«Մարտի 1»-ի գործի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, երբ գլխավոր ամբաստանյալը ազատության մեջ գտնվելու, «սկուտեռ» քշելու, Սևանում «զագառ» ընդունելու արանքներում հարցազրույց է տալիս ինչպես տեղական, այնպես էլ ռուսական ալիքներին ու խոսում քաղաքականություն վերադառնալու մասին, երբ Վճռաբեկ դատարանը 2 ամիս է՝ վարույթ չի ընդունում գլխավոր ամբաստանյալին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, երբ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները ստիպված են միմոսության վերածված դատական նիստերը բոյկոտելու որոշում կայացնել, երբ իշխանությունը նման կեցվածք որդեգրելու համար մեղադրում է վերջիններիս, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը փոխակերպվում է նախկինների «սրտի սուդյայի» ու բավարարում դատական նիստերը դռնփակ անցկացնելու՝ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը, այլ բան, քան «իրավական սյուրռեալիզմ» կոչել հնարավոր չէ։ Համաձայն ենք, որ անգամ Կուշտունիցան կերազեր նման երևակայություն ունենալ իր ֆիլմերը նկարելիս։ Այո՛, «սիտուացիան», ինչպես ասում են, այնքան անհեթեթ է, որ այն բնորոշելու համար ստիպված ենք օգտվել Քոչարյանի՝ երկուսուկես տարվա վաղեմության մտքի գոհարներից։
«Սիտուացիան» նաև խիստ ուսուցողական է, որից հետևություն պետք է անեն իշխանության վերին էշելոնների այն հաստակող «թիավարները», որոնք դատաիրավական խարխուլ մակույկով մտադիր են մեծ նավարկություն կազմակերպել ու արդարության կարոտ հանրությանը հասցնել «արդարադատության» ափ։ Ակնհայտ է, որ առաջին իսկ փորձությամբ, այն էլ այնպիսի ծանր ու մեծածավալ բեռով բարձված, ինչպիսին «Մարտի 1»-ի գործն է, այդ փտած մակույկը չի դիմանում, ափեզրից առաջ չի գնում. ծովի ալիքներն ամեն անգամ այն վերադարձնում են «ելման դիրք»։ Այն, որ այդ մակույկը քայքայված ու հյուծված է և չի կարող իրեն հասցնել ծովի խորքերը, որտեղ խեղդվելն անխուսափելի է լինելու, քաջ գիտի մակույկի նախկին թիավարը՝ գլխավոր ամբաստանյալ Քոչարյանը։ Նա ոչ միայն պրոֆեսիոնալ սիմուլյանտ է և, երբ պետք է, կարող է խեղդվողի իմիտացիա ցուցադրել, այլև նույնպիսի թիավար ու լողորդ, որն օժտված է նաև փոխակերպման բացառիկ շնորհով ու վտանգի պահին կարող է ընդհուպ ծովահրեշի վերածվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այնպես որ՝ ծովն ու մակույկը նրա համար ոչ թե սպառնալիք են, այլ ապահովության երաշխիք ու փրկօղակ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի գիտակցել իր նախաձեռնած նավարկության ողջ լրջությունն ու մակույկը չի փոխարինել սարքին նավով։
«Սպրուտից» «շլանգ» մեկ քայլ է
Փոխակերպման շնորհով օժտված Քոչարյանը, ինչպես դեպքերն են ցույց տալիս, կարողանում է ոչ միայն ասունից արագ փոխակերպվել ծովահրեշի, այլև ան-ասունի՝ ռետինե խողովակի։ Ընդ որում, նա այդ ձեռքբերովի շնորհով կարողացել է օժտել վերջին տարիներին իր հետ սերտ շփում ունեցողներին՝ փաստաբանական թիմին։ Ասվածի ապացույցը ՌԲԿ-ին տված նրա հարցազրույցի այն հատվածն է, որտեղ խոսում է «Մարտի 1»-ից։ Պարզվում է՝ նրա փաստաբանները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչում են իրեն մեղադրում։ «Ամեն շաբաթ` դատական նիստ` երեքշաբթի օրերին: Ես ինձ համար առանց երեքշաբթիի օրացույց եմ կազմել: Ինձ մոտ երկուշաբթի է, հետո`չորեքշաբթի, հինգշաբթի և այլն: Դա, իհարկե, ժամանակի բացարձակ կորուստ է, անհեթեթ մեղադրանքներ... Նախագահին մեղադրել իր սահմանադրական պարտականությունները կատարելու մեջ, դա մի տեսակ իրավական աբրակադաբրա է, և մենք ավելի շուտ փորձում ենք ոչ թե դատավորին կամ դատարանին, այլ ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` մեզ մոտ դա ստացվում է»։
Փաստորեն, ռետինե խողովակի փոխակերպվելու գործընթացը ուղեկցվում է ցինիզմի «высший пилотаж» ցուցադրելով, «Մարտի 1»-ի գործով 12 տարի արդարադատության սպասող հանրությանն ուղղված դառը ծաղրով ու ձեռառնոցիով։ Վստահ ենք, որ հենց այս վերաբերմունքն այլևս չհանդուրժելու պատճառով էլ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները կայացրել են վերոհիշյալ որոշումը։ Իսկապես՝ գնան, ժամանակ վատնեն ռետինեխողովակային օրակարգով նիստերին, որ ի՞նչ անեն։
Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին
Դատելով Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունից, ձգձգվող դատական ֆարսի պատճառը ավելի տրիվիալ է, քան մենք պատկերացնում էինք. փաստորեն, նրա փաստաբանները հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն։ Մոտ 80 հատորանոց գործն արդեն տևական ժամանակ՝ կարդում են ու այդպես էլ չեն հասկանում։ Հավանաբար դիսլեքսիայով են տառապում, բոլորը միաժամանակ, այլապես մեկուկես տարում կզբաղվեին ոչ թե սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստելը տապալելով, այլ կայցելեին «հասկանալու տեսության և պրակտիկա»-ի խորացված դասընթացների՝ թույլ տալով, որ վերջապես սկսվի բուն դատաքննությունը։ Բայց չէ, չհասկացողների այս խմբակը իրենց չհասկացածը չհասկանալու տալու համար նախ՝ դիմեց «Հրայր Թովմասյան և ընկերներ» ՓԲԸ-ին՝ հանրությանը հայտնի ՍԴ անունով, սա էլ իր հերթին դիմեց Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ, սպասեց մոտ 10 ամիս, մինչև որ այս երկու միջազգային կառույցները չհասկացողներին հասկացրին իրենց չհասկացածը։ Թվում էր, թե նման բարձր ատյանների բացատրական աշխատանքից հետո ճեղքում կունենանք գործում, սակայն՝ ոչ… չհասկացողների այդ խմբակը որոշեց ավելի առաջ գնալ ու իր չհասկացածի մասին հասկացնել, բացատրել… ոչ դես, ոչ դեն՝ ժողովրդին։ Սա իրավական սյուրռեալիզմ չէ, և ոչ էլ նույնիսկ «աբրակադրաբրա», այլ սովորական անպատկառություն, ժողովրդին ռնգեղջյուրացնելու փորձ, որը, դատելով Քոչարյանի հավաստիացումից, «ստացվում է»։ Սա մեզ հիշեցրեց մի ինտիմ իրադրություն (ներողություն ենք խնդրում «Մարտի 1»-ի զոհերի հարազատներից նման կոպիտ համեմատության համար), երբ ամուսինն ու երեխաները կնոջը (մորը) բռնացնում են հանցանքի ամենաթունդ պահին՝ օտար տղամարդու հետ անկողնում թավալվելիս, իսկ կինը փորձում է ապացուցել, որ տեղի ունեցածն «այն չէ, ինչ մտածում են». ընդամենը մարմնի խիստ բնական, ավելին՝ «սահմանադրական ցանկությունների» բավարարում, որին ինքը ստիպված է եղել դիմել՝ հանուն իր առողջության ու իրենց ամուսնական դաշինքի ամրապնդման։ Եվ ահա, բարոյականության մասին այսպիսի խեղված պատկերացում ունեցող կինն իր արարքի լեգիտիմ լինելը փորձում է արդարացնել «այն ինչ բնական է, նաև բարոյական է» թեզին հղում անելով։ Սա կոչվում է «моральное уродство», ուրիշ ոչինչ։
Երեքշաբթի վաճառողները
Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից հատուկ օրացույց կազմելուն, որտեղից ինքը հանել է երեքշաբթին, քանի որ այն դատական նիստերի օրն է, ապա «Մարտի 1»-ի դատավարության մեկնարկից հետո օրացուցային հատուկ ռեժիմով է ապրում նաև հանրությունը։ Օրացույց, որտեղ շաբաթվա բոլոր օրերը «բացակայում» են և հատուկ շրջանակի մեջ են առնված այն «երեքշաբթիները», որոնք նշանակված են որպես դատական նիստի օրեր։ Շուրջ մեկուկես տարի՝ Քոչարյանն ու նրա փաստաբանական թիմը զբաղված են եղել երեքշաբթիավաճառությամբ՝ միտումնավոր կերպով մի քանի տասնյակ երեքշաբթիներ խլելով պետությունից ու հանրությունից՝ մսխելով պետական ռեսուրսը, խոչընդոտելով արդարադատության իրականացումը։
Հեղինե Մանուկյան
Հ․Գ․ Հասկանալու հետ պրոբլեմ ունեցողների այդ խումբը հավանաբար չի հասկացել կամ իր ուզած ձևով է հասկացել «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում» ասացվածքը և այս ողջ ընթացքում, ամեն երեքշաբթի զբաղված է հիվանդին իր միջնորդություններով հյուծել-դանդաղ մեռցնելով։ Իսկ ինչո՞վ է զբաղված վերջինիս մահվան ելքը կանխարգելելու պարտականություն ստանձնած իշխանությունը։ Փաստացի՝ ոչնչով, քանի որ այն ևս հասկանալու հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, հույսը դրել է հիվանդի դիմադրողականության վրա։ Ընդամենը։
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020