...

Իշխանությունը չհանձնեց քննությունը

Իշխանությունը չհանձնեց քննությունը

Իշխանությունը չհանձնեց քննությունը, ավելի ճիշտ՝ անբավարար ստացավ նաև մարտի մեկի գործով: 

2,5 տարի է՝ Հայաստանում նոր իշխանությունը զբաղված է մեղավորներ որոնելով իրենից դուրս, սակայն փաստն այն է, որ ունենալով կարևորագույն լծակը՝ հասարակության տված 70-տոկոսանոց քվեն, տապալվել է բոլոր ասպարեզներում: Ամենածանր մեղքը, իհարկե, պատերազմն էր, բայց անկարևոր չէ նաև մարտի 1-ի գործը: 

Ի սկզբանե պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, նրան, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին մեղադրյալի աթոռին նստեցնելն ունեին քարոզչական բնույթ: Նոր իշխանությանը շատ արագ պետք էին ցուցադրական դատավարություններ, մեծ աղմուկ՝ հասարակության առջև սեփական գոյությունն արդարացնելու համար: Իսկ փնթի չհաշվարկված, անիմաստ քայլերի համար միշտ էլ մեղավորներ կգտնվեն:
2,5 տարի իբր զբաղվելով դատաիրավական բարեփոխումներով՝ ոչինչ չեն արել, բացի որոշ յուրայինների գործի տեղավորելուց:

Իսկ հիմա՝ Հայաստանն ինքնիշխանության կորստի անդունդը հասցնելուց հետո, դատական իշխանության մասին խոսակցությունները, այդ ասպարեզն իբր նախկիններից մաքրելու և արդարության հասնելու խոստումները ոչ այլ ինչ են, քան սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակի հռչակում:

Գիտեմ՝ շատերին դուր չի գալու ասածս, բայց սառը դատելու դեպքում կտեսնեք, որ եթե դատական համակարգն էլ իրենցով անեն, կդառնան բացարձակապես անվերահսկելի երկրի ներսում: Սառը դատելու դեպքում կհամոզվեք, որ առանց հակակշիռների իշխանությունը Հայաստանի պես երկրում շատ արագ անցնելու է կապիտալը վերաբաշխելու գործընթացին: «Սիրելի ժողովրդի» համար կբեմադրվեն ներկայացումներ՝ թալանը վերադարձնելու թեմայով, սակայն երկիրն ու ժողովուրդը դրանից որևէ օգուտ չեն ունենա:

Ապացույցը մարտիմեկյան դատավարությունն է, որից շահեց միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա վերադարձավ քաղաքական ասպարեզ և իշխանության հայտ ներկայացրեց:

Եվ դատական համակարգն այստեղ մեծ մեղք չունի: Մեղավորը ցուցամոլ, դատարկախոս իշխանությունն է, որովհետև մինչև այսպիսի դատավարություն սկսելը պետք է գոնե ծանոթ լիներ ՀՀ գործող օրենսդրությանը: Պետք է համարձակություն և պատշաճ գրագիտություն ունենար օրենսդրական, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Չուներ և չունի:

Իսկ պատերազմից, պարտությունից և սեփական անմեղսունակությունը ամբողջ թափով ի ցույց դնելուց հետո մարտի մեկի ողբերգությունը դարձրին ծաղրի առարկա: Հետևաբար սրանք իրավունք չունեն դատարաններից և օրենքից խոսելու: Կարծում ենք՝ 2,5 տարին բավարար էր, որ հասարակությունը հասկանա, թե ում է իշխանություն վստահել: Ի դեպ, սխալներն ընդունելը և ուղղելը մարդու և հասարակության հասունության նշան են, իսկ հակառակը վախկոտություն և մանկամտություն է:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ