Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության բորբոքումը պայթեցրեց այն քարոզչական փուչիկը, որը շուրջ երկու տարուց ավելի է` նախկին ռեժիմի պրապոգանդիստները բաց էին թողել հետհեղափոխական Հայաստանի երկնակամար:
Մասնավորապես Քոչարյանին սպասարկող մամուլը անցած երկու տարիներին «վերելակային պայմանավորվածությունները» շահարկելուն, Փաշինյանի` Ալիևին տված «կիրթ» բնորոշումը երեստվանք դարձնելուն զուգահեռ միաբերան գուժում էր պատերազմի վերսկսման մասին: Դեռ անցյալ տարեվերջին մի ուշագրավ վերլուծություն էր տիրաժավորվում, ըստ որի` մինչև 2019-ի վերջ ու 2020-ի սկիզբ, ավելի ստույգ` հունվարի առաջին տասնօրյակը, Արևմուտքի հրահրմամբ նոր ղարաբաղյան պատերազմ է սանձազերծվելու, որը լինելու է Փաշինյանի կողմից ԼՂ բանակցությունները «միտումնավոր և վերջնականապես» ձախողելու հետևանք: «Ադրբեջանը Ամանորին մոտ «ստիպված» հարձակում է գործում, քանի որ այլևս «չի դիմանում», խաթարված հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների պայմաններում մենք մեն-մենակ ենք մնում հակառակորդի հետ և մեր վարկաբեկված գեներալների («ժողովրդի պատուհանների վրա կրակող, թալանչի, տռուսիկ-մայկա գողացող») ղեկավարած բանակը տանուլ է տալիս և տարածքներ կորցնում»,- գրվել էր հիշյալ «անալիտիկայում», որից ստիպված ենք որոշ մեջբերումներ անել նախկինների ագիտպրոպի եղկելիությունը ցույց տալու համար: Սույն շարադրանքի գլխավոր մեխն այն էր, որ Փաշինյանի այս ծրագրի իրագործմանը կարող է խանգարել բացառապես Ռոբերտ Քոչարյանը, «եթե, իհարկե, գտնվի ազատության մեջ», ինչպես նաև դադարեցվի նրա նկատմամբ քրեական հետապնդումը: «Նա կարող է միջնորդի նշանակալի դեր ստանձնել և անձամբ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Որպես մեկը, ով անգիր տիրապետում է կարգավորման մանրամասներին, նա կարող է գործընթացի առողջացման ազդակներ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբին և չեզոքացնել Փաշինյանի անփորձության հանգամանքը։ Մեր տեղեկություններով, Քոչարյանը լրջագույն կապեր ունի նաև Իրանի քաղաքական շրջանակներում, ինչն անշուշտ օգտագործվելու է՝ պատերազմը կանխելու համար։ Իսկ Քոչարյանի հեղինակությունը Արցախում կարող է առնվազն կրկնապատկել արցախցիների մարտական ոգին, ինչն ակնհայտ է»։
Ասվածի միակ ճիշտ դրվագն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին, իրոք, տեղի ունեցան ռազմական գործողություններ: Բայց դրանք ենթադրելի էին` հաշվի առնելով համաճարակի հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը,այս ամենի ֆոնին Ադրբեջանի ներքաղաքական պայթյունավտանգ զարգացումները, այն շրջափուլը, երբ ուրվագծվում է ապագայի` «հետհամաճարակային աշխարհակարգը»: Ինչ վերաբերում է մնացած կանխատեսումներին ու պնդումներին, ապա հանգամանքները ցույց տվեցին, որ դրանք ոչ միայն խելացնորության ժանրից էին, այլև շրջվեցին դրանք շրջանառողի դեմ` հայտնի ասացվածքի տրամաբանությամբ, երբ մախաթը մտնում է այն սրողի համապատասխան տեղը: Ապացուցվեց, որ Քոչարյանի` ԼՂ խնդրի կարգավորման հարցում ազդեցիկ դերակատարման մասին խոսակցությունները մեղմ ասած փուչ էին և ուռճացված, քանի որ պայթյունավտանգ զարգացումներից մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ կալանքից ազատված նախկին նախագահը, որի թուրն իբր թե աջ ու ձախ պետք է կտրեր անգամ երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, ոչ միայն չկարողացավ կանխել պատերազմի վերսկսումը` քիմիական ու այլ` իրեն հայտնի «կապի» միջոցներով ազդակներ ուղարկելով Պուտինին, Իրանին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլև կանգնեց իր համար դառը ու ցայսօր այդպես էլ չմարսվող փաստի առաջ: Փաստ, որ հայկական զինուժը ոչ միայն տանուլ չտվեց պատերազմն ու տարածքային կորուստներ չունեցավ, այլև ռազմական ձեռքբերումներ արձանագրեց, որոնց «գույքագրման» մասին խոսելն առայժմ ժամանակավրեպ է` դիվանագիտական մի շարք նրբություններ հաշվի առնելով:
Քարոզչական պսիխոզ
Ինչ էր մնում այսքանից հետո անել քոչարյանական ագիտպրոպին` իր որդի-փեսա-բաջանաղ-աներձագերով ու պոլիտ-դամքաշներով` հարամել չմարսվածը: Հասկանալով, որ հայկական զինուժի ձեռքբերումներն ի չիք են դարձնում վերոհիշյալ քարոչական թեզն ու ամրապնդում են Ն. Փաշինյանի լեգիտիմության դիրքերը, ոչ միայն համազգային համախմբման կոչ չարեցին, ոչ միայն շարունակեցին իշխանափոխության կուլիսային քննարկումները, այլև սկսեցին խրամատ փորել ռազմական և քաղաքական ղեկավարության միջև` զինուժի հաջողությունները համարելով բացառապես զինվորական կորպուսինը, որի հետ ո'չ կառավարությունը, ո'չ էլ առավել ևս դրա ղեկավարը, ըստ նրանց, կապ չունեն: Ավելին` դրանք արձանագրվել են գերագույն-գլխավոր հրամանատարի` բանից բեխաբար լինելու պայմաններում և անգամ ի հեճուկս նրա: Ինչպես ասում են` այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:
Ու այդ ողբերգականության մասին վկայող ամենալացացնող մենախոսությունը որդի Քոչարյանի գրառումն էր տավուշյան հայտնի գործողությունը ղեկավարած` սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովի որդու մասին. «Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է»: Հարց Լևոնին` իսկ ի՞նչ պետք է աներ Խաչատուրովը, չլինի՞ թե Նիկոլի «ինադու», «հանուն հոր ու որդվոյն...» տապալեր սահմանի պաշտպանությունն ու հանձնվեր թշնամուն: Ի սեր Աստծո...
Տավուշյան դեժավյու
Երբ հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց Յուրի Խաչատուրովին, մեկ այլ գործով էլ` Մանվել Գրիգորյանին, երբ ՀՀ ԶՈՒ-ում որոշակի կադրային փոփոխություններ տեղի ունեցան, նույն այդ նախկինների ագրեսիվ, ձվի մեջ մազ, մազի մեջ ձու փնտրող քարոզչությունը սկսեց ամենակեղտոտ շահարկումները բանակային ղեկավարության թեմայով` իշխանությանը մեղադրելով գեներալիտետին հալածելու, բանակի նվիրյալների վարձք ու վաստակի մեջ թքելու, նրանցից քրեական հանցագործ սարքելու մեջ: Այս քարոզչության հեղինակների համար, փաստորեն, ուսադիրներ կրելը ինդուլգենցիա է և ազատում է բոլոր տեսակի ու մասնավորապես քրեական պատասխանատվությունից. այստեղ խոսում է հին ու հանցավոր իներցիան:
Ինչ վերաբերում է «հալածյալ» Խաչատուրովի որդի Գրիգորին, ապա նա, ի դեպ, ուսադիրների բարձրացում ունեցավ Փաշինյանի օրոք: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի հրամանագրով 2019-ի սեպտեմբերի 20-ին Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Կարճ հիշողություն ունեցողներին հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոսի 18-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի շուրջ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի անվտանգության ապահովման ժամանակ հայկական զինուժին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել և չեզոքացնել Ադրբեջանի կողմից Չինարի գյուղի, հայ-վրացական գազատարի և հայ-վրացական ռազմավարական կարևոր ճանապարհի գնդակոծման փորձերը: Գործողության գրագետ ղեկավարմամբ և իրականացմամբ, ըստ հրամանագրի, աչքի ընկնելու համար էլ Խաչատուրովը հիշյալ կոչմանն արժանացավ:
Գի՛ր սիրե, ղալա՛մ սիրե, գեներա՛լ սիրե
Քանի որ խոսք գնաց գեներալիտետին «հալածելուց», ապա նշենք, որ անցած երկու տարիների ընթացքում վարչապետի առաջարկությամբ բարձրաստիճան զինվորականներից ոմանք «հալածվել» են` «պագոնները» բարձրացնելու մեթոդով: Մասնավորապես Կապի զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանը, Հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը, Հրթիռային զորքերի և հրետանու պետ Արմեն Հարությունյանը ստացել են գեներալ-մայորի կոչում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ (այժմ` ԳՇ պետ) Օնիկ Գասպարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ (արդեն նախկին) Արտակ Դավթյանը` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: (Գեներալիտետի ձևավորման, առաջխաղացման գործընթացներ են տեղի ունեցել նաև Արցախի պաշտպանության համակարգում): Չմոռանանք նշել գեներալիտետի հանդեպ հալածանքի ևս մեկ ցցուն օրինակ. վերականգնվել է նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը, որից նա զրկվել էր ճիշտ 20 տարի առաջ` Քոչարյանի օրոք ու նրա ձեռամբ: Հիմա ո՞վ է հայրենասերն ու գեներալասերը:
Հեղինե Մանուկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020