հայկ Մարությանը: Նա ակներև իրեն խելոք չի պահել: Գոնե գյոզերով աչքով տար, որ պետք է աջակցել այս իշխանություններին: Դա էլ չի արել: Մեղմացուցիչ չի համարվել նաև այն հանգամանքը, որ մինչև իշխանություններն ու ընդդիմությունն իրար շինելու վերաբերյալ բավական կառուցողական բանավեճ էին տանում ընտրարշավում, Հայկ Մարությանը սրա-նրա շինածների դեմ էր պայքարում ու քանդում: Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, թե ախպեր, սկզբից դու պետք է զբաղվեիր ընդդիմության ապամոնտաժմամբ, ջարդեիր նրանց դիրքերը, հետո նոր կզբաղվեիր քո բուն պարտականություններով: Չես արել: Այսինքն՝ մեզ հետ չես եղել: Իսկ ինչպես Րաֆֆու հերոսներից մեկն էր ասել. ով մեր հետ չէ, մեր թշնամին է:

Կասկածելի և թարմ կատեգորիա

Բայց երեկ անսպասելիորեն նոր կատեգորիա էլ ավելացավ: Սրան դեռ անուն չենք կարող տալ: Պարզապես ասենք՝ կասկածելիների կատեգորիա: Այս կատեգորիան բացեց հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Պաշտոնապես բանը եղել է այսպես. Արտավազդ Սահակյանին առաջարկել են Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի տարածքը թողնել, ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան ինչ-որ այլ տարածք: Պատճառն այն է, որ վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում, ինչպիսին համարվել է կլինիկայի տարածքը, և այն պետք է վերանորոգվի:

Բայց ահա Ա. Սահակյանը հանդես եկավ տեսաուղերձով և բոլորովին ուրիշ բան պատմեց: Ասաց, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից պահանջ է դրվել «ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է, և սա նոր պատմություն չէ. դեռ 2017 թվականին, երբ Արմեն Մուրադյանը նշանակվել է ԵՊԲՀ ռեկտոր, իրեն հորդորել է լքել տարածքը, տեղափոխվել մեկ այլ տարածք, ինչին ինքն ընդդիմացել է»։ 

Նրա խոսքով` պատերազմից հետո էլ՝ հունվարի 8-ին, իրեն է այցելել Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը` պահանջելով, որ նա ազատի բաժանմունքը։ «Պատկերացրեք` ես բժշկական համալսարանի ստորաբաժանման ղեկավար եմ, ամբիոնի վարիչ և բացարձակապես մտադրություն չունեմ որևէ այլ մասնավոր կամ հասարակական հիմնարկ տեղափոխվել: Իմ ռեկտորը, փոխանակ պաշտպանի իմ շահերը, պարտադրում է, որ ես դուրս գամ այստեղից: Կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու»,- ասել է Արտավազդ Սահակյանը:

Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, թեմայի վերաբերյալ ավելի խիստ էր արտահայտվել:  Նա իր ֆեյսբուքյան էջում այն տեսակետն է պաշտպանել, որ Արտավազդ Սահակյանին ստիպել են լքել իր իսկ հիմնած կլինիկան, քանի որ նա հրապարակային կերպով աջակցություն է հայտնել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին, իսկ Արամ Սահակյանն էլ «Հայաստան» դաշինքի անդամ է։

«…վստահ եմ, որ «Դու» սա կկարդաս, վասալներդ տեղ կհասցնեն: Էն որ հարմարվողական ես վաղուց գիտեինք: Բայց որ էս տեսակ անսկզբունք մարդանման էակ ես ցավոք նոր բացահայտում էր.... չես մարսելու...»:

Պարզ է, որ այս խոսքերը Արամ Սահակյանը հասցեագրել է Արմեն Մուրադյանին: Ահա այսպիսի անթաքույց թշնամական զարգացումներ են ընթանում առողջապահական համակարգում, որի մեջ ներգրավված են մեր շատ ու շատ հայտնի բժիշկներ:

Քանի որ աղմուկը գնալով մեծանում էր, Արմեն Մուրադյանն էլ խոսեց ու պատասխանեց Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին.

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին: Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին բազմիցս առաջարկվել է թե՛ Հերացի և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը, մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը»:

Դրա համար ենք ասում՝ կասկածելի կատեգորիա, քանի որ դեռ պարզ չէ, թե այս ամենի տակ ինչ է թաքնված: Բիզներ շահերի բախում է, քաղաքական պահեր կան, հարաբերություններ են պարզում, թե՝ ինչ, սա շատ արագ հասկանալի կդառնա: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ