...

Լավ, բա էն Չարչյանի՞ն ինչի բռնեցիք

Լավ, բա էն Չարչյանի՞ն ինչի բռնեցիք

1999 թվականի վերջում, Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խնդրանքի, որ կառավարությունը գումար հատկացնի քաղաքապետարանին, իր հայտնի արտահայտություններից մեկն արեց. «Փողի վրա նստած, փող եք ուզում»:

Այդ արտահայտության իրական իմաստը հետո պարզ դարձավ, երբ Բազեյանին հանեցին, սկզբից Ռոբերտ Նազարյանին, հետո՝ Երվանդ Զախարյանին նշանակեցին քաղաքապետ: Ու սկսվեց Երևանը գեղի կլուբի վերածելու հայտնի գործընթացը, որի ընթացքում մեր իշխանավորները ահռելի փողեր էին աշխատում. որտեղ պատահի, շենք էին կառուցում, Երևանի կենտրոնից վտարեցին հազարավոր քաղաքացիների, կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ ստեղծվեցին: Օրինակ՝ վեց հարկանի շենքի շինարարության թույլտվություն էին տալիս, հետո՝ դրանից բարձր ամեն հարկ կառուցելու համար 50 հազ. դոլար պիտի դնեիր փողի վրա նստած մարդկանց գրպանը: 

Մենք սա հիշեցինք, տեսնելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ ծավալվող զարգացումները: Ալբերտ Բազեյանը բավական ազնիվ ու պարկեշտ անձնավորություն էր, այնքան ազնիվ, որ չգիտեր, թե կաշառքը ոնց են վերցնում: Քոչարյանին ամենաշատը դա էր ներվայնացնում, որ Բազեյանի միջոցով փող աշխատել հնարավոր չէր: Ի տարբերություն Մազութի Երվանդի:

Մեր մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայկ Մարությանի դեմ նույն պատճառներով է արշավ սկսվել: Ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Երևանի ավագանու «Իմ քայլի» ներկայացուցիչները, որոնք իշխանությունների դամն են պահում, չեն ասում՝ Հայկ Մարությանը էֆեկտի՞վ կառավարիչ է, թե՞ ոչ, արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ: Ընդամենը մի բան են ասում. մեզ ընտրություններում չի աջակցել: 

Հիմա մենք պատասխան հարցն ենք տալիս իշխանություններին. իսկ դուք աջակցում էի՞ք Հայկ Մարությանին, երբ նա այդ աջակցության կարիքն ուներ: Քանի՞ անգամ Հայկ Մարությանը հրապարակավ բողոքեց, որ մասնավորապես ապօրինի շինությունների հետ կապված մի շարք օրինագծեր է ներկայացրել կառավարությանը, ու դրանք բոլորը մերժվել են: Ակնհայտ է, չէ՞, որ ապօրինի շինությունների հետ կապված օրենսդրական բացեր կան, որոնցից էլ օգտվելով, Երևանի տարբեր թաղամասերում, աջուձախ ով ինչ ուզում, սարքում է: Աջափնյակի դեպքերը դրա վառ օրինակն էին: Ու Հայկ Մարությանն այս կռվում մենակ է մնացել: Ու ամբողջ հարվածն իր վրա է ընկնում: Էս հարցի վերաբերյալ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մի բան լսած կա՞ք: Աջակցության խոսք, ապօրինի շինությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին որևէ տեսակետ, Մարությանի կողքին կանգնելու պատրաստակամություն: Ոչ մի բան: 

Մարությանն ասում է՝ կազմակերպված բանդաներ են գործում շինարարության ոլորտում, Նիկոլ Փաշինյանն արձագանքե՞ց, ասեր՝ սպասեք, տեսնենք՝ էդ ինչ բանդաներ են, գանք, ասֆալտին փռենք: Բացահայտ, օրը ցերեկով Հայկ Մարությանի դեմ ինչ ասես, որ չեն անում: Բանը հասել է նրան, որ Դավիթաշենում գիշերը տրակտոր էին այրել՝ մտածելով, որ դա այն տրակտորներից է, որը Աջափնյակում ապօրինի շինություններ է քանդել: Թեպետ բացարձակ կապ չի ունեցել այդ ամենի հետ, մասնավոր տրակտոր է: Ընդ որում՝ տրակտորիստը երկու տրակտոր է ունեցել. մեկը պատերազմի ժամանակ ուղարկել է Շուշի, որ այնտեղ պաշտպանական բնագծեր ու խրամատ փորի, անցել է հակառակորդի ձեռքը, իսկ երկրորդն էլ այստեղ են այրել: Կոպիտ ասած՝ ներքին թուրքից է տուժել:

Դրա համար ենք ասում. Հայկ Մարությանից ազատվելու դրդապատճառները քաղաքական չեն, ինչպես հայտարարում են իշխանությունները, այլ՝ զուտ սեփական Երվանդ Զախարյան են ցանկանում այդ պաշտոնում տեսնել: Որ ոնց ասեն, այդպես էլ անի: Ու Մարությանին հանելու ցանկությունը նոր չէ, որ առաջացել է. դա սկսվել է շատ ամիսներ առաջ, երբ կառավարությունը դադարեց նրան աջակցել, ընդառաջել նրա օրենսդրական նախաձեռնություններին: 

Հ.Գ. Արայիկ Հարությունյանը «Ազատության» եթերում ասել էր. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: 

Մեր մոտ միանգամից հարց է առաջանում. եթե խնդիրը դա է, այդ դեպքում ինչի՞ եք Արմեն Չարչյանին բռնել: Արմեն Չարչյանն էլ է ակներև աջակցություն հայտնել: Այսինքն՝ Հայկ Մարությանը պիտի սաղին հավաքեր քաղաքապետարանում, ասեր՝ նայեք հա, կգնաք ընտրությունների, հատ-հատ ստուգելու եմ: Ձեռիցս չեք պրծնի: Այսինքն՝ Արմեն Չարչյանը ձեր թայֆայից լիներ, ձեռք չէիք տալո՞ւ: Ուրեմն, բաց թողեք այդ մարդուն, եթե ակներև աջակցության մեջ է խնդիրը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ