...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Թեժ հուլիսի զոհը

Շաբաթ չէր, այլ շանթ ու կրակ: Ու սա դեռ չհաշված 40 աստիճան շոգը: Ծիրան, ԱԹՍ, մարգարիտներ, մտքի գոհարներ, հայ-ադրբեջանական համաշխարհային կռիվներ. չտեսնված հագեցած օրեր էին:

Ամենաուշագրավը, իհարկե, այն էր, որ իրադարձությունների այս փոթորիկում տեղ գտնվեց նույնիսկ Աշոտ Բլեյանի համար: Հանգիստ, խախանդ, իր համար կրթահամալիր էր ղեկավարում, մեկ էլ բռնեցին ու բերման ենթարկեցին ոստիկանություն: Քոչարյանի օրոք դա հասկանալի էր. «հերոսը» նախորդ հանցավոր ռեժիմի դեմ պայքարում խոշորացույցով ամիսներ փնտրելուց հետո կանգ առավ Բլեյանի վրա: Բայց որ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ իրեն բերման կենթարկեին, դա անհավանական էր: Այն Բլեյանին, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիրներից է, այն «ՀԺ»-ի, որտեղ իր քաղաքական կարիերան է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այն Փաշինյանը, որի երեխաները Բլեյանի դպրոցում են սովորել: Խենթանոց:

Դե լավ, մարդ ես, հանրությունը պահանջում է պատախանատվության ենթարկել նախկիններին, կռիվ, ղալմաղալ իրավիճակ է, իշխանությունները երևի ամեն ինչ խառնել են իրար: Պատահում է:

Վիրտուալ ընդդիմություն

Բայց մենք հիմա անդրադառնանք իրական նախկիններին ու դրանց սպասարկող ներկաներին: Այս շաբաթ մեր ուշադրությունը գրավեց այն, որ սոցցանցերում վիրտուալ գաստարբայտերների խմբեր են ձևավորվել, որոնց բան ու գործը տարբեր հարթակներում իրենց պատվիրատուներին սպասարկելն է: Նման մի խումբ էլ մեզ էր այցելել: Այսինքն՝ մեր ֆեյսբուքյան էջ: Մի 20-30 հոգանոց խումբ էր, որի անդամները խիստ վրդովվել էին Քոչարյանի մասին մեր հրապարակումներից մեկի պատճառով: Բոլորն էլ մոտավորապես նույն բանն էին գրել. «Դուք վատն եք, Քոչարյանը՝ լավը»: Սրանցից ում էջը բացեցինք, ֆեյք էր: Մի քանի ամսից մինչև մի քանի օրվա բացած էջերով:

Ու մեկ էլ տեսանք, որ այս նույն խումբը մեկ ուրիշ լրատվամիջոցի էջում դոշ է տալիս Արթուր Վանեցյանի համար: Նույն ֆեյքերը: Արթուր Վանեցյանն ինչ-որ միտք էր հայտնել՝ «Солнышко выходит и людям жарко-жарко» կարգի, ու այս նույն խումբը տակը քոմենթ է, որ գրում էր: «Վանեցյան՝ հերոս», «Վանեցյանը՝ վարչապետ», «Լավագույն գործիչ», «Մենակ դու երկիրը կհանես ոտքի», «Հիանում եմ ձեզանով»: Բոլորն այսպիսի գրառումներ են:

Եվ հենց Վանեցյանի այդ հզոր միտքը որևէ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում դնում են, այս նույն խմբերը նույն բանն այնտեղ են գրում: Կներեք, իհարկե, բայց ոնց որ սեռական ինքնաբավարարման պրոցես լինի: Իրենք գրում, իրենք լայքում, իրենք էլ ուրախանում են: Լավ, անում, անում եք, բայց մեր էջերը մի՛ աղտոտեք, անիմաստ ժամանակ մի՛ վատնեք: Ուղարկեք, թող ադրբեջանցիների հետ Յութուբում կռիվ տան, սրտի ուզածի չափ: 

Այսինքն, վիրտուալ բանակներ են ստեղծել, իրար պաս են տալիս, «գրեֆ» են անում, «ադալժիտ» անում: Չգիտենք: Երևի այսպիսի խոսակցություն են տանում. «Ապեր, երկու հատ ցենտր խումբ ունեմ: Մեկը՝ 25 հոգանոց, մյուսը՝ 50: Ո՞րն ես ուզում: Էն 25-նոցը օրը 78 քոմենթ ու 167 լայք ա ապահովում, իսկ էն մեկը վաբշե ժարիտ ա անում. օրը 180 քոմենթ, 300 լայք, որից 190-ը՝ սրտիկով, ուզածդ  ձևի քոմենթ կթողնեն»:

Լավ էլ անում են

Իսկ այս ընթացքում շարունակվում է հայկական «Սանտա Բարբարան»՝ Մարտի 1-ի գործով դատավարությունը: Այստեղ թոփ-նորություն կա. գործով տուժող է հայտնվել, որը հայտարարել է, որ տուժել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործողություններից, այլ Նիկոլ Փաշինյանի: Այդպես էլ հայտարարում է տուժող Սարգիս Եղիազարյանը, որ Մարտի 1-ի գործով իրական պատասխանատուն Փաշինյանն է: 

Կարճ ասած՝ Քոչարյանի թիմը կպցրել է այս անձնավորությանը: Տուժածն էլ ո՞րն է. պարզվում է, իր մեքենան է վնասվել մարտիմեկյան ոճրագործության ժամանակ: Արդեն փաստաբան ունի, որը հասցրել է բացարկ հայտնել մեղադրող դատախազներին:

Այսինքն, Մարտի 1-ի զոհերի հարազատները նման միջնորդություն չեն անում, իսկ ահա ավտոյի դարդ անողը նման քայլ է կատարում: Այստեղ մենք իրեն մեղադրելու բան չունենք: Այդպիսի մարտավարություն են ընտրել, իրենց իրավունքն է: 

Այստեղ ավելի շատ հարցեր կան իշխանություններին, որոնք այնքան քնեցին, այնպիսի դանդաղկոտություն դրսևորեցին, որ հիմա Մարտի 1-ը շուռ են տալիս իրենց վրա: Ավելին, հիմա, ինչպես պարզվում է, դատավարությունը երկարաձգելու նոր ալիք են գտել. ամեն անգամ մի նոր տուժողի «համոզելու» են, որ նոր միջնորդությամբ հանդես գա, դատավարությունը հետաձգվի, և այսպես շարունակ: Մեզ թվում է, որ ավելի շուտ Պուտինի կառավարման ժամկետը կավարտվի, քան այս դատավարությունը:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ