Երկու իրականություն
Խորհրդային տարիներին գործում էր հետևյալ աքսիոմատիկ ճշմարտությունը՝ մի բան ասում ենք, այլ բան՝ նկատի ունենում:
Այս շաբաթ մենք արդեն լրիվ մտանք այդ ժամանակաշրջան: Ձևավորվել է երկու իրականություն. մեկն այն է, ինչը մենք տեսնում ենք, զգում ենք, երկրորդն այն է, ինչ մեզ մատուցում են:
Ի՞նչ ենք մենք տեսնում: Որ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ոճրագործը ազատության մեջ է: Ոչ միայն ազատության մեջ է, այլև ակտիվ գործունեություն է ծավալում, հանդիպումներ, հարցազրույցներ և այլն: Տեսնում ենք, որ կան «Մարտի 1»-ի զոհերի հարազատներ, որոնք այլևս հրաժարվել են մասնակցել «Մարտի 1»-ի գործով դատավարությանը՝ այն համարելով ֆարս, բեմականացված շոու, որտեղ իրենք անելիք չունեն: Տեսնում ենք, որ նախկինները, քոչարյանական կերակրամանից սնվողները, նրանց քարոզչամիջոցները բացահայտ ծաղրում են «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Ոչ միայն: Սպառնում են, հայհոյում են, բռնության կոչեր հնչեցնում, թշնամական մթնոլորտ ձևավորում:
Եվ ունենք մեկ այլ իրականություն, որը մեզ մատուցում են իշխանությունները: Այն է. ամեն ինչ ճիշտ է գնում, քայլ առ քայլ, քաղաքական ոչ մի խնդիր չկա, նախկինները դեռ պատասխան կտան, մենակ թե՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները մի քիչ համը հանեցին:
Գուցե ձեր համար ամեն ինչ լավ է գնում, դուք խնդիր չունեք, բայց մեր հանրությունը խնդիր ունի, մեր քաղաքացիները, որոնք չեն հասկանում, թե ինչպես կարելի է օրենքի երկիր կառուցել, եթե մարդասպանները, հանցագործները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:
Հեղափոխությամբ չծնվածները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախկիններից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, արդյոք դատավորները չե՞ն սպասարկում նախկիններին, ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասում է՝ դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում արդարադատության համակարգն ու դատական իշխանության հանդեպ մոտեցումները: Ասում է՝ հիմա 90-ական թվականները չեն, որ մի զանգով դատարաններին պարտադրեին այս կամ այն գործի վճիռը:
Մենք ձեզ ասենք, որ Ռուստամ Բադասյանը 90-ականներին նոր-նոր ծնված է եղել, նշանակում է, այդ տարիների մասին կամ փաստեր ունի, թե ինչ է տեղի ունեցել, կամ էլ կողքից պատմել են: Եթե փաստեր ունի, շատ կցանկանայինք, հրապարակեր, տեսնենք, որ գործով են իշխանությունները մի զանգով վճիռ պարտադրել, ով է զանգել, երբ, ոնց: Կամ էլ ընկել է նախկինների ազդեցության տակ և ասում է այն, ինչ իրենք 30 տարի երգում են:
Իսկ ահա մենք հարյուրավոր փաստեր գիտենք, թե ինչպես են 2000-ականներին վերևից մի զանգով որոշել՝ ով նստի ու որքան: Վիքիլիքսը հեղեղված է նման փաստերով, Եվրադատարանի բազմաթիվ վճիռներ կան, որոնք հայաստանյան դատարանների վճիռները բեկանել են՝ ընդգծելով, թե ինչ ապօրինություններ են թույլ տրվել այդ գործերի նախաքննության և դատավարության ընթացքում: 2000-ականները ինչ-որ չափով Ռուստամ Բադասյանի աչքի առաջ են եղել, դա թողած, 90-ականներից է խոսում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել. անպայման շեշտել 90-ականները:
Աղբը գնալով կուտակվում է
2000-ականների ապօրինություններին եթե պարտադիր իրավական գնահատականներ տրվեին, ապա այսօր Գևորգ Պետրոսյանը ձեզ այդպես չէր հայհոյի: Ընդհանրապես, Գևորգ Պետրոսյանը այսօրվա ընդդիմադիր դաշտը լցրած աղբի մարմնավորումն է: Խորհրդանիշը: Պլենտուսից ցածր մակարդակով քաղաքական դաշտում այս խորհրդանիշն է այսօր իշխանության «հակակշիռը»:
Այստեղ մենք կոնկրետ հարց ունենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Այդ ինչպե՞ս է լինում, որ ամբողջ նախարարությունով ընկել եք Աշոտ Բլեյանի հետևից, կարծես նրա մեջ են մեր կրթական համակարգի խնդիրները, իսկ ահա այն հանգամանքը, որ Գևորգ Պետրոսյանի պես մարդը համալսարանում դասավանդում է, ձեզ ընդհանրապես չի մտահոգում: Փողոցային մտածելակերպով, բառապաշարով, 90 տարեկան կանանց պես բամբասչի մարդը ձեզ ձեռք է տալիս, իսկ Աշոտ Բլեյանը, որի ղեկավարած դպրոցը պայծառ կետ է մեր կրթական համակարգում, ձեր աչքի փո՞ւշն է: Սա ի՞նչ աբսուրդ է: Սա ի՞նչ հեղափոխություն է, որ էդիկ մինասյաններն ու գևորգ պետրոսյանները պետք է մեր բուհերը կրթական աղբով լցնեն, իսկ Բլեյանը պետք է հեռանա: Գողը որ տնից լինի, եզը երդիկից էլ կհանեն. հիմա սրանցն է:
Կոնկրետ հարց ենք տալիս նախարարին. Գևորգ Պետրոսյանի բնույթի մարդը ի՞նչ օրինակ է ծառայում ուսանողներին: Սովորեցնում է ճի՞շտ գրել ղազագրերը, թե՞ բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի օլիգարխի դռան փալասը: Քրեական ժարգոնով, բանով:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ: Պատճառը Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության հետ անհամաձայնությունն է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020