...

ՇՄԱԳ կամ Նիկոլը մտածում է

ՇՄԱԳ կամ Նիկոլը մտածում է

ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել: Պարզ համառոտ նախադասություն:

...Եվ մինչ Նիկոլը մտածում էր` Բեյրութում պայթյունը եղավ: Եվ մինչ Նիկոլը մտածում էր, Հայկոն որոշեց Մաշտոցի պուրակի հարցը լուծել: Եվ մինչ Նիկոլը մտածում էր` Ֆիրդուսը` լակմուսի թուղթ` լիիրավ բացահայտեց իրեն կառուցապատողների ինքնությունն ու դրանց հետևում կանգնածների ինքնությունը: Եվ մինչ Նիկոլը մտածում էր` Մեսչյանը դարձյալ հրաժարական տվեց քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և գուցե դարձյալ վերադառնա Բոստոն, Մասսաչուսեթս` ԱՄՆ, ինչպես անցյալ դարի իննսունականներին արեց: Եվ մինչ... դե էսքանն էլ առայժմ:

Եվ ինչ էր արդյոք և ինչ է արդյոք մտածում Նիկոլը: Ի վերջո` հեղափոխությամբ, որպես նրա միակ և միանձնյա ղեկավարն ու կուռքը, որպես նրա անկրկնելի գուրուն ու որպես հետևողական կամքի ու ավյունի տեր անհատ, նա, ինչպես հայ ժողովուրդն է ասում` «մտածելու բան չուներ» 2018-ից ի վեր: Հեղափոխությունը հաղթել էր, ինքը` դարձել այլևս ԵՐԿՐԻ միակ և միանձնյա ղեկավարն ու կուռքը, նրա անկրկնելի խորհրդանիշն ու հետևողական կամքի ու  ավյունի տեր ՎԱՐՉԱՊԵՏԸ: Եվ պարզվել էր` մտածելու և գործելու շատ բան կա` մի ամբողջ երկիր: Պարզվել էր: Իհարկե` ոչ: Իհարկե հեղափոխությունն ինքնին տեղի ունեցավ, որովհետև հենց այդպես էր` մի ամբողջ երկիր մի ամբողջ ռեժիմի տակ մի ամբողջ քսանամյակ կործանվում էր: Եվ ուրեմն պետք էր թևքերը քշտել ու գործի անցնել: Այդպես էլ վարվեց Նիկոլը: Թևքերը քշտեց: Գործի անցավ:

Եվ ուրեմն ես երկար պիտի հիմա թվարկեի արած գործերը: Բայց բոլորդ էլ գիտեք: Ու չարած գործերը: Դա էլ ավելի քան գիտեք: Բայց ինձ հուզում է ՖԵՆՈՄԵՆԸ, ԵՐԵՎՈՒՅԹԸ, երբ սրընթաց անցնող այս ժամանակի մեջ մեկ էլ ու ՇՄԱԳ: ՇՄԱԳ` Շրջակա միջավայրի աղտո... և այլն: Ինչպես է հնարավոր բոլոր-բոլոր խաղաքարերն ու խաղաթղթերը, քայլերի առաջնահերթության իրավունքն ու ժողովրդի ու երկրի միարժեք ու անվերապահ աջակցությունն ունենալով հանդերձ` գալ ու դեմ առնել ՇՄԱԳ-ի: Կամ Ֆիրդուսի: Կամ Մաշտոցի: Կամ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի խնդրին: Կամ չափորոշիչների, կամ... ընդունելության քննությունների: Կամ... եսիմ: Այսինքն՝ ֆենոմենալ է: Սովորական, պարզ կառավարում և տրամաբանություն պահանջող բաներից մինչ բարդագույն ու դժվար լուծումներ պահանջող բաները, ի տարբերություն մնացած տեղի ունեցող բաների` ՏԵՂԻ ՉԵՆ ունենում: Եվ այդ ամենը` նույն Նիկոլով և նույն կառավարությամբ:

Ըստ որում` այս ԲՈՒՆ, տեղի չունեցող բաները հենց սոցիալական դժգոհություն ու փոթորիկ բարձրացրած այն շարքից են, որ և հեղափոխության պատճառը դարձան. վայրենի քաղաքաշինություն և վայրենի հանքարդյունաբերություն` Հայաստանի քաղաքացուն ու նրա որևէ ապագայի իրավունքը մամլիչով ոտնատակ տված այլանդակություններ: Ամուլսար, Սոթք, Քաջարան, ու էլի, Արամի փողոց, Ֆիրդուս, Մաշտոցի պողոտա` Երևանում: Մշակութային ու կրթա-գիտական քաղաքականության սերժական պատուհասի փոխարինում այդ քաղաքականությունների կամ բացակայությամբ, կամ արկածախնդրային «արայիկյան» ֆոկուսներով` հոպլյա: Մաթևոսյանի կենտրոնի կառուցման և ավարտման փոխարինում ԿԳՄՍ սուպերնախարարության և սուպեր-քաղաքապետ Հայկոյի անսեռ ու անկապ գրագրությամբ ու մտքերի ձեռնաշարժությամբ: Շրջակա միջավայրի անհասկանալի նախարար, իբր պատշաճ կրթության ու մասնագիտական իբր հմտության տեր Էրիկի փոխարինում Կոտայքի Ռոմանոսով, որ շրջակա միջավայրի հետ ոչ մասնագիտական, ոչ էլ փորձառական կապ ունի, ոչ էլ երբևէ կունենա: Եվ «գործի գալու» երկրորդ օրը Ռոմանոսի կանգնեցում ամուլսարյան նոր էսկալացիայի փաստի առաջ ու խնդրի առաջ նրա իբր անզորության հաստատագրում: Որ ինչ: Հանուն ինչի:

Մինչդեռ թվարկածս այս ողջ «թնջուկը» ծաղր է մի պարզ պատճառով. այս ողջ իբր կուտակված իբր աղբը կառավարության ՄԵԿ ՆԻՍՏԻ առաջին քսան րոպեում վերջացնել-առաջ գնալու հարց է: Ու նույնիսկ առանց կառավարության նիստի ու առանց քսան րոպեի վերջացնել-առաջ գնալու հարց է: Ճիշտ ինչպես պարգևավճարների, ճանապարհների կառուցման, ներդրումների խրախուսման, ցածր տոկոսով կամ անտոկոս վարկերի տրամադրման հարցերը: Չէ՞ որ, ասենք ՇՄԱԳ-ը, Ամուլսարի ՇՄԱԳ-ը պարզապես պետք է ուժը կորցրած ճանաչել: Վերջակետ: Չէ՞ որ Ֆիրդուսում և Մաշտոցի պուրակում իրականացվողը պարզ, հակամշակութային, հակահեղափոխական, հակամարդկային, հակամիջավայրային կրիմինալ է: Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ...

Բայց ահա ուրեմն Նիկոլը, Հայկոն, Արայիկը, Ավինյանը, Սիսեռյանը, ... համոզված են որ նախկինների սկսածը իրենք պիտի ավարտեն ու շարունակեն, քանի որ նախկինների սահմանած օրենքները, կանոնները, սուբորդինացիան, և վերջապես նախկինների բոլոր-բոլոր ցանկությունները սուրբ են կամ սրբադասված, և ուստի` անբեկանելի: Բառացի այդ է ասում Հայկոն իր ասուլիսում, երբ քննադատում է նախկիններին, այդ է ասում Սիսեռյանը, երբ մանիպուլյացիաներ է անում ու փորձում խաբել հանրությանը, այդ է ասում Արայիկը, երբ նախկիններից քարը քարին չի թողնում իր հրաշունչ ելույթներով, բայց գործում է նրանց նախանշած ընթացքով ու տրամաբանությամբ: Այո, սա աբսուրդ է և զավեշտ: ԱՅՍ մարդիկ փաստացի և տառացի պնդում են, որ բոլոր նախկինները հանցագործ են, բայց նրանց ստանձնած ու հիմա էլ իրականացվող ծրագրերը` սրբություն, քանի որ նախկինների օրոք հիմնավորվել են և նրանց օրենքով ՀԻՄԱ են տեղի ունենում:  

Եվ այլևս պարզ է` ինչու Մեսչյանին բերեցին և հետո ինչու ճամփեցին: Բերեցին, որ հազարավոր շինթույլտվություններ տան Դալմայի այգիներից մինչ Ֆիրդուս ու Մաշտոցի պուրակ ու «Ֆիզիկայի քաղաք», ճամփեցին, որովհետև ինքն իրենն արել էր, մի հինգ-վեց տարվա հեռանկարով հենց իր համար մի գոնե քսան մեծ նախագիծ երևի վերցրել է` գնա` փակվի` նկարի` փող աշխատի: Քաղաքաշինությունը, ԱՅՈ, բիզնես է, տղերք: Եվ եթե վաղը Արայիկն ու Հայկոն Մաթևոսյան կենտրոնի մոտի զբոսայգի-պուրակը բիզնեսկառուցապատմամբ ոչնչացնելու ծրագրով հանդես գան` պարզ կդառնա ինչու Նիկոլը չի կառուցում-ավարտում Մաթևոսյան կենտրոնը: Այսինքն... ինչու «մաթևոսյանապաշտ» Նիկոլը մի կոպեկ փող չի հատկացնում մի շենքի շինարարությունն ավարտելու և գործարկելու համար: Մի շենք, որի կառուցմանը «մաթևոսյանատյաց» Սերժը ինը հարյուր հազար ԱՄՆ դոլար փող էր հատկացրել:

Երկու տարին հսկա ժամկետ է շինելու և ավելի քան հսկա` ավերելու: Երկու տարին հսկա ժամկետ է վարկանիշ, մանավանդ սեփական վարկանիշը հետևողականորեն ոչնչացնելու համար:

Մինչ Նիկոլը մտածում է` արտաքին մարտահրավերները` կորոնավիրուսից մինչ աշխարհաքաղաքականություն` Բեյրութի պայթյունը մեզ նվեր` ծեծում են երկրիս դուռը ամենևին ոչ Սանթա Քլաուսի նվերներ բաժանելու համար և դռան ամրությունը ներսում կայացածի ու կառուցիկի որակական գերակայությունից է կախված, այլ ոչ անցած հանցախմբի փողերի լվացման գործընթացի օրինական «նայող» հանդես գալու դերը ստանձնելուց ու լակոտախմբի խուլիգանությունը որպես «խենթություն» մատուցելու մեդիա-հնարամտություններից: Նա դրանով երկիրը հազիվ թե կարողանա քանդել` պարզապես այսպես ավերակ, թեև ասֆալտած վիճակում կթողնի: Նա դրանով իր տունն է քանդելու և դառը քամահրանք ու անեծք է վաստակելու:   

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ