Լուսանկարներն էլ չեն այրվում
Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր արխիվից լուսանկարներ է հրապարակում, որոնք մեր վերջին 15 տարվա պատմությունն են ներառում: Քիչ թե շատ քաղաքականությամբ զբաղված ցանկացած ոք կարող է իրեն գտնել այդ լուսանկարներում:
Եվ շատ հետաքրքիր է տեսնել այդ լուսանկարներում մարդկանց, որոնք միասին մասնակցում են ցույցերի, թիմակից, զինակից են եղել, պաչ-պռոշտի են անում, գրկախառնվում են, ծեծ են ուտում, հալածվում: Իսկ հիմա այդ նույն մարդիկ տարբեր ճամբարներում են հայտնվել: Ավելի ճիշտ, նրանց մի մասը մնացել է իր դիրքերում, իր ճամբարում՝ հավատարիմ իր համոզմունքներին, մի մասն էլ 180 աստիճանով շուռ է եկել և հայտնվել նրանց կողքին, ում դեմ տարիներ շարունակ պայքարել է:
2018թ. թավշյա հեղափոխության և դրան հաջորդած հեղափոխական ամիսների լուսանկարներն էլ կան: Որտեղ հեղափոխություն իրականացրած գործիչները իրար հետ են, միասին քայլում են, փողոց են փակում, միասին նշում հեղափոխության հաղթանակը, երդվում հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին: Արժե մի քանի տարի հետո այդ լուսանկարները հրապարակել և տեսնել, թե այս ընթացքում ով որտեղ է հայտնվել, ով է ճամբար փոխել, ով է ընկերոջը դավաճանել, ով է հեղափոխությունն ուրացել: Դա լինելու է: Դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ պարզապես բոլոր հեղափոխություններին և հեղափոխական ժամանակաշրջաններին բնորոշ երևույթ է: Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:
Մանավանդ որ իրար բզկտելու, իրար տակ փորելու նախանշանները շատ վաղուց են հայտնվել:
Լափից զրկվածների արշավը
Ամենավառ օրինակը Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Արսեն Թորոսյանը կառավարության ամենաքննադատվող և հայհոյվող գործիչն է: Ամեն օր իր հասցեին ինչ ասես, որ չեն գրում: Նրան համարում են Հայաստանում կորոնավիրուսի տարածման ամենամեծ մեղավորն ու պատասխանատուն: Նրա դեմ է դուրս եկել նաև առողջապահության համակարգի մի մասը: Ավելի կոնկրետ, այն մասը, որը սերտորեն կապված է նախկին իշխանությունների հետ, այն բուժհաստատությունները, որոնք պատկանում են նախկին իշխանություներին, կամ գտնվում են նրանց ազդեցության տակ, այն բուժհաստատությունները, որոնք տարիներ շարունակ պետությունից ահռելի գումարներ են ստացել, սակայն դրանից իրենց ծառայությունների որակը չի բարձրացել, իսկ հիմա զրկվել են գումար լափելու հնարավորությունից, այն բուժհաստատությունները, որոնք իրենց մոտ հանցագործների են պատսպարում, հետո կեղծ տեղեկանքներ տալիս, թե այդ հանցագործները հիվանդ մեռնում են, հետո պարզվում է, որ այդ հանցագործները ոչ միայն հիվանդ չեն, այլև լավ էլ առողջ են ու Սևանա լճում «կայֆավատ» են լինում:
Գողը տնից եղավ, հեղափոխությունը երդիկից էլ կհանեն
Ահա նախկինների այս զանգվածը անընդհատ հարվածում է Արսեն Թորոսյանին, և այժմ այդ արշավին միացել են նաև իշխանությունները, նախարարի երբեմնի հեղափոխական ընկերները: Առնվազն միացել են նրանով, որ ի պաշտպանություն իրենց ընկերոջ, իշխանական թևից գրեթե ոչ ոք ծպտուն չի հանում: Շատ քչերն են համարձակվում հրապարակավ զորակցություն հայտնել Ա. Թորոսյանին: Այս վերջին մեկ շաբաթում նաև իշխանական թևից սկսել են բացահայտ գործել Ա. Թորոսյանի դեմ: Բավական է ասել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին պատկանող լրատվամիջոցը Արսեն Թորոսյանին դավաճան համարեց, որ արձակուրդ է մեկնում: Հաջորդ օրն էլ դավաճան պիտակավորեց: Մյուս օրը Արսեն Թորոսյանի դեմ մի քանի «հավաստի» տեղեկություններ հրապարակեց, որ նախարարը ինչ-որ ղալաթներ է արել: Հետո պարզվեց, որ պարետն է նաև Ա. Թորոսյանի դեմ սլաքներ ուղղում, փորձում կորոնավիրուսի դեմ պայքարում առկա բացթողումների ամբողջ պատասխանատվությունը բարդել նախարարի վրա: Հետո «Իմ քայլի» այլ պատգամավորներ էլ սկսեցին բացահայտ ծաղրել ու քննադատել Առողջապահության նախարարին:
Սա բնավ չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը իդեալական է աշխատում: Թերացումներ էլ են եղել, բացթողումներ կան, էլի կլինեն, բայց նա պաշտոնյայի աշխատող տեսակն է, որը փորձում է առողջապահության համակարգը մաքրել տարիներով կուտակված կեղտից: Եվ այդ գործում շատ քչերն են նրա կողքին կանգնած, մի մասն էլ միայն խանգարում է: Բնական է, որ պաշտոնյայի աշխատող տեսակը պետք է նախկինների և հեղափոխության անվան տակ պաշտոններ, մանդատներ կպցրածների հարվածների կենտրոնում հայտնվեր:
Լավ նախարարի օրինակ
Օրինակ, Ռուստամ Բադասյանին նույն այս ուժերը չեն քննադատում: Եվ իսկապես, ինչի՞ համար քննադատեն: Ի՞նչ է արել: Հենց խնդիրն էլ այն է, որ ոչինչ չի արել: Հիմա այնպիսի ժամանակներ են եկել, երբ ոչինչ չանելն է խրախուսվում: Եթե Ռուստամ Բադասյանը արդարադատության համակարգում փորձեր իրականացնել բարեփոխումներ, որոնց շնորհիվ կոռումպացված դատավորները դուրս կշպրտվեին համակարգից, դատարանները կմաքրվեին նախկին իշխանությունների հանցագործությունները պարտակող դատավորներից, կտեսնեիք, որ քարոզչություն կտարվեր նրա դեմ: Բայց ինքը բան չի անում, հետևաբար՝ նրան քննադատելու առիթ էլ չկա: Այսինքն, քննադատողը հենց իշխանությունը պետք է լիներ, բայց նա լռում է: Ահա այսպես, հեղափոխությունը սկսում է գնալ դեպի լճացում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020